Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոմանք Արցախի արդարացված պահպանողականությունը ճիշտ չեն հասկանում». Վահրամ Աթանեսյան

Օգոստոս 09,2018 10:30

Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը`Արցախը «հակահեղափոխության հարթակ» լինելու մասին

– Վերջին շրջանում Արցախի նկատմամբ հակաքարոզչությունը բավական ակտիվացել է, Արցախին մեղադրում են հակահեղափոխության հարթակ լինելու մեջ: Այս ամենում վտանգներ տեսնո՞ւմ եք եւ առհասարակ, ինչպե՞ս կմեկնաբանեք կատարվողը:

– Որոշ լրատվամիջոցներ, այո, նման հակաքարոզչություն իրականացնում են: Դա ցավալի է: Սկզբունքորեն հայկական հեղափոխությունը սկսվել է Արցախից՝ 88-ի փետրվարին: Արցախը չի կարող հակահեղափոխական լինել: Դա կլիներ մեր ժողովրդի երեսնամյա պայքարի ժխտումը, ինչը բացառված է: Ըստ երեւույթին, ոմանք Արցախի արդարացված պահպանողականությունը ճիշտ չեն հասկանում: Թյուրըմբռնումը հաղթահարելու համար, կարծում եմ, կա շփումների ինտենսիվացման անհրաժեշտություն: Քաղաքական ուժերը, հանրային -մտավորական եւ մշակութային շրջանակները, մամուլը եւ տեղեկատվության մյուս բոլոր միջոցները մեծ անելիք ունեն: Հույս ունեմ, որ արձակուրդային շրջանին կհաջորդեն գործնական քայլեր:

– Կրկին ակտիվանում են տեսակետի կողմնակիցները, որ Արցախի անկախությունը ձեռնտու է միայն Արցախի իշխանություններին, եւ, որ միակ ճիշտ ճանապարհը Արցախի`Հայաստանին միանալն է: Ավելին, որոշ գործիչների կողմից անգամ առաջարկներ հնչեցին`Հայաստանին միանալու տարբերակին Արցախի «դիմադրելու» պարագայում զինվորներ չուղարկել Արցախ: Այդ տեսակետը կարո՞ղ է դոմինանտ դառնալ եւ այն ինչի՞ կբերի:

– Չէի ուզենա սուր գնահատական հնչեցնել: Արցախում չկա մի պաշտոնյա, որ պատրաստ չէ վայր դնել լիազորություններն այն պահին, երբ կհռչակվի երկու հայկական պետությունների միավորումը: Դա նպատակ է, որին հասնելու միջոց է ընտրվել Արցախի անկախությունը: Սա պարզ ճշմարտություն է, մնացածը՝ դեմագոգիա: Իսկ եթե հոգեգարության հակումներ ունեցող մեկն առաջարկում է զինվոր չուղարկել Արցախ, ապա նա վտանգում է Հայաստանի, հայ ժողովրդի գոյությունը: Նման մարդկանց արժանի գնահատական պետք է հանրությունը տա: Համոզված եմ, որ այդպես էլ կա: Եվ նրանք սեփական մարգինալությունը փորձում են կոմպենսացնել էպատաժային հայտարարություններով: Նմաններն ինձ հիշեցնում են Հերոստրատին: Ավելին չարժե ասել:

–  Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը Արցախի ներսում, տեսանելի է, որ քաղաքական ուժերը պատրաստվում են 2020-ի ընտրություններին, կա՞ն նոր ձեւավորող ուժեր, որոնք կարող են իրական գործընթացների մեջ մտնել:

– Այն պահին, երբ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ թեկնածությունը չի առաջադրի 2020 թվականի ընտրություններում, Արցախի գրեթե բոլոր քաղաքական ուժերն աշխուժացան: Այստեղ արտառոց ոչինչ չկա: Ինչպես ասում են՝ վատ է այն զինվորը, որ չի երազում գեներալ դառնալ, բայց դրա համար պետք է արժանավոր զինվոր լինել: Որոշ ուժեր, կարծում եմ, գերագնահատում են իրենց հնարավորությունները: Մի այլ առիթով ես «Առավոտին» ասել եմ, որ նախագահ Սահակյանը կկարողանա անցնցում կառավարել այս անցումային շրջանը: Կարծում եմ՝ այդպես էլ կա: Քաղաքական գործընթացները զարգանում են կանխատեսելիության տիրույթում: Հավանական է, աշնանը կմեկնարկեն օրենսդրական կամ սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներ եւ կուրվագծվի գալիք դասավորությունների մոտավոր պատկերը:

– ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի հայտարարությունը`ազատագրված տարածքների վերադարձի մասին, պատահական եւ չգիտակցված հայտարարությո՞ւն էր, ինչպես ինքը ներկայացրեց, թե՞ տրամադրությունների ստուգում: Ի դեպ, Արցախի ՀՅԴ-ականներն էլ դատի են տվել տիկին Թադեւոսյանին`իր հայտարարության համար:

– Եթե անկեղծ լինեմ, պիտի ասեմ, որ ինձ համար անսպասելի էր տիկին Թադեւոսյանի ասածի շուրջ տեղեկատվա-քարոզչական աժիոտաժը: Զոյա Թադեւոսյանը քաղաքական ուժի առաջնորդ չէ, պետական պաշտոնյա չէ: Նա մասնավոր կարծիք է արտահայտել՝ հիմնվելով այն իրողության վրա, որ Հայաստանը ԼՂ հարցում բանակցում է հայտնի մադրիդյան սկզբունքների շուրջ: Որեւէ մեկը կարո՞ղ է հերքել այդ փաստը: Որեւէ մեկը կարո՞ղ է հայտարարել, որ Հայաստանը հրաժարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններից: Չեմ կարծում, թե  ներկա կամ ապագա որեւէ կառավարություն, վարչապետ նման վերջնագրային մոտեցում ունի կամ երբեւէ ունենալու է: Եվ ես չեմ հասկանում, թե ՀՅԴ Արցախի ԿԿ-ն կոնկրետ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի հատկանիշներով է բնութագրում տիկին Թադեւոսյանի հայտարարությունը: Ավելի շուտ՝ դա մի բաժակ ջրում փոթորիկ է, զուտ քարոզչական հնարանք, որը, գրեթե համոզված եմ, իրավական հետեւանք չի ունենալու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Արցախի անկախությունը որոշվել է ժողովրդական հանրաքվեի միջոցով և ոչ մի ուժ, ոչ մի անհատ, ոչ մի երիկիր իրավունք չունի ծաղրել, կասկածի տակ դնել կամ քննադատել ժողովրդի կամքը։ Սեփական կարծիք կարելի է հայտնել, սակայն պետք է անել դա լավ մտածելով, զատել տրամաբանությունը էմոցիաներից։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031