Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանի որդիների երազած շենքը Գյումրիում արդեն տեր ունի

Օգոստոս 07,2018 19:45

Գյումրու կենտրոնում՝ Ջիվանու փողոցում գտնվող Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքը, որի վրա հանրապետության մեծահարուստներից շատերը աչք ունեին, նույնիսկ քաղաքի պաշտոնյաներից շատերը պնդում էին, որ Գալուստ Սահակյանի որդիներն էին ուզում այն ձեռք բերել ու հյուրանոց կառուցել, կառավարության որոշմամբ՝ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է Շիրակի մարզի երկրագիտական թանգարանին։

Նման որոշում կայացնելու համար հիմք ծառայել էր Գյումրու ավագանու անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի առաջարկն՝ ուղղված մշակույթի նախարարությանը։ Ու թեև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեմ էր արտահատվել շենքը թանգարանին հատկացնելուն․ նա առաջարկում էր թանգարանը տեղափոխել Բուլվարային ծայրամասային թաղամասում գտնվող վիճակագրական վարչության շենք, այդուհանդերձ այն արդեն իրողություն է։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ավագանու վերջին նիստում հայտարարեց՝ «Ալամ աշխարհն աչք ունի այդ շենքի վրա»։

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, փոխնախարար Տիգրան Գալստյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը և Շիրակի մարզի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը քիչ առաջ հանդես եկան մամուլի ասուլիսով՝ հայտարարելով երկրագիտական թանգարանի վերանորոգման աշխատանքի մեկնարկը: Բանախոսները նշեցին, որ 50 միլիոն դրամ են հանգանակելու այն կարգի բերելու համար։ Նախարար Լիլիթ Մակունցն ասաց, որ իրենց բոլոր ջանքերը, ռեսուրսները, կապերը ներդնելու են սեղ ժամկետում՝ մեկ ամսվա ընթացքում այդ գումարը հավաքագրելու։

Տիգրան Գալստյանն ասաց, որ 50 միլիոնն անհրաժեշտ է առաջին փուլի համար, շենքի մակերեսը շատ մեծ է, ցանկանում են ընդհանուր վերանորոգում կատարել, որպեսզի բացման ժամանակ պատշաճ ներկայացվի թանգարանը, իսկ ընդհանուր շենքի վերանորոգման համար պահանջվող գումարի չափը չի կարող ասել, քանի որ դա քաղաքաշինության կոմիտեի գործառույթն է։

Նախարար Լիլիթ Մակունցն ասաց, որ մեկնարկային գումարի հետ կապված արդեն իսկ առաջարկ ունեն Տիգրան Համասյանից։ «Կարծում եմ ճիշտ աշխատելու և լավ լուսաբանելու պարագայում, նաև լրագրողների օգնությամբ կկարողանանք խոսքը տեղ հասցնել և այդ գումարը հայթայթել։ Հեշտ գործ չի լինելու, բայց կանենք»,- ասաց Լիլիթ Մակունցը։

Նրանք օգտագործելու են նաև Սփյուռքի ներուժը թանգարանին հատկացված շենքի վերանորոգման, այն է՝ Գյումրու շենացման գործում։

Շիրակի մարզի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանն էլ իր խոսքում առաջարկեց Գյումրիից մայրաքաղաք տարված Մինաս Ավետիսյանի որմնանկարները հենց այս շենք տեղափոխելու մասին։ Նա խոսեց նաև այստեղ պատկերասրահ ունենալու մասին։ Ըստ Արտաշես Բոյաջյանի՝ Գյումրու պատկերասրահը ձևավորվել է Շիրակի երկրագիտական թանգարանի նկարներով, սակայն դրանց մեծ մասը երկրաշարժից հետո տեղափոխվել են Երևան։ Նա նշեց, որ պետք է բարձրաձայնել նաև նկարների վերադարձման հարցը։

Նախարար Մակունցն ասաց, որ Գյումրիում նախորդ հանդիպման ժամանակ քննարկել են տարբերակներ՝ ինչպե՞ս լուծել Մինաս Ավետիսյանի որմնանկարները Գյումրի տեղափոխելը ու առաջին խնդիրը եղել է տեղակայման հարցը։ Մինասի որմնանկարները, ըստ նախարարի, մայրաքաղաք են տեղափոխվել պատշաճ պայմաններ չունենալու պատճառով։ «Մինչ դրա մասին մտածելը, պետք է հստակ իմանալ՝ արդյոք կարո՞ղ ենք ապահովել այն բավարար պայմանները, որոնք անհրաժեշտ են որմնանկարների տեղափոխության համար։ Մենք նաև խնդրել էինք պարոն Բարսեղյանի միջոցով հարցը բարձրաձայնել ավագանու նիստին, կքննարկվեր հնարավոր տարբերակներ։ Արձագանքներ չստանալով՝ հասկացանք, որ այնուամենայնիվ որմնանկարների տեղակայման հարցը խնդիր է։ Դուք բարձրաձայնեցիք, որ կարող են նաև այստեղ տեղակայվել, իհարկե, անհրաժեշտ են ունենալ բավարար պայմաններ։ Մինչ ձեզ տրամադրելը խոսքը, ուզում եմ յուրաքանչյուրս շատ մեծ լրջությամբ վերաբերենք, որովհետև ամեն անգամ տեղափոխությունը ենթադրում է որոշակի վտանգ, որոշակի ռիսկ է պարունակում և, բացի այդ, շատ մեծ գումարի մասին է խոսքը։ Մինչ տեղափոխություն իրականացնելը պետք է վստահ լինենք, որ այդ քայլով էլ ավելի մեծ վնաս չենք հասցնում մշակութային արժեքին»,- ասաց նախարարը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն էլ ասաց, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի բացասական կարծիքն այս շենքը թանգարանին հատկացնելու մասին, ապացույցն է այն փաստի, որ նախորդ իշխանությունների ժամանակ ամեն ինչ վաճառելու, մասնավորեցնելու տրամաբանությամբ են շարժվել։ «Հիմա ով ինչ շահեր է ունեցել, ով ինչ պլաններ է ունեցել, չեմ կարող ասել, բայց այժմ ոչ միայն իրավիճակ է փոխվել, այլ մտածողություն, մենք պետական գույքը փորձելու ենք տնօրինել և օգտագործել ի շահ ժողովրդի, համայնքի, բնակիչների, տվյալ դեպքում համայնքի մշակույթի զարգացման գործում»,-ասաց Նարեկ Բաբայանը։

Մենք նրանից հետաքրքրվեցինք՝ թե Գալուստ Սահակյանի որդիներից Գյումրու սրտում գտնվող այս շենքը ձեռք բերելու դիմում չի ստացե՞լ․ Գյումրիում համառ լուրեր էին շրջանառվում, որ հենց նրանք էին ուզում տեր կանգնել այս շենքին։

«Գալուստ Սահակյանի որդին պետական գույքի կառավարման վարչության նախագահն էր, և եթե նման պլաններ են ունեցել, ես, ինչպես մի քանի րոպե առաջ ասացի, բարեբախտաբար, տեղյակ չեմ։ Պարզ է, որ իմ նշանակումից հետո նման դիմում չէր կարող լինել։ Ես այս շենքի նախապատմությունից տեղյակ չեմ, պարզապես հասկանալի է, որ այս կամ այն շենքը պահված են եղել համապատասխան առիթով օգտագործվելու համար»։

Հիշեցնենք, որ 25000-ից ավելի եզակի ցուցանմուշներ ունեցող Շիրակի երկրագիտական թանգարանը խղճուկ պայմաններում էր, չէր կարողանում ցուցադրել Շիրակի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, ցուցանմուշները խոնավ պայմանների պատճառով փչանում են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ominac says:

    չի հասկցայ, եթէ երկրագիտական թանգարան է, ինչու պատմամշակութային ժառանգութեան մասին կը գրէք,։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031