Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան ճնշում է ոչ մահմեդական առաջնորդների վրա, որպեսզի պնդեն, թե իրենց չեն ճնշում

Օգոստոս 07,2018 23:05

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Իմ վերջին հոդվածներից մեկում գրել էի Միացյալ Նահանգների պետքարտուղարության Կրոնական ազատությունների մասին տարեկան զեկույցի մասին, որտեղ նշված էր, որ «Թուրքիայում բոլոր կրոնական խմբերը, բացի սունի մահմեդականներից, տառապում են խտրականությունից և հալածանքներից…. Կրոնական փոքրամասնություններն ասում են, որ շարունակում են դժվարություններ կրել հանրակրթական դպրոցներում պարտադիր [իսլամական] կրոնի դասերից ազատվելու, պաշտամունքի վայրերի գործածման կամ բացման, ինչպես նաև հողի ու սեփականության վեճերի լուծման հարցում: Կառավարությունը սահմանափակել է կրոնական փոքրամասնության խմբերի ջանքերը իրենց հոգևորականների պատրաստման գործում…»:

Զեկույցի լույս տեսնելուց անմիջապես հետո Թուրքիայի արտգործնախարարությունը հերքեց այն՝ կրոնական իրավունքների փաստագրված խախտումներն անվանելով «որոշ անհիմն պահանջների կրկնություն»:

Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջանաց ավելի խիստ ձևով հերքել Պետքարտուղարության մեղադրանքներն ընդդեմ Թուրքիայի, թեև նա սովորաբար անտեսում է Թուրքիայի քաղաքացիների, ինչպես նաև փոքրամասնությունների, նույնիսկ ամերիկացների, ինչպես պատվելի Էնդրյու Բրանսոնի մարդու իրավունքների աղաղակող խախտումների մասին բոլոր բողոքները: Էրդողանն անմիջապես հրամայեց իր օգնականներին համատեղ հայտարարություն պատրաստել Թուրքիայի բոլոր ոչ մահմեդական առաջնորդների ստորագրությամբ, պնդելով, որ իրենց կրոնական իրավունքները չեն խախտվում: Քանի որ այդ ոչ մահմեդական առաջնորդները պատանդներ են Թուրքիայում, նրանց ոչինչ չէր մնում անելու, քան ստորագրել այդ դիմումը, որը նրանց համար պատրաստել էր թուրքական կառավարությունը:

Չնայած մեզ համար հեշտ է քննադատել այս ազգային փոքրամասնությունների առաջնորդներին իրենց հանդեպ կիրառվող ճնշումները թաքցնելու համար, սակայն պետք  է հաշվի առնել այն հանգամանքը, որ նրանք ապրում են դաժան ռեժիմի տակ, որն առանց վարանելու կարող է ձերբակալել և խոշտանգել ոչ միայն կրոնական առաջնորդներին, այլև նրանց համայնքի անդամներին: Մենք պետք է նույնիսկ գոհ լինենք, որ նախագահ Էրդողանը, չնայած իր բռնապետական բնավորությանը, ցուցաբերել է բացառիկ նրբազգացություն իր երկրի դեմ արված մեղադրանքների նկատմամբ և գնահատել է ոչ մահմեդական առաջնորդների ստորագրած համատեղ հայտարարությունը, մտածելով, որ դա կօգնի Թուրքիային լավ երևալ միջազգային հանրության աչքին:

Նախագահ Էրդողանի հրամանով Թուրքիայի 18 ոչ մահմեդական փոքրամասնությունների խմբերի ներկայացուցիչները 2018 թ. հուլիսի 31-ին հնազանդորեն ստորագրել են համատեղ հայտարարություն՝ պնդելով, որ իրենց իրավունքները չեն ոտնահարվում Թուրքիայի կառավարության կողմից:

Հայտարարության մեջ կեղծորեն նշված է. «Որպես դարեր շարունակ այս երկրում ապրող հնագույն համայնքների տարբեր կրոնների և հավատքի խմբերի կրոնական ներկայացուցիչներ և հիմնադրամների տնօրեններ, մենք ազատ ապրում ենք մեր հավատքով և ազատ դավանում ենք՝ համաձայն մեր ավանդույթների: Բռնաճնշումների մասին պնդումներ կամ ենթադրություններ պարունակող հայտարարությունները լիովին կեղծ են: Անցյալում մեր ունեցած մի շարք խնդիրներն ու հետապնդումները ժամանակի հետ գտել են իրենց լուծումը:Մենք մշտական կապի մեջ ենք մեր պետական հաստատությունների հետ, որոնք պատասխանում են մեր բարձրացրած հարցերին բարի մտադրություններով և դրանք լուծելու ցանկությամբ: Մենք հանդես ենք գալիս այս համատեղ հայտարարությամբ գիտակցաբար՝ ելնելով հանրային կարծիքի ճիշտ իրազեկման պատասխանատվությունից»:

Ստորագրողների թվում էին՝ հունական ուղղափառ պատրիարք Բարդուղիմեոս Ա-ն, Թուրքիայի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Թուրքիայի գլխավոր ռաբբի Իսհակ Հալեվան, սիրական հնագույն համայնքի փոխանորդ Մոր Ֆիլուքսինոս Յուսուֆ Չեթինը, Թուրքիայի հայ կաթոլիկների հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Լևոն Զեքիյանը, Խալդյան համայնքի փոխանորդ Ֆրանսուա Յաքանը, Թուրքիայի սիրիական կաթոլիկ գլխավոր փոխանորդ պատրիարք քորեպիսկոպոս Օրհան Չանլին, Գետիկփաշա հայկական բողոքական եկեղեցու և դավանության հիմնադրամի հոգևոր նախագահ պատվելի Գրիգոր Աղաբալօղլուն, RUMVADER-ի նախագահ Անտոն Փարիզյանոսը, VADIP և Yedikule Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, Թուրքիայի հրեական հասարակության և Թուրքիայի գլխավոր ռաբբիության հիմնադրամի նախագահ Իսհակ Իբրամզադեն, Բեյօղլու սիրիական Կույս Մարիամ եկեղեցու հիմնադրամի նախագահ Սայիդ Սուսին, Սուրբ Հակոբ հայկական կաթոլիկ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Բեռնար Սարիբեյը, Ստամբուլի սիրիական կաթոլիկ հիմնադրամի նախագահ Զեքի Բազաթեմիրը, Խալդյան կաթոլիկ եկեղեցու հիմնադրամի նախագահ Թեոման Օնդերը, բուլղարական ուղղափառ եկեղեցու հիմնադրամի նախագահ Վասիլ Լիազը, վրացական կաթոլիկ եկեղեցու հիմնադրամի նախագահ Փոլ Զազաձան և թուրքական Haskoy Karaite հրեական հիմնադրամի նախագահ Միշա Օրմեն։ Այս ոչ մահմեդական 18 առաջնորդների համատեղ հայտարարությունը լայնորեն տարածվեց Թուրքիայի բոլոր ազգային փոքրամասնությունների թերթերով, թուրքական բոլոր լրատվամիջոցներով և արտասահմանյան մամուլում։

Հետաքրքիր է, որ 2018 թ. օգոստոսի 1-ին՝ համատեղ հայտարարության ստորագրումից մեկ օր անց, բոլոր 18 ոչ մահմեդական առաջնորդները հրավիրվեցին Ստամբուլի Դոլմաբահչե պալատի պաշտոնական ընդունելությունների սրահ և 4-ժամյա ճաշ-հանդիպում ունեցան Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ։ Վաղօրոք սպասվում էր Էրդողանի մասնակցությունն այս հանդիպմանը, սակայն վերջին պահին նա չկարողացավ մասնակցել։

Չնայած  համատեղ հայտարարությունը նպատակ ուներ կոծկել Թուրքիայում ոչ մահմեդական հաստատությունների առջև ծառացած  բազմաթիվ դժվարությունները, այս բլեֆը շատ արագ բացահայտվեց, երբ մասնակիցները հանդիպման ժամանակ Իբրահիմ Քալընին բողոքեցին իրենց կրոնական իրավունքների բազմաթիվ խախտումների մասին։

Օրինակ, արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնեց տեղական հայկական լրատվամիջոցին, որ ինքը և Շիրինօղլուն Քալընին պատմել են այն կալվածքների մասին, որոնք վերջին տարիներին վերադարձվել են հայ համայնքների հիմնադրամներին, սակայն քաղաքապետի կամ նախարարի կողմից որոշումը չեղյալ համարելով։ Նրանք նաև բողոքել են պատրիարքարանի իրավական կարգավիճակի և նվիրատվություններ ստանալու անկարողության մասին, որի պատճառով պատրիարքարանը կանգնած է լուրջ ֆինանսական դժվարությունների առջև։ Արք. Աթեշյանը առաջարկել է՝ կամ թուրքական կառավարությունը թույլատրի, որ պատրիարքարանը ստանա նվիրատվություններ կամ բյուջե հատկացնի՝ նրա ծախսերը վճարելու համար։ Արք. Աթեշյանը նաև բարձրացրել է տեղական եկեղեցական ներկայացուցիչների կասեցված ընտրությունների և պատրիարքական ընտրությունների հետաձգման հարցերը։ Ընդունելության մյուս մասնակիցները ևս բողոքել են Քալըմին իրենց տարբեր դժվարությունների մասին՝ հակասելով իրենց իսկ ստորագրած հայտարարությանը, որ նրանք կրոնական խնդիրներ չունեն Թուրքիայում։ Ահա թե ինչու նախաճաշը տևեց չորս ժամ…

Իր հերթին Քալընը նախագահ Էրդողանի անունից շնորհակալություն հայտնեց ստորագրող կողմերին իրենց համատեղ հայտարարության համար, ակնհայտ դարձնելով, որ դա Թուրքիայի համար խոշոր հաջողություն է:

Միակ ձայնը, որն ընդդիմացավ ոչ մահմեդական առաջնորդների այս համատեղ հայտարարությանը՝ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանինն էր, որը համարձակորեն հայտարարեց. «Չեն թողնում, որ մեր պատրիարքին ընտրենք, չեն թողնում, որ հոգևոր դպրոց բացենք, թույլ չեն տալիս, որ եկեղեցու հիմնադրամների ղեկավարներ ընտրենք, և համայնքն էլ աղավնու պես երկչոտ է»։

Պարզ է, որ համատեղ հայտարարությունը ստորագրվել էր ճնշման ներքո: Զավեշտալի է, որ թուրքական վարչակարգը ճնշում է գործադրել ազգային փոքրամասնությունների առաջնորդների վրա, որպեսզի նրանք հայտարարեն, թե իրենց վրա ճնշում չի եղել: Նման բան կարող է լինել միայն Թուրքիայում:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031