Լրահոս
Օրվա լրահոսը

«Գծանշում կա, արագությունն արգելող նշան կա, բայց թե ինչ արագությամբ են վարում, ահավոր է». Դպրոցի տնօրենն անհանգստացած է

Օգոստոս 09,2018 11:08

Վանաձորի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցում անհանգստացած են՝ շուտով դասերը սկսվելու են, իսկ դպրոցը դեռ ցանկապատ չունի: Բանն այն է, որ դպրոցը գտնվում է հենց ճամփեզրին: Դպրոցից դուրս գալիս, այդտեղ սովորող 185 երեխաները հայտնվում են անմիջապես փողոցում:

Դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանը հարցը վաղուց է բարձրացրել՝ դեռ նախկին իշխանությունների օրոք: Նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ 5 միլիոն դրամ է տրամադրել՝ դպրոցը ցանկապատելու համար: Սակայն աշխատանքներն այդպես էլ չեն իրականացվել. «Արթուր Նալբանդյանը մեզ գումար տրամադրվեց, որ ցանկապատ կառուցվի: Բայց դպրոցի ետնամասում անհատ անձը բերել ու իր համար տուն է կառուցել, եւ իր մեքենայի համար չունի ճանապարհ: Իրեն փորձեցին տալ ուրիշ ճանապարհ, ինքն էլ չհամաձայնեց, հիմա դպրոցի բակով է ելումուտ անում: Եվ այդ մարդու պատճառով ցանկապատը չկառուցվեց: Իսկ եթե դարպասներ տեղադրենք, մեկին էլ պետք է կանգնեցնենք, որ այդ մարդու տուն գնացող-եկողների առջեւ դարպասները բացեն-փակեն: Այդպես էլ ոչինչ չարվեց: Իսկ գումարը ծախսվեց դպրոցում կոսմետիկ նորոգումներ իրականացնելու համար»:

Տիկին Վարդանյանը ժամանակին խնդրով դիմել էր ոչ միայն նախկին մարզպետին, այլեւ ոստիկանապետին ու ճանապարհային ոստիկանությանը: Բազմաթիվ դիմումներից հետո դպրոցի բակում տեղադրվեց արագաչափ, իսկ տարածքում թույլատրվեց վարել մինչեւ 50 կմ/ժ արագությամբ: Սակայն այսօր ոչ արագաչափն է գործում, ո՛չ էլ վարորդներն են պահպանում սահմանված արագությունը. «Չգիտեմ պատճառը ես էի, որ արագաչափը տեղադրվեց, թե իրենց պետք էր, ամեն դեպքում շնորհակալ ենք: Բավականին թեթեւացավ երթեւեկությունը, շատ հանգիստ էին վարում: Դե արդեն իրենց գրպանին էր կպնում: Բայց հեղափոխության օրերին, թե ո՞վ ջարդեց արագաչափը, չգիտենք, հիմա էլ ընդհանրապես հանել են: Գծանշում կա, արագությունն արգելող նշան կա, բայց թե ինչ արագությամբ են վարում, ահավոր է: Մինչեւ երեխաների տուն գնալը դպրոցի դռները փակում ենք: Բայց դե եղանակը լավ է, երեխաներին հանում ենք դուրս ու ամենքիս հայացքը մի երեխայի վրա է, որ հանկարծ չվազի, դուրս չգա փողոց»:

Թիվ 9 դպրոցը հիմնադրվել է 1953 թվականին: 88-ի երկրաշարժից հետո շենքը քանդել են, փոխարենը՝ 1999 թվականին հունական համայնքի օգնությամբ կառուցվել է դպրոցի ներկայիս երկրահարկանի շենքը: Տնօրենն ասում է, որ դպրոցը չունի համապատասխան պայմաններ՝ չունի մարզադահլիճ, հանդիսությունների սրահ. «Դպրոցի հետեւում ասֆալտապատ տարածք ունենք, մեր ուսուցչուհին երեխաներին տանում է այնտեղ է ֆիզկուլտուրա առարկան դասավանդում: Դպրոցի միջոցներով այնտեղ փոքր ինչ կահավորել ենք, որպեսզի երեխաները զբաղվեն: Բայց երեխաները պարապում են մեկ էլ տեսնում ես մեքենա եկավ, երեխաներին ստիպված ասում ենք՝ անցեք այն պատի տակ, գնացեք մյուս պատի տակ կանգնեք: Կամ մեքենաներն են գալիս սկսում ազդանշան տալ: Մի խոսքով, մեր բնականոն աշխատանքն այդ մեքենաների հոսքի մեջ խաթարվում է: Բայց ասեմ, որ չունենալով մարզադահլիճ, նման պայմաններում աշխատելով մեր դպրոցի թիմը գնաց Ծաղկաձորի մրցումներին տեղ գրավեց»:

Դպրոցը փողոցից սահմանազատելու համար տիկին Վարդանյանը պատրաստվում է նամակով դիմել նաեւ ներկայիս մարզպետ Հրանտ Մարգարյանին: Տնօրենը խնդրում է՝ կա՛մ ելք գտնել տարածքը ցանկապատելու համար, կա՛մ ՝լ կրկին արագաչափ տեղադրել տարածքում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031