Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց եք պատկերացնում պարոն Ծառուկյանի ախրանան իր կողքը, էլ բանուգործ չունի, ի՞նքը պիտի գա ինձ վրա ձեռք բարձրացնի». Վյաչեսլավ Հարությունով

Օգոստոս 07,2018 19:36

«Ընդհանրապես այդպիսի հայտարարություններ իմ կողմից չեն եղել, որ Գագիկ Ծառուկյանը կամ Էդուարդը ինձ ծեծել են, ոտքս սայթաքել է, ես ընկել եմ»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց Վյաչեսլավ Հարությունովը՝ անդրադառնալով Էդուարդ Բաբայանի (Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ) ձերբակալության գործին: Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության հաղորդման՝  «Ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է»: Եվ այստեղ էլ տեսագրության մեջ կար նրա «տվին, ջարդուփշուր արին» արտահայտությունը:

Լրագրողները խնդրեցին մանրամասնել, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: Վյաչեսլավ Հարությունովը պատմեց. «Երբ Գագիկ Ծառուկյանը նախարարին ասաց, որ զբաղվեմ Նիկոլի հարցերով, համարներով փոխանակվեցինք, որ զանգեմ, գնամ նախարարի մոտ, ես անցա ներս, սպասում էի Ծառուկյանին, մի քիչ սպասեցի՝ մոտ 20 րոպե, մի քիչ ջղայնացած էի, ձեռքս էլ ջուր էր, գետնին խփեցի, թե էսքան սպասել կլինի՞ ու խփածս ջրի վրա ոտքս սոթ տվեց: Էդոն մոտեցավ, ասաց՝ ի՞նչ է եղել, ասացի, ոչինչ, գնում եմ հիվանդանոց»:

Վյաչեսլավ Հարությունովը նշեց, որ այնուհետև 08.30 իր մոտ հիվանդանոց են եկել ոստիկանությունից. «Մինչև 12.30 ինձ մոտ մատյաններով էին, ոչ մի հայտարարություն չի եղել, 12.30 մեկը եկավ, ինչ-որ բաներ պատմեց, վերջում ինձ ասացին՝ այստեղ պիտի ստորագրես: Մեկ էլ եկան 04.30: Այդ ի՞նչ հրատապություն կար, որ ես դեղորայքի ազդեցության տակ՝ դիմիդրոլ, տրամադոլ, ինձ քնից հանեցին, ինչ- որ բան ասեցին, ոչ մեկին էլ թույլ չէին տալիս ինձ մոտենալ: Առավոտյան արթնացա, կնոջս են թույլ տվել գալ ինձ մոտ, մի քիչ վախեցած ու անհանգիստ էր, թե ինչ է պատահել Գագիկ Ծառուկյանի կամ Էդուարդի հետ: Ասացի՝ սուտ է: Նախ կնոջս խնդրեցի այդ ամենը պատմել լրագրողներին, հետո գնալ Գագիկ Ծառուկյանենց տուն»:

Վյաչեսլավ Հարությունովը հայտնեց, որ իր ու Գագիկ Ծառուկյանենց մեջ եղբայրական կապեր կան ու հավելեց. «Ես այն մարդը չեմ, որ ինձ ծեծեն, առավոտյան ժամը 08.00-ին իմ կնոջն ուղարկեմ ինձ ծեծողի մոտ: Ես տենց էլ չհասկացա, թե ո՞նց դարձա տուժող, պարոն Ծառուկյանին կամ Էդիկին էլ ո՞նց  սարքեցին մեղադրյալ: Այն տղան ի՞նչ մեղք ունի, որ այսօր գնացել, անկապ տեղը նստել է իր ընտանիքից, երեխաներից զրկված: Մի բան էլ նենց է, որ ինձ ծեծել է: Հո հավի ճուտ չե՞նք՝ մեզ բռնեն ծեծեն: Ո՞նց եք պատկերացնում պարոն Ծառուկյանի ախրանան իր կողքը, էլ բանուգործ չունի, ի՞նքը պիտի գա ինձ վրա ձեռք բարձրացնի: Աբդսուրդային է»:

Վյաչեսլավ Հարությունովը վստահեցրեց՝ ոչ Էդոն, ոչ Գագոն ֆիզիկապես այնտեղ չեն եղել: Այնուհետև պատմեց, թե ՀՔԾ-ում հեռացրել են իր փաստաբանին ու փորձել իրենց կաշառել, բայց չի ստացվել, հետո փորձել են շանտաժ անել:

Վյաչեսլավ Հարությունովի փաստաբան Վահագն Հակոբյանը վստահեցրեց՝ այդ ժամանակ իր պաշտպանյալը եղել է հոգեմետ դեղերի ազդեցության տակ:

Դիտարկմանը՝ փաստորեն Վյաչեսլավ Հարությունովը սուտ ցուցմունք է տվել, իսկ դրա համար քրեական պատասխանատվություն է սահմանված, փաստաբանը պատասխանեց. «Սուտ ցուցմունք, հաղորդում տալու համար մարդ կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ նա այդ ցուցմունքը կամ հաղորդումը տալու ժամանակ գիտակցել, հասկացել է: Ո՞նց եք պատկերացնում թմրանյութերի ազդեցության տակ գտնվող անձը հայտնում է դեպքի մասին և նախաքննական մարմինը հաղորդում է դա համարում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031