Օգոստոսի 7-ին Ադրբեջանի Թովուզի շրջանում երկու քաղաքացի պայթել են ականի վրա և ստացել տարբեր աստիճանի ծանր վնասվածքներ։ Այս մասին, ըստ «Ռազմինֆո»-ի՝ հայտնում է ադրբեջանական Report լրատվակայքը։
Ինչպես հայտնում է աղբյուրը, դեպքը եղել է Հայաստան–Ադրբեջան սահմանի մոտ՝ Ալիբեյլի գյուղի շրջակայքում։
Վիրավորված երկու քաղաքացիներն են նույն գյուղի բնակիչ 24-ամյա Մեհդիև Էլշադ Վիդադի օղլուն (Mehdiyev Elşad Vidadi oğlu) և 14–ամյա Հյուսեյնով Էլգյուն Ֆարիդ օղլուն (Hüseynov Elgün Fərid oğlu)։ Վերջիններս տեղափոխվել են Թովուզի շրջանի կենտրոնական հիվանդանոց։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ 14-ամյա Էլգյունի ոտքը հեռացրել են, իսկ 24-ամյա Էլշադի վիճակը նորմալ է։
Նշվում է, որ տղաները կենդանիներ են արածացրել գյուղի տարածքում, հետո դրանք անցել են արգելված գոտին։ Տղաները փորձել են կենդանիներին հետ բերել, արդյունքում պայթել են ականի վրա։