Աննախադեպ շոգի պատճառով մեծացել են էլեկտրաէներգիայի սպառման ծավալները, աճել ընդհանուր վթարայնության աստիճանը: Սա հատկապես տեսանելի է Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում, ինչով էլ պայմանավորված են վերջին օրերի հոսանքազրկումները, որոնք կրում են զուտ տեխնիկական բնույթ: Ուստի խնդրին որևէ քաղաքական ենթատեքստ տալը, մեղմ ասած, անհեթեթություն է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը բազմիցս հայտարարել է, որ բիզնես կառույց է, որը մեկ հիմնական գործառույթ ու նպատակ ունի. հուսալի ու անխափան էլեկտրաէներգիա մատակարարել իր բաժանորդներին։ Ընկերության բոլոր ծրագրերը, նաև երկարաժամկետ նախագծերը, որոնց մասին հայտարարվել է անցած տարվա նոյեմբերին, ուղղված են մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։ ՀԷՑ-ը խիստ շահագրգռված է, որ բաժանորդները շարունակեն վստահել իրեն։
2018 թ. օգոստոսի 4-ին, ժ.11:37-ին, Հյուսիս-Հարավ ճեպուղու շինարարության ժամանակ օգտագործվող տեխնիկան վնասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Մերգելյան 1, 2» ենթակայանը սնող մալուխը։ Ենթակայանը սպասարկում է Բաղրամյան, Կոմիտաս, Կասյան, Սունդուկյան, Ավետիսյան, Խաչատրյան, Կիևյան, Վաղարշյան և հարակից փողոցների որոշ հատվածների բաժանորդներին։ Վնասված մալուխը նույն օրը ժ.17:05-ի դրությամբ նորոգվել է, նշված տարածքների բոլոր բաժանորդների էլեկտրամատակարարումը՝ վերականգնվել։
Չնայած վթարների քանակական աճին՝ հիմնականում վթարային անջատումները վերացվում են էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված ժամկետներում (2 կամ 4 ժամ՝ քաղաքային և 2 կամ 8 ժամ՝ գյուղական համայնքներում՝ կախված սնուցման բնութագրից): Նշված ժամկետները խախտելու դեպքում (անկախ բաժանորդի դիմումի առկայությունից) էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների 77 կետը նախատեսում է ՀԷՑ-ի կողմից տույժի վճարում՝ սպառած էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 ՀՀ դրամը:
Եթե բաժանորդը վնաս է կրել որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիա ստանալու կամ վթարային անջատման հետևանքով, նրա դիմումի առկայության պարագայում որոշակի ուսումնասիրությունից հետո վնասն ամբողջությամբ փոխհատուցվում է:
«Առավոտ» օրաթերթ,
08.08.2018