Ես հեղափոխական չեմ: Միևնույն ժամանակ՝ ինչ որ գրում եմ պատեհապաշտություն չէ, ոչ էլ` փորձ «ճամբարային» հրապարակախոսության կամ եղած «թրենդներին» ձայնակցելու: Այլ՝ տարածության ու ժամանակի հեռավորությունից (որքան էլ տարօրինակ թվա) կատարվածն ու կատարվելիքը գնահատելու փորձ:
Ես հեղափոխական չեմ: Պահպանողական եմ` իմ բնույթով, էությամբ: Ինձ տանը «ռետրո» են ասում, որովհետև դեռ ունեմ և օգտագործում եմ ժապավենային կասետներ ու ձայնասկավառակներ (пластинки):
Ես հեղափոխական չեմ, բայց առավել քան վստահ եմ, որ Նիկոլի կենացը խմելու են սերունդները: Մենք դեռ «տաք ենք» ու հաշիվ չենք տալիս մեզ, թե ինչից ազատվեցինք, ինչից «պրծանք»: Ավելի ճիշտ ձևակերպեմ` թե ինչից ազատվելու ռեալ հնարավորություն, շանս ենք ստացել: Ստացել է մեր երկիրն ու ժողովուրդը, ստացել իբրև մեծ պարգև Աստծուց կամ Մեծն Ժամանակից (ինչպես կուզեք):
Հայոց փոքրիկ նորանկախ պետությանը մեծ Ախտ էր (այստեղ և հաջորդիվ կարդա նաև՝ «է») պատել: Մի հրեշ, որի անունն է կոռուպցիա: Փողի ու իշխանության պաշտամունքի, ապօրինության ու կամայականությունների արժեքների վրա հիմնված կլանային ու կոռուպցիոն մի գարշելի համակարգ: Մի համակարգ, որը խժռում և ոչնչացնում էր մեր երկիրը: Մի համակարգ, որը չարորակ ուռուցքի նման մետաստազներ էր տվել մեր կյանքի ու հասարակության բոլոր խորշերը: Մի համակարգ, որ վարակել էր ամենքին ու ամեն ինչ: Եվ որը ինքն իրեն վերարտադրում էր, վերարտադրում անընդհատ ու անհրաժեշտաբար, փակ շրջապտույտի մեջ:
Մի հարյուր մարդ (տմարդի) «գերի» էր վերցրել մի ամբողջ երկիր ու ժողովուրդ, հարստահարում ու ստրկացնում էր, կեղեքում ու նսեմացնում, զրկում արժանապատվությունից, վտարում հայրենիքից: Մենք դուրս եկանք ինքն իրեն վերարտադրող համակարգի այդ շրջապտույտից, սատանայական այդ փակ շղթայից: Դուրս եկանք անցնցում ու անարյուն, դուրս եկանք առանց գեթ մեկ զոհի ու առանց մեկ կաթիլ արյան: Արդյոք սա հրա՞շք չէ: Մենք մեզ հաշիվ տալի՞ս ենք արդյոք, թե ինչից ենք պրծել: Ինչից է ազատվել համաշխարհային ալեկոծումների օվկիանոսում գտնվող մեր փոքրիկ ու փխրուն պետությունը, հազարամյակների «գողգոթաներով» անցած ու նորագույն ժամանակներ հասած մեր մի բուռ ազգը, մեր խեղճ ժողովուրդը: Մենք որևէ այլ շանս, այլ հնարավորություն ունեի՞նք դուրս գալու սատանայական այս շրջապտույտից, որևէ այլ տարբերակ կա՞ր ազատվելու համակարգային այս քաղցկեղից… Մենք լա՞վ ենք գիտակցում, ըմբռնում, հասկանում Պատմության կողմից մեզ տրված այս շնորհը…
Այո, կրկնում եմ` Նիկոլի կենացը դեռ հոտնկայս խմելու են որպես պատմական այս ժամանակահատվածում մեր երկրի ու ժողովրդի համար անհրաժեշտաբար հայտնված մարդու: Եվ սա անձի խնդիր չէ, այլ` պատմական դիալեկտիկայի: Եվ բոլորովին կռապաշտություն մի համարեք նրա պատկերով աքսեսուարների լայն մասսայականությունը հեղափոխության օրերին: Սա աննախադեպ բան էր մեր նորանկախ երկրի պատմության մեջ: Բայց սա անձի պաշտամունք չէ: Մեր ազգը կռապաշտ չէ (Րաֆֆու Սամվելը վկա :-): Դարերի հորձանուտով անցած և քաղաքակրթական փորձություններ տեսած մեր ժողովուրդը վաղուց արդեն կռապաշտ չէ: (Ոչ էլ մեծ հաշվով` աստվածապաշտ): Մեր ժողովուրդը ներքին իմաստնություն ունի և ժամանակին նկատեց այն առաջնորդին, ում շուրջը պիտի համախմբվի, որպեսզի փրկվի: Փրկվի այդ գաղջից, այդ զազրելի ու խժռող համակարգից, այդ սատանայական փակ շրջապտույտից:
Մեկ հարյուր տմարդի «գերի» էր վերցրել մի ամբողջ երկիր ու ժողովուրդ: Եվ հիմա այդ մեկ հարյուրը կերակրատաշտի փշրանքներից զրկված իր մեկ հազար հետևորդներով ատամներ է կրճտացնում` հետ բերելու հինը, գաղջը: Ռևանշիզմի ու հակահեղափոխականության ուրվականներ են ասպարեզ բերվել: Ծախու մարդկանցով ու ծախու մամուլով, «անկախ» փորձագետներով ու վերլուծաբաններով: Բայց հակահեղափոխություն չի լինելու: Ռուբիկոնն անցած է: Հասարակությունն այլևս ուրիշ է, և Աստված մի արասցե` խաթարվի այս ամենի խաղաղ ընթացքը:
Ես հեղափոխական չեմ, բայց այս Հեղափոխությունը պիտի շարունակվի: Հրեշը պիտի գլխատվի: Տասնամյակների ընթացքում հետևողականորեն ձևավորված ու կայացած արատավոր այս համակարգը պիտի կազմաքանդվի՝ վերջնականապես ու անշրջելիորեն:
Արամ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Այո, Դուք ՃԻՇՏ ԵՔ հարգելի Արամ, 101 տոկոսով ՃԻՇՏ ԵՔ: Բայց ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է, նաև ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՄԲ ՆԻԿՈԼԻՆ ՈՒ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԶԵՐԾ ՊԱՀԵԼ ԿԱՏԱՐՎՈՂ ՈՒ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ՍԽԱԼՆԵՐԻՑ: Եթե ազգովի տիրություն անենք մեր հեղափոխությանը, ապա մի 10-15 տարի հետո կունենանք ՄԵԾՆ ՀԱՅԿՅԱՆ ՀԱՅ ԾՈՂՈՎՈՒՐԴԸ, որը իր ասելիքն է ունեցել /կա և գլխավորն է ԴԵՌ ԿՈՒՆԵՆԱ/ համաշխարհային քաղաքակրթության մեջ: