ՀՀ Սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նախարար Մխիթար Հայրապետյանի նախորդ հայտարարություններից մեկին, թե «Արի տուն» ծրագրում չարաշահումներ են կատարվել: «Պետական վերահսկողական ծառայությունը նախորդ չարաշահումների վերաբերյալ ներկայումս ստուգումներ է իրականացնում, որոնց արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն, երբ գործընթացն ավարտված լինի»,-հայտնեց փոխնախարարը:
Դավիթ Սարգսյանը նշեց. «Մենք արդեն ունենք չարաշահումների մասին որոշակի տվյալներ, բայց այս պահին չենք հրապարակի, քանի դեռ պաշտոնական տվյալները չեն ամբողջացվել»:
Ինչ վերաբերում է «Արի տուն» ծրագրին փոխարինող նոր՝ «Քայլ արա դեպի տուն» ծրագրին, փոխնախարարի խոսքով՝ այն իրականացնող նոր կազմակերպությունը, որը շահել է մրցույթը, ամբողջովին թափանցիկ է աշխատելու: «Շահող կազմակերպության յուրաքանչյուր ծախսի մասին մենք տեղյակ ենք լինելու. ընկերությունը ներկայացնելու է համապատասխան հաշվետվություն՝ բոլոր ծախսերի մասին»,- վստահեցրեց Սփյուռքի փոխնախարարը:
Հիշեցնենք, որ «Քայլ արա դեպի տուն» նոր ծրագիրը «Արի տուն» եւ «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերի միաձուլումն է:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե նոր ծրագիրը պահպանել է նախորդ երկուսի բաղադրիչները եւ միայն կրթական միջոցառումներն են ընդլայնվել, ի՞նչ կարիք կար անունը փոխել, «Իմ քայլը» շարժման անվան հետ է դա կապվա՞ծ, քաղաքական ենթատեքստ կա՞: «Կարծում եմ՝ ոչ»,-ժպտալով արձագանքեց Դավիթ Սարգսյանը:
Նա այդպես էլ չհստակեցրեց, թե ինչու են փոխել ծրագրի անունը. «Ընդհանուր քննարկումների արդյունքում այդ անվանումն ընտրեցինք: Նոր ծրագիր՝ նոր անվամբ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ