Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում փորձել են երեխա առեւանգել (ֆոտոշարք և տեսանյութ)

Օգոստոս 07,2018 18:19

Քիչ առաջ Վանաձորի Իսահակյան 1 նրբանցք 13 շենքի բակից մի կին փորձել է առեւանգել նույն թաղամասի բնակիչ 10-ամյա աղջկա: Նշված կինը նույն նպատակով երեկ էլ մոտեցել է թաղամասի մեկ այլ երեխայի. «Ես երեկ ժամը 2-ի կողմերը փոքր թոռնիկիս հետ խանութ գնացի: Խանութից դուրս գալիս փողոցի մոտ տեսա մի կին, մեծ թոռնիկիս հետ խոսում է: Մոտեցա, ասեցի ի՞նչ եք ուզում, ասաց դա իմ թոռնիկն է: Ասեցի, տիկին ջան իմ թոռնիկն է: Ասեց իմ թոռնիկն է, իմ տղան Ռուսաստանից բերել է թողել մամայի մոտ, մաման չի թողնում, որ գա ինձ մոտ, մեզ տեսնի: Երեխայի ձեռքը բռնել էր, ես բաց թողեցի, ու երեխային բերեցի տուն»,- պատմում է նույն հասցեի բնակիչ Սուսաննա Պեպանյանը:

75-ամյա կինը այսօր էլ վերադարձել է նշված թաղամաս, կրկին մոտեցել երեխաներին. «Թոռս վազելով տուն եկավ, թե տատիկ էն կինն էլի եկել է: Գնացել է երեխեքի մոտ, իմ թոռնիկին հարցրել է, սոված չե՞ս, իմ թոռնիկը թողել տուն է եկել: Մոտեցել է հարեւանի աղջիկ երեխային, ձեռքը բռնել: Որ թոռնիկս եկավ ասավ, մենք վազեցինք դուրս: Հարսս ասեց ու՞ր ես տանում երեխային, ասեց դա քո գործը չէ, իմ թոռն է, ես տանում եմ: Երեխայի ձեռքից քաշեցինք վերցրեցինք: Ես էլ մի հատ հրեցի իրեն, հարսիս խփում էր: Ու երեխայի հարազատներն արդեն դուրս եկան: Տատիկը վազեց իրա հետեւից, փողոցից բռնեց բերեց: Բակում պահեցինք, մինչեւ ոստիկանությունը եկավ»,- պատմում է տիկին Սուսաննան:

Դեպքին ականատես է եղել նաեւ հարեւան շենքի բնակիչ Լիլիթը: Ասում է՝ արդեն վախենում են երեխաներին միայնակ դուրս թողնել. «Լուսամուտից տեսա, ոնց էր երեխայի ձեռքը բռնած ուզում տաներ: Հետո, հարեւանուհին իրա ձեռքից երեխային քաշում էր, ինքը չէր թողնում: Բայց որ մի քանի հոգի հավաքվեցին, նոր այդ ժամանակ թողեց երեխայի ձեռքն ու արագ փախավ: Չգիտեմ ինչ պետքա արվի, որ երեխայի վախն էլ անցնի: Մի ժամ լացում էր, չէին կարողանում հանգստացնել: Ես արդեն վախենում եմ երեխայիս դուրս թողնել, կամ մանկապարտեզ ուղարկել: Հատկապես,  որ մանակապարտեզում էլ երեխաներին դուրս են բերում, եւ չգիտես ինչ կլինի»:

Մեր այնտեղ գտնվելու պահին դեպքի վայրում էին նաեւ Ոստիկանության Վանաձոր քաղաքի «Բազումի» բաժնի աշխատակիցները. «Բաժնի օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Այնտեղ հայտնաբերել է ենթադրյալ առեւանգում կարած կնոջը: Կատարվածի վերաբերյալ անչափահաս երեխայի տատիկից  վերցվել է հաղորդում: Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող հայտնել: Կնոջ հետ կապված այս պահին այլ ահազանգ չենք ունեցել: Եթե նյութերի նախապատրաստման ընթացքում կպարզվի այլ բան, սահմանված կարգով ընթացք կտանք նաեւ այլ տեղեկատվությունների»,- մեզ հետ զրույցում ասաց Ոստիկանության Վանաձոր քաղաքի «Բազումի» բաժի պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության մայոր Կարեն Արզումանյանը:

Առեւանգման փորձ կատարած կինը Վանաձոր քաղաքի բնակիչ է, ապրում է միայնակ: Այժմ ոստիկանությունում է, կատարվածի վերաբերյալ բացատրություն է տալիս: Կարեն Արզումանյանը հերքեց այն խոսակցությունները, թե կինը հաշվառված է Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031