Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գեւորգ Պետրոսյանը՝ իր սխալի մասին. ինչու է պատգամավորը պատրաստ եղել ՀՀ-ից հեռանալ ու Ծառուկյանի մոտ ընդունել իր սխալը

Օգոստոս 07,2018 15:03

«Ծառուկյան» խմբակցության նիստում Գագիկ Ծառուկյանը, քննարկելով խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը, պատռել է այն՝ ասելով. «Որեւէ մեկը կարո՞ղ ա մտածի, որ Գեւորգը կարա ծախված լինի, ական լինի, պատվեր կատարի: Նա կարա՞ լինի դավաճան: Գեւորգը չի կարա չէ՞ ոչ ծախված լինի, ոչ պատվեր կատարի»:

Նա ասել է, որ Գեւորգը «մաքուր ա», նվիրված մարդ. «Հիմնական խնդիրը, որ էսօր եղել ա, անձնական հարց է, որը որեւիցե քաղաքական գործիչ իրավունք չունի մասսայականացնի: Տարբեր դաշինքներում բոլորս տեսնում ենք, որ մարդիկ իրար չսիրելով, ատելով՝ հայտարարությունները անում են շատ հարգալից: Ես իր հետ խոսել եմ, ինքը հասկացել ա, որ անձնականը քաղաքականության մեջ իրավունք չունենք հրապարակելու: Ինքը հասկացել ա իր բացթողումը»:

Հիշեցնենք, որ Գեւորգ Պետրոսյանը սխալ էր համարել Նաիրա Զոհրաբյանի առաջադրումը՝ որպես Երեւանի քաղաքապետի թեկնածու:

Ըստ Ծառուկյանի, «անձնական հարցերը կարային հանդիպեին, էլի նեղ կրուգում քննարկեին, ասեին: Բոլոր տեղերում էլ խոսակցություններ ա գնում»:

Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց Գեւորգ Պետրոսյանի հետ: Մեր հարցին՝ երբ դուք գրել եք, որ Նաիրա Զոհրաբյանին քաղաքապետի թեկնածու առաջադրելը քաղաքական պատվանդան չունի, դուք անձնական խնդիրների՞ց եք դա արել, ինչպես պնդում է Գագիկ Ծառուկյանը, անձնականը բերել եք քաղաքականությո՞ւն՝ Պետրոսյանը պատասխանեց. «Անձնական ասածը՝ նկատի ունի ոչ թե անձը անձի դեմ թշնամությունը, այլ զուտ անձնական, գործնական հատկանիշների հետ կապված: Բայց այդ թեման արդեն փակ է, ես խնդրում եմ այդ հարցի հետ կապված կրքեր չբորբոքել: Ես իմ կարծիքն արտահայտել եմ, տպավորություն է ստեղծվել, թե գուցե ես գործել եմ այլ անձանց հետ համաձայնեցված, բայց ներկուսակցական որոշակի տարաձայնություն է եղել, հիմա դա հարթվել է»:

Հարցին՝ Դուք ասել էիք, որ այդ թիմում էլ անելիք չունեք, եթե Նաիրա Զոհրաբյանն է առանցքը, հիմա ո՞նց եք անելիք գտնելու՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Ես դրա համար ասել եմ՝ «եթե», բայց առանցքը եղել է եւ մնում է Գագիկ Ծառուկյանը»:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ «Գեւորգ Պետրոսյանը դիմումը գրել ա, ասել ա՝ պարոն Ծառուկյան, եթե իմ թիմն էլ կկասկածի, որ ես կարող ա ական լինեմ, ես ոչ թե միայն պատգամավորությունից, ես երկրից էլ կգնամ»:

Հարցին՝ ինչո՞ւ էիք երկրից գնում՝ Պետրոսյանը պատասխանեց. «Եթե մի մարդու մասին, որը Հայաստանում հայտնի մարդ է, որեւէ մեկը մտածի, որ ինքը դավաճան է, երրորդ ուժերով կարող է դուրս գալ իր հարազատների դեմ, այդ մարդը ո՞նց կարող է ապրել Հայաստանում: Այստեղ խնդիրը զուտ բարոյական էր: Որեւէ բան չկար, որ ես ստիպված լինեի Հայաստանը լքել: Ես ծնվել եմ Հայաստանում, մահանալու եմ Հայաստանում: Խոսքը նրան է վերաբերում, որ եթե իմ թիմակիցները, իմ կուսակցության ղեկավարը հանգեին այն եզրակացության, որ ես իրենց հետեւից քայլեր եմ անում, սա զուտ ամոթալի իմաստով, բարոյական իմաստով, այո, մարդ պետք է հեռանա երկրից, եթե ինքը համարվի դավաճան»:

Ծառուկյանն ասում է, որ «Գեւորգին չեմ հրավիրել նիստին, որ եթե ինչ-որ բան ունեք իր մասին ասելու, առանց կաշկանդվելու ասեք»: Գեւորգ Պետրոսյանն էլ ասաց, որ ինքն է խնդրել, որ չգա այդ հավաքին, որ թիմակիցները չկաշկանդվեն:

Հարցին՝ հիմա դուք հասկացե՞լ եք ձեր սխալը, ինչպես Գագիկ Ծառուկյանն է ասում՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Սխալ կոչվածը այն կարելի է համարել, որ կարող էի բավարարվել նիստով, մասնակցել նիստին, բայց նիստին չմասնակցելով՝ ես ֆեյսբուքյան գրառում եմ արել: Հիմնական սխալը դա էր»:

Հարցին՝ այլեւս նման բան չե՞ք անելու, էլ հրապարակային ձեր անկեղծ կարծիքը չե՞ք հայտնելու՝ Պետրոսյանը պատասխանեց, որ միշտ էլ հայտնել եւ հայտնում է իր կարծիքը. «Պարզապես քաղաքական թիմի անդամը միգուցե պետք է չշտապի եւ իր կարծիքն արտահայտի քաղաքական թիմում քննարկելուց հետո: Ես տակտիկական առումով շտապել եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031