Գյումրեցի ռեժիսոր Արման Մազմանյանը ստացել է դատավոր Լ.Խաչատրյանի որոշումը գործը հունիսի 20-ից նրա վարույթում հայտնվելու մասին: Նիստի օրը դեռ նշանակված չէ: Հիշեցնեմ, որ Արման Մազմանյանը դիմել էր մարզի դատարան, հայտնել էր, որ 2006թ. փետրվարի 1-ին թիվ 1 հրամանի համաձայն ընդունվել է աշխատանքի Իտալիայի Պատվո հյուպատոսարանում, որպես հյուպատոսական ծրագրերի համակարգող: Նրան առանց որևէ հիմնավոր պատճառաբանության 2015թ. սեպտեմբեր ամսվա վերջին բանավոր տեղեկացվել էր աշխատանքից ազատված լինելու մասին:
Հայցվորը 2015թ. նոյեմբերի 27-ին գրավոր դիմել է Պատվավոր հյուպատոս՝ Անտոնիո Դոմինիկոյի Մոնտալտոյին, խնդրել է տրամադրել աշխատանքից ազատման հրամանը, ինչպես նաեւ տեղեկություններ աշխատանքից ազատման հիմքերի եւ պատճառների վերաբերյալ, սակայն ոչ մի պատասխան չի ստացել: Նա դիմել էր նաեւ Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին: Ըստ վերջինիս գրավոր պատասխանի, նրան հայտնվել է, որ բոլոր փաստաթղթերը պետք է պահանջել պատասխանող կողմից, քանի որ Մազմանյանը հյուպատոսարանի աշխատակից է:
Ա.Մազմանյանը գրավոր դիմել էր Իտալիայի Հանրապետության նախագահին, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարին, վերջինիս հանձնարարությամբ դեսպանատան աշխատակիցը նրան բանավոր տեղյակ է պահել, որ խոսել են հյուպատոսի հետ. «Հյուպատոսը պարտավորվել է պատասխանելու իրեն հուզող բոլոր հարցերին, ինչը մինչ այժմ չի արվել»:
Հայցվորը հայտնել է, որ գործատուի կողմից աշխատանքից ազատման պատճառն ու հիմքը չտրամադրելու հետևանքով զրկված է դատական պաշտպանության դիմելու, ինչպես նաեւ այլ աշխատանքի անցնելու հնարավորությունից:
Ըստ հայցվորի, պատասխանողը իր անգործությամբ խախտել է ՀՀ տեղեկատվության ազատության մասին օրենքի 9-րդ հոդվածի բոլոր պահանջները:
Հայցվորը խնդրել էր դատարանից պարտավորեցնել Իտալիայի Պատվավոր հյուպատոս Անտոնիո Դոմինիկոյի Մոնտալտոյին՝ տալ աշխատանքից ազատման հրամանը եւ հիմքերը:Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը բավարարել էր հայցվորի պահանջը, իսկ վերաքննիչ քաղաքացիական դատարանը Անտոնիո Մոնտալտոյի վերաքննիչ բողոքը բավարարել է: Վերաքննիչը բեկանել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 03.10.2017 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Ի դեպ, քաղաքացիական գործի քննության ընթացքում գյումրեցին դիմել էր Շիրակի մարզի դատախազին, հայտնելով, որ 2006 թվականից աշխատել է Գյումրի քաղաքում տեղակայված Իտալիայի Պատվավոր հյուպատոսարանում, որպես հյուպատոսական ծրագրերի համակարգող: Բանավոր տեղեկացվել է որ ազատված է աշխատանքից, սակայն մինչ օրս իրեն չեն տրամադրել իր աշխատանքի ընդունմանը և աշխատանքից ազատմանը վերաբերող փաստաթղթերը` բացի աշխատանքային գրքույկից, որը կնքված և ստորագրված է Պատվո հյուպատոսի կողմից, ինչպես նաև չի կատարվել իր վերաբերյալ սոցիալական որևէ վճարում: Փաստի առթիվ 20.01.2017 թվականին հարուցվել էր քրեական գործ: Քրեական գործով առգրավվել է աշխատանքային գրքույկը, նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն՝ պարզելու աշխատանքային գրքույկի 54-րդ եւ 55-րդ թերթերում առկա ձեռագիր գրառումները և ստորագրությունը Արման Մազմանյանի կամ մեկ այլ անձի կողմից կատարված լինելու հանգամանքը: 10.04.2017 թվականին ստացվել է փորձագետի թիվ 59 եզրակացությունը, ըստ որի՝ գրքույկի 54-55 թերթերում առկա ձեռագիր գրառումը կատարված չէ Արման Մազմանյանի կողմից:
Որպես վկա ցուցմունք էր տվել Լուսինե Ղազարյանը՝ հյուպատոսի ներկայացուցիչը: Նա ասել է, թե տեղյակ չէ, թե ով է կատարել նշված գրառումը և ձեռագիր գրառման ներքևի հատվածում առկա ստորագրությունը, իսկ կնիքի դրոշմը Պատվո հյուպատոսարանում եղած կնիքի դրոշմն է, որը նախատեսված է եղել գրադարանի գրքերը կնքելու համար:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
08.08.2018