Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետի տիկին. «Չփորձարկենք մեր երեխաներին` ոչ նրանց փախուստը, ոչ հերոսությունը»

Օգոստոս 07,2018 15:48

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը անդրադառնալով «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեկնարկին ու վերջերս Մոսկվայում հնչեցրած ելույթի ժամանակ արված այն արտահայտությանը, թե կարեւոր չէ` ինչպես է ծագել Արցախյան հակամարտությունը, նշեց. «Ինչքանով ես եմ տեղյակ, երկու ուղղությամբ է հնչել քննադատությունը, նախ, որ ասել եմ`կարեւոր չէ, թե ինչից է ծագել այդ հակամարտությունը, եւ այն հատվածի վերաբերյալ, որ ասել եմ` մեր եւ ադրբեջանցի երեխաների հայացքները նույնն էին:

Առաջին հատվածի հետ կապված արդեն առիթ ունեցել եմ մեկնաբանել, բայց նորից կկրկնեմ: Իհարկե, շատ կարեւոր է, թե ինչից է ծագել Արցախյան հակամարտությունը, բայց կարեւոր է տարբերել, թե որտեղ է դա կարեւոր եւ որտեղ` կարեւոր չէ:

Այն լսարանում, որի առաջ էի եւ այն նպատակը, որի համար խոսում էի, բոլորովին չէր ենթադրում խորանալ եւ քննարկել հակամարտության ծագման դետալները, դա ընդամենը կանանց լսարան էր, որը պետք է ոչ ասեր պատերազմին: Պատերազմին ոչ ասելու համար պետք չէ ուսումնասիրություններ կատարել պատերազմի ծագման աղբուրների հետ կապված, այլ պետք է ասել ոչ պատերազմին, որպեսզի ուսումնասիրություններ անողները եւ բանակցություն վարողները խաղաղ պայմաններում, երկու կողմից էլ առանց զոհերի կարողանան նստել սեղանի շուրջ եւ ուսումնասիրեն` որտեղից է ծագել եւ գտնեն, թե ինչպես պետք է հանգուցալուծվի: Կարեւոր է, որ դա տեղի ունենա խաղաղության պայմաններում եւ այդ կոչս հենց դրան էր ուղղված»:

Ինչ վերաբերվում է 18-ամյա երեխաների հայացքների նմանության վերաբերյալ քննարկումներին ու քննադատություններին, այս մասին էլ Աննա Հակոբյանը նշեց. «Ասում են, որ մեր երիտասարդները, մեր զինվորները քաջ են… Իհարկե քաջ են, բայց յուրաքանչյուր քաջությունից առաջ նախ վախն է… Եթե 18-ամյա երեխան կանգնած է մահվան սպառնալիքի առաջ, ընդ որում անհասկանալի է, թե ինչ պայմաններում կհայտնվի, ինչ վտանգների կենթարկվի, ինչ տեղի կունենա իր հետ, նա չի կարող հայացքում վախ չունենալ, դա հայտնի բան է, դա քննարկման հարց չէ…Եվ հարց է, թե այդ պահին վախին հաջորդող վայրկյանները ինչպիսին կլինեն` փախուստի՞, թե՞ հերոսության վայրկյաններ: Բայց իմ ելույթը դրա մասին չէր, այլ այն մասին էր, որ չփորձարկենք մեր երեխաներին` ոչ նրանց փախուստը, ոչ նրանց հերոսությունը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031