Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա ասելը փրփուրներից կառչել է». Ալեն Սիմոնյանը Արարատ Զուրաբյանին հիշեցնում է, որ Վանո Սիրադեղյանն էլ գրող էր ու քաղաքապետ

Օգոստոս 08,2018 14:39

Երեւանի ավագանու ընտրություններին քաղաքապետի հնարավոր թեկնածուների անունները հայտնի են՝ Հայկ Մարության, Նաիրա Զոհրաբյան, Զարուհի Փոստանջյան, Անահիտ Թարխանյան, Արարատ Զուրաբյան: Նրանցից միայն Զուրաբյանը փորձ ունի Երեւանի տնտեսության կառավարման, «Կենտրոն» համայնքի թաղապետ է եղել եւ տեսակետներ են հնչում, որ անփորձ մարդկանց Երեւանի ղեկը հանձնելը վտանգավոր կարող է լինել:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանն ասաց. «Կարծում եմ, որ Երեւան քաղաքը մեծ տնտեսություն է եւ յուրաքանչյուր լավ տնտեսվար, յուրաքանչյուր լավ մենեջեր, որը կարող է կազմակերպել աշխատանքները ճիշտ ձեւով, կարող է աշխատել առանց գողանալու եւ ունի կազմակերպչական աշխատանքի մեծ փորձ, կարող է ոչ միայն քաղաք ղեկավարել, այլ նաեւ երկիր ղեկավարել, որովհետեւ երկրի ղեկավարները քաղաքական գործիչ լինելուց բացի կառավարիչներ են, մենեջերներ են եւ դրա մեջ որեւիցե տարօրինակ բան չեմ տեսնում: Բոլոր թեկնածուներին էլ, անկեղծ ասած, շատ լավ եմ վերաբերվում, բոլորն էլ ինձ համար քաղաքապետի ընդունելի թեկնածուներ են, բայց ամենաընդունելին եւ ցանկալին Հայկ Մարությանն է»:

Մեր դիտարկմանը, որ Հայկ Մարությանի ընդդիմախոսները գտնում են, որ նա դերասան է, դերասանն ի՞նչ քաղաքապետ կլինի՝ Ալեն Սիմոնյանը հակադարձեց. «Համաձայն չեմ որովհետեւ ես Հայկ Մարությանի հետ աշխատել եմ, տարբեր պրոյեկտների վրա ենք միասին աշխատել, մեկը «Ալաբալանիցա» ֆիլմն է, երկրորդը՝ «No comment» ներկայացումը, որի տնօրենն եմ եղել եւ կարող եմ ասել, որ նա աշխատանքի մեջ շատ բծախնդիր եւ շատ պարտաճանաչ, աշխատասեր անձնավորություն է: Ասեմ անկեղծ, անկախ նրանից, որ մենք իրար հետ մրցել ենք, այո, ես համարում եմ, որ ես շատ ավելի լավ կարող էի այդ ամեն ինչը անեի, բայց Հայկը ինձնից պակաս կազմակերպիչ ու տնտեսվար չէ: Ես մեծ հաճույքով սատարելու եմ իրեն եւ մասնակցելու եմ քարոզարշավին»:

Հարցին՝ Արարատ Զուրաբյանն ասում է, որ եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, նոր մարդկանց բերենք քաղաքապետ, կարելի է առաջարկել Նիկոլ Փաշինյանին իր հետ Գյումրուց Երեւան քայլած մարդկանցից մեկին դարձնել իր օդանավի օդաչուն եւ ասել՝ թռչենք Մոսկվա, նա դրան չի համաձայնի ու Երեւանն էլ նման փորձարկումների տեղ չէ՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Արարատ Զուրաբյանը մի թիմի ներկայացուցիչ է եղել, որն ունեցել է գրող Ներքին գործերի նախարար ու քաղաքապետ, Վանո Սիրադեղյանը գրող է եղել, բայց ոչ պակաս քաղաքապետ, Լեւոն Տեր-Պետրոսյանը լեզվաբան է եղել, մասնագիտություններից կառչելը եւ դա որպես չափանիշ վերցնելը…դրա մասին հրապարակային խոսելուց առաջ պետք է նախ մի հատ նայել սեփական անցած ճամփան: Այնպես որ դա ասելը, կարծում եմ, փրփուրներից կառչել է: Հայկ Մարությանը լավ մենեջեր է, լավ կազմակերպիչ է, լավ ղեկավար է իր թիմին ամեն հնարավոր ձեւով աջակցում է, իսկ մեր երկիրն այլեւս փորձադաշտ չի, որովհետեւ գործում է արդեն ընտրությունների մեխանիզմ: Եթե, Աստված մի արասցե, ժողովուրդը դժգոհ կլինի Հայկի ընտրությունից, մենք նախկին իշխանությունների պես չենք կառչելու, ընտրությունների միջոցով այլեւս ՀՀ քաղաքացին հնարավորություն ունի փոխել: Ոչ միայն ընտրությունների ձեւով, եթե դժգոհություն լինի, այդ ճանապարհը բաց է փոխելու, այդ ճանապարհը բացել ենք հենց մենք: Այդ մտածելակերպը հին տրամաբանություն է, հին տրամաբանությամբ պետք չի շարժվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031