Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին։
Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ զրուցակիցները փոխադարձաբար շնորհավորել են միմյանց ամռան սկզբից նոր պաշտոնների ստանձնման առթիվ։
Պետնախարարի խնդրանքով Գ․ Բալայանը ներկայացրել է Երևանում մշակվող սոցիալական նշանակության հիփոթեքային վարկային ծրագրի տեխնիկական մանրամասները, որի հիմնական շահառու խումբը կազմելու են զինծառայողները։ Նախատեսվում է, որ զինծառայողների պարագայում կանխավճարը մեծապես սուբսիդավորվելու է պետական միջոցներով, իսկ վարկերի տոկոսագումարը փոխհատուցվելու է վերջիններիս եկամտային հարկից։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել քննարկվող ծրագրի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև Արցախն ու արցախաբնակ զինծառայողներին լիակատար կերպով վերջինիս շրջանակներում ներառելու մասին։ Պետնախարարը կարևորել է զինծառայողների սոցիալական ապահովությանը վերաբերող օրենսդրությունների հետագա ներդաշնակեցումն ու այս հարցերում փորձի փոխանակումը։
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին