ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ` ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ:
Մասնավորապես, տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի պաշտոնատար անձը 2015-2018թթ ընթացքում նշված բաժնի հաշվապահի միջոցով իր և ոստիկանության 11 ծառայողների քարտային հաշվեհամարներին ավել վճարված գումարները, բաժնի արտաբյուջետային հաստիքներ զբաղեցնող մի խումբ աշխատակիցների համար անհիմն հաշվարկված և հաշվարկային հաշվեհամարներին փոխանցված սոցիալական փաթեթի գումարները, ինչպես նաև հիշյալ բաժնում պաշտոններ փաստացի չզբաղեցրած անձանց և համապատասխան պահակետում 2018 թվականի հունիս ամսին պահպանություն չիրականացրած աշխատակցի քարտային հաշվեհամարներին պետական բյուջեից փոխանցված գումարները, ընդհանուր` 128.646.911 ՀՀ դրամ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման եղանակով հափշտակել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայություն