Լրահոս
Օրվա լրահոսը

«Խուլիգանություն»` բեմի վրա

Օգոստոս 09,2018 12:00

Կամ՝ «Комментарии непристойного Тома» ներկայացումը՝ Տիկնիկային թատրոնում: 

«Комментарии непристойного Тома» վերնագրով ներկայացումը, որ վերջերս դիտեցի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, զարմացրեց իր ինքնատիպությամբ, նոր շնչով, Տաթեւիկ Մելքոնյանի եւ Արամ Կարախանյանի խաղով: Ներկայացումը բեմադրել է բոլորի կողմից սիրված ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, պիեսի հեղինակն է նախկին երեւանցի, այժմ ամերիկաբնակ թատերագետ Ռաֆայել Հակոբջանյանը, պարերը բեմադրել է Աիդա Սիմոնը: Այս ներկայացման պարագայում, ըստ էության, բոլոր երանիները մեկտեղված էին: «Комментарии непристойного Тома»-ն ներկայացում էր` ներկայացման մեջ: Հերոսներն են տղամարդ եւ կին, ընդ որում` տղամարդը հայաստանցի ներգաղթյալ է: Նրանք ներկայացում են փորձում, որի հեղինակը հենց տղամարդն է:

Ներկայացման միջի տղամարդը տաքսու վարորդ է, կինը` քմահաճ ուղեւոր: Խաղի ժամանակ հասկացվում է, որ նրանք գժի նման շարունակում են սիրել իրար, թեեւ արդեն նախկին ամուսիններ են: Ներկայացումն այնպես է կառուցված, որ ասես հանդիսատեսն էլ լինի մեքենայի ներսում, որտեղ վարորդը ինչ-որ ռադիոալիք է «բռնել» ու տարբեր միջատների սեռական կյանքի մասին ռադիոհաղորդում է ունկնդրում: Սակայն «միջատային» պատմություններն ուղերձ ունեն: Հստակ համընկնում են մարդկային փոխհարաբերությունների հետ: Միջատներն էլ մարդկանց նման կարող են հանուն սիրո գնալ ինքնաոչնչացման:

«Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները» ներկայացման հանդիսատեսը բեմի վրա ականատես է լինում յուրատեսակ թատերական խուլիգանության, որն արդյունք է ռեժիսորական տաղանդի ու նուրբ հումորի, դերասանական փայլուն խաղի, որակյալ պիեսի… Ներկայացման ավարտից հետո, երբ մեր հիացմունքն արտահայտեցինք դերասանական խաղի վերաբերյալ, պարոն Բաբայանը ժպտալով ասաց` խուլիգաններ են…

Նշենք, որ ներկայացումն ավարտվեց բուռն ծափահարություններով, տիկնիկայինի փոքրիկ դահլիճը տառացիորեն դղրդում էր դրանց տարափից:

Ամեն անգամ այս թատրոն այցելելիս միշտ մտածում ես` ինչ լավ է, որ Հայաստանում գործում է նման թատրոն, որը գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի շնորհիվ զերծ է կաղապարներից, իր հարկի տակ տեղ է տալիս երիտասարդներին ու ազդակներ` ամենախենթ գաղափարների իրագործման համար: Ինչ վերաբերում է Ռուբեն Բաբայանին, նրա ձեռքը միշտ էլ ժամանակի զարկերակի վրա է: Նրա ղեկավարած թատրոնում բեմադրված ներկայացումները մեկ անգամ չէ, որ «դրսի» փառատոներից վերադառնում են մրցանակներով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Թատերագետ Տիգրան says:

    Ամեն անգամ թատրոն գնալիս` իհարկե, կմտածեք, թե ինչ լավ է` թատերագետներին չեն թողնում, որ նրանք իրենց գործունեությամբ տարրական կենսագոյությունն ապահովեն: Դաշտը մասնագիտական պարապուրդի է մատնվում, և սուրբ տեղը դատարկ չթողնելու համար, այն հանձնում են ծափերն ու արցունքները հաշվող դիլետանտներին:

  2. Գոհար Հակոբյան says:

    Հարգելի, թատերագետ Տիգրան, թատերագետներին ինչն է խանգարում մասնագիտական վերլուծություններով ու գրախոսություններրով հանդես գալ, մեր թերթում գոնե միշտ արտահայտվելու հնարավորություն եղել է, ձեր երկարաշունչ հոդվածները նույնպես հրապարակվել են մեզ մոտ: Այնպես որ, ձեր նշած սուրբ տեղն իսկապես դատարկ չի մնացել:

    Հարգանքով՝ Գոհար Հակոբյան

  3. Թատերագետ Տիգրան says:

    Հարգելի Գոհար Հակոբյան, առաջին հերթին խանգարում էր համագործակցության պաշտոնական հրավերի բացակայությունը: Ընդ որում` ներկայացման մանրամասն վերլուծության համար կատարված աշխատանքին պատշաճող վարձատրությամբ հրավերը: Թե չէ շատ շատերին թվում է, թե մասնագետը մի հատ խորը շնչում արտաշնչում է, փոշեհատիկ է մտնում քիթը, փռշտում է, հոդվածը դուրս է ցատկում: Էլ չգիտեն, որ քիչ թե շատ վերլուծական ներուժ ունեցող հոդվածը նվազագույնը երկու շաբաթ ժամանակ է խլում թատերագետից: Ու քանի որ խոսք գնաց Շնչից, ասեմ. եթե ոմանց բնագավառային թթվածնի քաղցի, հետևաբար` նաև նեղ մասնագիտական ջղաձգումների է ենթարկում վերլուծություններիս Լաաաայն շունչը, ապա դա իրենց նեղմտության խնդիրն է:
    Հ.Գ. Ես ինչ-որ չեմ հիշում` ձեր թերթին նույնիսկ թատերախոսական տված լինեմ, և դուք էլ` այն հրապարակած լինեք: Եթե կա այդպիսին խնդրում եմ հուշեք ինձ` անտեղյակիս: Ձեձ թերթին ընդամենը մեկ անգամ հարցազրույց եմ տվել մոտ տասը տարի առաջ և մտքիս նենգափոխված հրապարակումի պատճառով այլևս գործ չեմ ունեցել Սամվել Դանիելյանի հետ: Ավելին մեկ անգամ մայր թատրոնում եղած արցախյան թեմայով տխրահռչակ ներկայացման առիթով դիմել է ձեր նույն լրագրողը, բայց սկզբունքորեն մերժել եմ առանց ձայնագրման հարցազրույց տալ:

  4. Գոհար Հակոբյան says:

    Հարգելի թատերագետ Տիգրան, ձեզ համագործակցության պաշտոնական բազում հրավերներ եմ մաղթում, բարձր վարձատությամբ հոդվածներ գրելու հնարավորություն ոչ միայն հայաստանյան, այլեւ «դրսի» լրատվամիջոցներում: Նաեւ մաղթում եմ, որ գնահատվեք ըստ արժանվույն:
    Բանավիճելն ավելորդ եմ համարում; Ի դեպ, Սամվելը չհիշեց ձեր նշած «պատմությունը»:
    Հարգանքով` Գոհար

  5. Թատերագետ Տիգրան says:

    Հարգելի Գոհար Հակոբյան, ես անասելիորեն կզարմանայի, եթե Սամվելը հիշեր…
    Իսկ բանավիճելու առիթ չկա, որովհետև խոսքը փաստացի մշակութային աբսուրդի մասին է:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031