Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բողոք դատավորի դեմ

Օգոստոս 09,2018 13:30

Արա Ղարագյոզյան. «Դատարանը վկայակոչել է մի շարք ՄԻԵԴ նախադեպեր, սակայն այդ նախադեպերով չի առաջնորդվել»

«Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանի կարծիքով զանգվածային անկարգություններ չեն կարող համարվել ռադիոյի շենքը մտնելը. քանի որ «չի հիմնավորվել, որ նշված գործողությունները վտանգել են հասարակական անվտանգությունը: Իսկ առաջին ատյանի դատարանի եզրահանգումները կրում են զուտ հռչակագրային բնույթ: Դատարանը որոշումը չի կայացրել արդար դատաքննության չափանիշներին համապատասխան, մեր կողմից բերված և ոչ մի փաստարկի դատարանը չի անդրադարձել, հակառակ դրան՝ մանրամասն վկայակոչել է քննիչի բերված փաստարկները»:

Նրա պաշտպանյալը ՝ Տիգրան Մազմանյանը բերման էր ենթարկվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու ու անցկացնելու կասկածանքով, այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 225.1 հոդվածի 1-ին մասերով նախատեսված արարքներ կատարելու համար: Այդ արարքները կատարելու համար, ըստ փաստաբանի, անձը առնվազն պետք է լիներ հավաքի կազմակերպիչ: Ըստ ոստիկանության թիվ 8/5-488 գրության էլ, Տիգրանն օժանդակել է ապրիլի 14-ին «Հայաստան հանրային ռադիո» ՓԲ ընկերութան վարչական շենքի եթերային ստուդիա տանող մուտքի դուռը կոտրող Նաիրի Սարգսյանին և Էրիկ Խաչատրյանին: Տիգրանը բերման է ենթարկվել այլ արարք կատարելու համար, սակայն հետագայում նրան այլ արարք է վերագրվել:

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ պարոն Գ․Հարությունյանին բողոքով դիմել էր «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության փաստաբանը՝ Տիգրան Մազմանյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը:

Նա պահանջել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության:

Ըստ փաստաբանի, Տիգրան Մազմանյանը այս տարվա ապրիլի 17-ին ձերբակալվել է որպես կասկածյալ: Նա կասկածվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 225.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: Ապրիլի 19-ին Տիգրան Մազմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման համար եւ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Նույն օրը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը որոշում է կայացրել Տիգրան Մազմանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանավորումը 2 ամիս ժամկետով:

Բողոքաբերի տեղեկացմամբ, Տ․Մազմանյանն ապօրինի կալանքի տակ է պահվել 6 oր.«երկրում քաղաքական իրադրության փոոխության հետևանքով և Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, երեկոյան Տ․Մազմանյանն ազատ է արձակվել»։

Արա Ղարագյոզյանը ապրիլի 23-ին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք։Մայիսի 22-ին Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու մասին։ Եվ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Տ․Մազմանյանը կալանավորվել է առանց բավարար հիմքեր ունենալու։

«Առաջին ատյանի դատարանը որոշման մեջ անդրադառնալով քննիչի կողմից ներկայացված կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությանը, կատարել է հետևյալ եզրահանգումը. «Դատարանը գտնում է, որ գործի կոնկրետ հանգամանքները, մեղադրյալ Տիգրան Մազմանյանին վերագրվող ենթադրյալ ծանր հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը քննության ներկա փուլում բարձրացնում են հավանականությունը, որ նա ազատության մեջ մնալով կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով: Մեղադրյալի հավանական վարքագծի վերաբերյալ հետևությունները բխում են այն հանգամանքից, որ դեռևս չեն հարցաքննվել դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր անձինք, չեն պարզվել դեպքի բոլոր հանգամանքները, ուստի բարձր է նաև գործով ճշմարտությունը բացահայտելու ընթացքին միջամտելու վտանգի հավանականությունը: Դատարանը գտնում է, որ գործի կոնկրետ հանգամանքները, վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը քննության ներկա փուլում բարձրացնում են մեղադրյալ Տիգրան Մազմանյանի թաքնվելու և մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, ուստի գրավը՝ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց չի կարող գործուն երաշխիք հանդիսանալ նրա իրավաչափ վարքագիծը կանխորոշելու հարցում»,-«Առավոտին» ներկայացրեց իր բողոքը Ա.Ղարագյոզյանը:

Ըստ վերջինի, դատարանը չնայած վկայակոչել է մի շարք ՄԻԵԴ նախադեպեր, սակայն այդ նախադեպերով չի առաջնորդվել:

Փաստաբանը տեղեկացրել էր, որ վերաքննիչ դատարանը նույնպես արձանագրել է, որ ընդհանուր իրավասության դատարանը մեղադրյալ Տ․Մազմանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու հարցում հանգել է ոչ ճիշտ եզրակացության, ինչը հանգեցրել է դատավարական իրավունքի այդպիսի խախտման։

Վերաքննիչ դատարանի արձանագրմամբ Տ․Մազմանյանը կալանավորվել է ապօրինի, հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում։

«Առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ, 135-րդ, Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածները, նախատեսված անձնական և ազատության իրավունքը, որը հանգեցրել է ծանր հետևանքի։Դատարանի ապօրինի որոշման պատճառով Տ․Մազմանյանը 6 օրից ավելի ազատությունից զրկվել, տեղափոխվել է ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ անմարդկային պայմաններ են եղել։ Կարանտինային խցի պատերին եղել է բորբոս, խոնավություն, անկողնում եղել են միջատներ»,-հայտնել է փաստաբանը։
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել ըստ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի վերջերս կայացրած որոշմամբ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

08.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031