Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր վերսկսվեց 2015թ. մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով դատաքննությունը: Հունիսի չորսին պետք է հրապարակվեր այս գործով դատավճիռը, սակայն դատավոր Դավիթ Բալայանն անսպասելի որոշում էր կայացրել՝ գործի քննությունը սկսել նորից, քանի որ կրկնակի դատաբժշկական փորձաքննության կարիք կա:
Հիշեցնենք, որ Մարգարյանի մահվան համար մեղադրվում են «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, որը վարել է հղիության ընթացքը եւ հերթապահ-բժշկուհի Անի Բաբելյանը: Նրանք իրենց մեղավոր չեն ճանաչել, իսկ Մերի Մարգարյանի հարազատները պնդել են, որ նրանց մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետեւանքով են մահացել Մերի Մարգարյանը, իսկ հաջորդիվ՝ նորածինը:
Այսօր դատավոր Բալայանը կողմերին տեղեկացրեց, որ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու համար դատարանը պետք է որոշում կայացնի: Դատավարության կողմերն առարկություններ չունեին: Փորձաքննության անցկացման մասին որոշումը դատարանը կհրապարակի վաղը՝ օգոստոսի 8-ին, 10:00-ին: Նիստն այսքանով ավարտվեց:
Մերի Մարգարյանի իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Մարինե Թովմասյանն Aravot.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց, որ դատաբժշկական փորձաքննությունը պետք է հստակեցնի, թե որոնք են Մերի Մարգարյանի մահվան պատճառները եւ ովքեր են մեղավոր նրա մահվան համար:
Փաստաբանի փոխանցմամբ՝ նախորդ դատաբժշկական փորձաքննությունը կատարել է համապատասխան փորձագիտական կենտրոնը, որը մասնագետների ներգրավման հարցում կաշկանդվածություն ունի: Իսկ նոր դատաբժշկական փորձաքննությունն իրականացնելու է Առողջապահության նախարարությունը. «Նախարարը կաշկանդված չէ այդ հարցում, ի տարբերություն փորձագիտական կենտրոնի, որը որոշ ոլորտների մասնագետներ չունի: Նախարարը ստեղծելու է հանձնաժողով, որը մասնագետների անուններն ուղարկելու է դատարան»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ