Դե, սոցցանցերում «քարվան կտրելը» նորություն չէ։ Բայց երբևէ մտածե՞լ եք, շատ պատկերավոր զգացե՞լ եք, որ ձեր բառերից, հումորի տակ հրամցրած վիրավորանքներից կարող եք մարդկանց իրական վնաս հասցնել, որը չի անցնում «վայֆայի» լարը կտրելով կամ համակարգիչն անջատելով։
Ուրեմն, սուբյեկտիվ մի պատճառ գտած ձեզ, իհարկե՝ սխալմամբ, աշխարհի տեր ու որոշող մեկն եք կարծում, և ուզում եք ձեր փայլուն դաստիարակությունն ու շքեղ բառապաշարը ցողել համացանցով մեկ՝ ցույց տալով եռահարկ հայհոյանքների իմացությունը, կամ էլ, լավագույն դեպքում, ուղղակի դիմացինին անվանել հիմար, անգրագետ, տխմար․․․Չնայած ինչո՞ւ ենք մանրանում, նման դեպքերում կարճ գրում են․ «Սրան վառել է պետք»։ Վերջ, խնդիրները լուծված են։
Սոցցանցերում վիրավորանքներ շաղ տվող մարդիկ այլ միջավայրում սովորաբար հրաշալի ամուսիններ են, հոգատար ու սիրող կանայք, զարմիկների ու զարմուհիների նկարներով կիսվող հորաքույրեր ու մորաքույրեր։ Պատկերացնո՞ւմ եք որևէ մեկը սկսի ձեր գրած աղբը ուղարկել ձեր ամենամոտ բարեկամներին, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչպիսին եք դուք իրականում։ Իհարկե, ձեր որոշ մասը կհպարտանա եռահարկ հայհոյանքների իմացությամբ, մյուս մասն էլ կճղճղա՝ լավ եմ արել, ճիշտ եմ արել, դեռ մի բան էլ՝ քիչ եմ արել։
Բայց լավ ու քիչ անելուց առաջ երբևէ մտածե՞լ եք, որ մեզնից և ոչ մեկը, ընդհանուր առմամբ, իրենից մի մեծ բան չի ներկայացնում, որպեսզի իրեն թույլ տա վիրավորել դիմացինին, հասցնի նրան ընկճված տրամադրության, դառնա լացի պատճառ, կոտրի, ստիպի դեմ գնալ ցանկություններին։ Կասեք՝ է թող չկոտրվի։ Էլի որ՝ չի կոտրվի։ Նմանօրինակ էժան վիրավորանքները կամ ցինիկ դրսևորումները սկզբում գուցե ազդեն մեկ-երկու օրով, հետո՝ մի քանի ժամ, իսկ եթե հանրային գործ ծավալող մարդ ես, որոշ ժամանակ հետո իմունիտետ ես ձեռք բերում ու բացարձակ չի ազդում։ Այսինքն, գործնականորեն, որոշ ժամանակ անց մարդկանց վրա չի ազդելու ձեր արտամղած աղբը։ Իր վրա չի ազդի, բայց կթունավորի ձեր կյանքը։ Որովհետև դուք ապրում եք տվյալ աղբը հետներդ քարշ տալով, դուք հատուկ նստում եք համակարգչի առաջ, լպստոտում շուրթերը, որպեսզի սրան ասեք անբարոյական, նրան՝ անգրագետ, երրորդին էլ հաճույքով վառեք։
Աղբը ձերն է՝ որքան էլ նետեք ուրիշի վրա։ Դուք ձեր եռահարկ հայհոյանքներն եք՝ որքան էլ կեղծ բարեսրտության քողի տակ թաքնվեք՝ մի մոռացեք սրա մասին։ Եվ ամեն անգամ, երբ փորձում եք մարդկանց վիրավորել, հիշեք, որ իրական մարդու հետ գործ ունեք։ Չեք հավանում ինչ-որ բան՝ գրեք ընկերական տոնով, առաջարկեք մի քանի տարբերակ, թե ինչպես կարող է ավելի լավը դառնալ ըստ ձեզ։ Արժեզրկելով, ծաղրելով մարդուն չեք փոխելու, գուցե ցավեցնեք փոքր-ինչ, բայց միայն այդքանը։ Իսկ վնասատու լինելը հեշտ է, ուրիշ հարց է՝ ուզո՞ւմ եք արդյոք մոլախոտի հոգեբանությամբ ապրել, դուք եք ընտրողը։
Սյունե ՍԵՎԱԴԱ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ճամփորդ» շաբաթաթերթի այս համարում