Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գաբրիել Ղազարյան. «Ազգային ֆեդերացիաները չպետք է հույսը դնեն միայն պետության աջակցության վրա»

Օգոստոս 07,2018 16:54

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը ներկայացրեց նախարարության իրականացրած ծրագրերը՝ ուղղված ինչպես բարձր նվաճումների սպորտին, այնպես էլ՝ տարբեր տարիքային խմբերի ու խավերի հետ տարվող զանգվածային ֆիզկուլտուրայի եւ առողջ ապրելակերպի ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

Գաբրիել Ղազարյանն անդրադարձավ նաեւ առկա խնդիրներին, որոնք գլխավորապես կապված են հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման մակարդակին, ազգաբնակչության՝ առողջ ապրելակերպով զբաղվելու հետ առնչվող պայմաններին եւ մարզադպրոցներին: Նա նշեց, որ միայն 2018 թվականի այս ժամանակահատվածում Հայաստանի մարզիկները Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում արդեն նվաճել են 86 մեդալ. 30՝ ոսկե, 24՝ արծաթե եւ 32՝ բրոնզե, որոնց մոտ 70 տոկոսը նվաճել են նախարարության հաշվեկշռում գտնվող մարզադպրոցները: «Դա թիմային աշխատանքի արդյունք է: Առջեւում դեռ մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններն են: Եվ եթե այս տեմպերով աշխատանքները շարունակվեն, մենք Տոկիոյի օլիմպիական խաղերում ավելի շատ մասնակիցներ կարող ենք ունենալ, քան Ռիոյում: Ընդ որում, նաեւ այնպիսի մարզաձեւերից, որոնցում մինչ այդ վարկանիշ չենք ունեցել», – ասաց Գաբրիել Ղազարյանը:

Aravot.am-ը հետաքրքրվեց. պետական աջակցություն ստանում է շուրջ 34 ֆեդերացիա, սակայն դրանց մի մասը որեւէ արդյունք այդպես էլ չի արձանագրում: Արդյոք ներկայիս կառավարությունը մտադի՞ր չէ վերանայել այդ գործընթացը: Մասնավորապես, բասկետբոլի ֆեդերացիան Հայաստանում վերջին մի քանի տարում մարզաձեւի մեծ վերելք ու առաջընթաց է արձանագրել, ազգային հավաքականն անցել է Եվրոբասկետի ավելի բարձր փուլ, սակայն ֆինանսական ու պայմանների բացակայության պատճառով ստիպված է եղել հրաժարվել մասնակցությունից: Կամ ջրացատկում Հայաստանում վերջին մի քանի տարում աճել է միջազգային մակարդակի չորս մարզիկ, որոնք սկսել են ձեռնոց նետել աշխարհի առաջատար ջրացատկորդներին ու հաղթել, լրացրել են միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա եւ ի վիճակի են պայքարել օլիմպիական ուղեգրերի համար, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չեն կարողանում լիարժեք ուսումնամարզական հավաքներ կազմակերպել, մասնակցել օլիմպիական միջազգային վարկանիշային մրցումների: Իսկ դրա փոխարեն ֆեդերացիաներ կան, որոնք տարիներ շարունակ պետությունից աջակցություն են ստանում, սակայն որեւէ տեղաշարժ այդպես էլ չկա:

Փոխնախարարը չհերքեց, որ խնդիրներ կան (խնդիրները նոր չեն: Ա. Հ.), սակայն վստահեցրեց, որ լուծումներն ընթացքի մեջ են, ու ոչ հեռու ապագայում դրանք կտեսնենք: «Ինչ վերաբերում է Եվրոբասկետից հրաժարվելուն, մեկ փուլից հրաժարվելը դեռ չի նշանակում, թե Հայաստանում բասկետբոլը անկում է ապրում: Հակառակը, եթե այդ ժամանակը բասկետբոլի ֆեդերացիան ճիշտ օգտագործի, դա այնքան էլ հետքայլ չի լինի:

Ֆեդերացիաների աջակցության մասին: Որեւէ ֆեդերացիայի ֆինանսավորումն ավելացնելու համար, այդքան գումար պետք է հանել մեկ այլ ֆեդերացիայի ֆինանսավորումից: Կան չափորոշիչներ, որոնցով առաջնորդվում է նախարարությունը: Տրամադրվող պետական աջակցության գումարների նպատակը երկրում մարզաձեւի պահպանումն ու զարգացումն է, խոսակցական լեզվով ասած՝ շունչ քաշելը: Բայց ֆեդերացիաները չպետք է մնան միայն պետության հատկացումների հույսին եւ իրենք էլ պետք է գումարներ հայթայթեն, ինչպես անում են նույն բասկետբոլի, ջրացատկի եւ առաջընթաց արձանագրող մյուս ֆեդերացիաները», – ասաց Գաբրիել Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031