Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի (ՀԱԱՀ) հոգաբարձուների խորհրդի հուլիսի 31-ի նիստում ՀԱԱՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել համալսարանի ագրոբիզնեսի դեպարտամենտի պետ, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Վարդան Ուռուտյանը: Համալսարանի արդեն նախկին ռեկտոր,տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս Արշալույս Թարվերդյանը հրաժարականի դիմում էր գրել, որի վերաբերյալ նա չցանկացավ Aravot.am-ին որեւէ մեկնաբանություն անել:
Նշենք, որ Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ էր ցանկանում դառնալ «Ելքի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որը բավարար ձայներ չի հավաքել:
Aravot.am-ը ԿԳ նախարարության իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանից հետաքրքրվեց`փաստորեն համալսարանի կանոնադրություն է փոխվել, ու ըստ այդմ` հոգաբարձուների խորհրդի նոր կազմ է հավաքվել, արդյոք օրենքի խախտո՞ւմ չէ փոխված կանոնադրության` մինչեւ պետռեգիստ գնալը, հոգաբարձուների խորհրդի նոր կազմի ձեւավորվումը, որն էլ ընտրել է համալսարանի ռեկտորի պաշտոնակատարին:
«Ագրարային համալսարանը դեռեւս 2014 թ դարձել է հիմնադրամ, կառավարության կողմից հաստատվել է կանոնադրությունը եւ ստեղծվել է առաջին հոգաբարձուների խորհուրդը 5 տարի ժամկետով:
2018թ. հոգաբարձուների խորհրդի ժամկետը լրացել էր, այդ ընթացքը համընկավ հեղափոխության հետ եւ մի քիչ ձգձգվեց նոր խորհրդի կազմի հաստատումը: Վերջերս հաստատվել էր նոր խորհուրդը` վարչապետի որոշմամբ եւ այն առաջին նիստն է գումարել հուլիսի 31-ին: Այդ ընթացքում աշխատակարգով նախատեսված աշխատանքային հարցեր քննարկելիս առաջինը եղավ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունը, խորհուրդն անցավ նաեւ այլ հարցերի քննության, այդ թվում ` ռեկտորի հրաժարականի դիմումի ընդունումը: Այսինք ռեկտորի դիմումը` լիազորությունները դադարեցնելու մասին:
Քանի որ հոգաբարձուների խորհուրդն է համարվում ռեկտորի գործատուն, եւ նրա իրավասությունների մեջ են մտնում ռեկտորի հետ աշխատանքային պայմանագրի կնքումը եւ լուծումը, եւ քանի որ հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատվել էր վերջերս` հաշվի առնելով, որ ռեկտորի լիազորությունների ժամկետը լրացել էր դեռեւս ապրիլին, հենց առաջին նիստում ռեկտորը իր` լիազորությունները դադարեցնելու դիմումը ներկայացրեց հոգաբարձուների խորհրդին: Խորհուրդը որոշում կայացրեց ընդունել ռեկտորի դիմումը` լիազորությունները դադարեցնելու մասին:
Նաեւ հաշվի առնելով, որ համալսարանում ընթացիկ գործունեություն կա, որը պետք է ղեկավարի ռեկտորը, որոշում կայացվեց նշանակել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Երկու անձանց միջեւ ընտրությունը կանգնեց Վարդան Ուռուտյանի վրա: Առաջադրվել էր եւ Ուռուտյանը, եւ պրոռեկտորներից մեկը; Հոգաբարձուների խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշեց մինչեւ ռեկտորի թափուր պաշտոնի համար սահմանված կարգով մրցույթ հայտարարելը եւ ռեկտոր ընտրելը` Վարդան Ուռուտյանին նշանակել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար»,-մեկնաբանեց ԿԳ նախարարության իրավաբանական վարչության պետը:
Ապա շարունակեց. «Արդեն ընտրված հոգաբարձուների խորհրդի նախագահը հարց բարձրացրեց` հաշվի առնելով մարտահրավերները եւ տնտեսության զարգացման, կրթության բարեփոխումներ բարձրագույն կրթության մասին նոր օրենքի տրամաբանությունը` օրակարգում դնել ռեկտորի չափանիշներին վերաբերվող հարցը: Քանի որ, ռեկտորն ավելի շատ դիտվում է որպես մենեջեր, առաջարկ եղավ քննարկել ռեկտորին ներկայացվող պահանջները: Նախկինում ռեկտոր կարող էր լինել գիտությունների դոկտորը, ինչը սահմանափակ պահանջ է, ուստի խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշեց օգտվել օրենքով հոգաբարձուների խորհրդին ընձեռված իրավասությունից` կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասով եւ որոշեցին, կանոնադրության` ռեկտորին վերաբերող պահանջը շարադրել նոր խմբագրությամբ:
Փաստորեն, դոկտորի աստիճանը դուրս է գալիս, ստացվում է, որ ռեկտորի թեկնածուն պետք է ունենա գիտական աստիճան, գիտամանկավարժական բուհում վարչական աշխատանքի փորձ կամ հանրային ծառայության ոլորտում վերջին 15 տարվա ընթացքում 10 տարվա փորձ: Այդպիսով, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պատրաստում է փաստաթղթերը, որ ներկայացվի ռեգիստր: Ռեգիստր ներկայացնելու համար պետք էր, որ նախ գրանցվեր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, որպեսզի կարողանար ռեգիստրում սահմանված կարգով ներկայացնել կանոնադրության մեջ փոփոխությունը: Առաջիկա 2-3 օրվա ընթացքում գրանցումը կկատարվի, ռեկտորի պաշտոնակատարը պատրաստում է փաստաթղթերը` ռեգիստր ներկայացնելու համար»:
Տիկին Գրիգորյանի խոսքով, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի համար որեւէ այլ սահմանափակող չափանիշ չկա եւ որեւէ խախտում չի եղել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ