Երեկ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խուսափեց «Առավոտի» հարցին կոնկրետ եւ հստակ պատասխան տալ:
«Առավոտը» պարոն Ավինյանից հետաքրքրվել էր՝ օրերս Շուռնուխում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին բռնության ենթարկելու մասին: Ընդ որում, սա միակ դեպքը չէ: Մասնավորապես մենք հարց էինք ուղղել՝ արդյոք ժամանակը չէ՞, որպեսզի իշխանությունը ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության եւ իրավահավասարության եւ խտրականության դեմ հստակ եւ քաղաքական դիրքորոշում հայտնի՝ եթե հեղափոխությունը սիրո եւ համերաշխության գաղափարով էր, եւ նոր Հայաստանը ժողովրդավարության ճանապարհն է բռնել:
Ավինյանը պատասխանել է. «Անկեղծ ասած, սա շատ կարեւոր է առհասարակ հասարակության շրջանակում… ես, օրինակ, չէի ուզենա առանձնացնել որեւէ մի խումբ, որովհետեւ եթե դու առանձին խոսում ես որեւէ խմբի մասին, ստացվում է, որ այդ խմբի շահերը որոշակիորեն ավելի կարեւորվում են մնացածի շահերից: Սա շատ կարեւոր է հենց մարդու իրավունքների տրամաբանության շրջանակում: Բռնությունն անընդունելի է, բռնության որեւէ դրսեւորում անընդունելի է՝ լինի դա փոքրամասնության, եկեղեցականների, այլազգիների նկատմամբ: Այսինքն՝ այդ ամբողջությամբ: Եվ հետեւապես այս կոնկրետ միջադեպի հետքերով պետք է գնան իրավապահ մարմինները, եւ իրավապահ մարմինների իրավասության շրջանակում է գտնվում այս գործը»:
Փոխվարչապետը մեր հարցին հստակ չպատասխանեց: Այսինքն՝ չասաց՝ այո, ժամանակն է քաղաքական դիրքորոշում հայտնելու, կամ՝ ոչ, ժամանակը չէ, դրան պատրաստ չենք եւ այլն: Գուցե թեման շատ զգայուն է, եւ դա է պատճառը, որ եվրոպաներում ուսանած (2014թ.-ին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնյան Քուին Մերի համալսարանը՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում) երիտասարդ պաշտոնյան խուսանավեց եւ ընդհանրական պատասխան տվեց, թե՝ բռնությունն անընդունելի է:
Ապա նույն ասուլիսի ժամանակ մեկ այլ օգտատիրոջ հարցին ի պատասխան՝ Ավինյանը պատասխանեց. «Ատելության քարոզը նույնպես անընդունելի է, այն բերում է բռնության»:
Թե ինչո՞ւ սիրով եւ համերաշխությամբ հեղափոխություն իրականացրած պաշտոնյաները, որոնք հասարակության մի ստվար զանգվածի սիրելին են, եւ հետեւաբար նրանց խոսքը շատ շատերի համար ընդունելի է, դեռեւս դիրքորոշում չեն հայտնում այս գերզգայուն խնդրի շուրջ, գուցե հենց իրենք ասեն: Բայց, հավանաբար, խնդիրը առաջիկա ընտրություններն են, ի վերջո, այդ հարցի վերաբերյալ իշխանության թե՛ դրական, թե՛ բացասական հայտարարությունը շահարկումների առիթ է դառնալու:
Սպասենք մինչեւ հասարակությունը «եփվի» ու հասունանա սիրով եւ համերաշխությամբ:
Նելլի Բաբայան
«Առավոտ» օրաթերթ,
08.08.2018
Նելլի ջան, գուցէ, իրօք, ընտրութիւններից առաջ չեն ուզում աւելորդ լարուածութիւն: Ծանօթ իրավիճակ է. շատ երկրներ էլ իրենց շահերից ելնելով սիրաշահում են Թուրքիան՝ շահարկելով Հայոց Ցեղասպանութիւնը: Դա էլ հայերին հաճելի չէ, չէ՞:
Բայց ինչքան էլ փորձեն խուսափել, քայլեր կան, որ պէտք է կատարեն՝ խստագոյնս պատժել բռնարարներին եւ նաեւ պատգամաւորութիւնից զրկել այն տխրահռչակ ծառուկեանական պատգամաւորին:
Եթէ բռնութեան դէմն այսօր չառնենք, վաղը մենք ենք դառնալու անհանդուրժողականութեան թիրախը: Ինձ յաճախ են իմ խօսքերի պատճառով որոշ տգէտ ազգայնամոլները թուրք ու ջհուդ ասում (ներողութի՜ւն): Ի՞նչ երաշխիք, որ մի օր էլ ինձ չեն ծեծի (թէեւ, փառք Աստուծոյ, բազկիս ուժից չեմ բողոքում 🙂 )
Քանի օր է՝ գոմիկների թեման չի իջնում ձեր թերթի էջերից, ինչն ավելի է խորացնում զզվանքը նրանց սադրանքների հանդեպ։ Իրենք իրենց մասին հիշեցրին՝ հետևելով Օվերտոնի պատուհանի սկզբունքին, սակայն էֆեկտը այն չէր, ինչ սպասում էին։ Եվ եթե ըստ Օվերտոնի, տաբու թեման պիտի դարձվի ընդունելի, տվյալ դեպքում հակառակ գործըթացն է տեղի ունենում։ Ինչքան իրենք իրենց մասին քիչ հիշեցնեն, այնքան ավելի հեշտ կապրեն։ Այսքան կարդացի դրանց միջադեպի մասին, գրեցի կոմենտներ, սակայն այդ ամենը մի կաթիլ անգամ դեպի դրականը չփոխեց իմ վերաբերմունքը իրենց արածների հանդեպ։ Երևի Օվերտոնի պատուհանի փեղկերը նեղ են իրենց սադրանքների համար, թող փորձեն՝ ոտքը կիսաբաց դռան մեջ սկզբունքը, աղանդավորների նման։ Եթե դա էլ չօգնի, թող փռվեն դռան առաջ կամ պոկեն դուռը։
ԼԳԲՏ մեր հարգարժան հայրենակիցները իրենց պետք է զգան ազատ ու պաշտպանված: Ու տարբերություն չպետք է դնել մարդու այս կամ այն սեռական կողմնորոշման հիման վրա: Եթե իրավական տեսանկյունից իսկապես հարկավոր է որ հատուկ, առանձին օրենսդրություն լինի այս կամ այն խմբի համար ու եթե արդյունքում, ուրեմն այդ օրենսդրության արդյունքում, ավելի պաշտպանված լինի տվյալ խումբը, ուրեմն ողջունելի է: Ինձ մոտ ուղղակի տպավորություն է ստեղծվում որ եթե լինի հատուկ օրենսդրություն, դրանով փաստորեն ասում ես որ կա մի խումբ ու այս խումբը ուրիշ է, տարբերվում է ու հատուկ պաշտպանության կարիք ունի քանի որ իրենք ինչ ինչ պատճառներով տարբերվում են մեծամասնությունից: Ու ըստ իս դրանով ոնց որ կրկնակի շեշտես որ այդ մարդիկ տարբեր են ու որ ուրիշ ձևով պետք է մոտենալ իրենց և ուրիշ ձևով նայել իրենց: Մինչդեռ ավելի ցանկալի կլիներ որ մարդու սեռական նախընտրությունը կամ որևէ այլ նախընտրություն դեր չխաղա կամ գոնե շատ մեծ դեր չխաղա հասարակության մեջ: Կան մարդիկ ովքեր ասեքսուալ են օրինակ: Ինչո՞ւ պետք է դա հանգեցնի նրան որ մարդուն ուրիշ ձև վերաբերվես կամ ինչո՞ւ պետք է այդ փաստը ընդհանրապես մեծ նշակակություն ունենա սովորական մարդկային հարաբերություններում: Մեկ ուրիշ բան էլ կա, ես համոզված եմ որ մեր հասարակությունը մի պահ պատրաստ կլինի ընդունել, կամ եթե ոչ ընդունել, ապա ամեն դեպքում հանդուրժել բոլոր բոլորին անկախ նրանից թե ով են և ինչ են: Ու պետք էլ չէ որ բոլորը ընդունեն, բայց հարկավոր է որ բոլորը իրենց օրենքի շրջանակներում պահեն: Դա ժամանակի հարց է: