2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված համագործակցված միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա 2018 թվականի օգոստոսի 6-ին և 7-ին խուզարկություն է կատարվել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված, ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում:
Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են այնտեղ ապօրինաբար պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, 2 հատ «ՍՎԴ» տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի փամփուշտներ:
Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ու ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իրականացնում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումներ` ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռք բերման աղբյուրները և դրանց` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն