Օգոստոսի 10-24-ը ՀՀ Սփյուռքի նախարարությունը կիրականացնի «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որին կմասնակցեն 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիներ ու երիտասարդներ: Սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ծրագիրն աննախադեպ է մասնակիցների թվի առումով՝ 500 սփյուռքահայ պատանի:
Հիշեցնենք՝ վերջերս Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել էր, որ «Արի տուն» եւ «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը միավորվում են «Քայլ դեպի տուն» ծրագրում, որպեսզի բացառվեն կոռուպցիոն ռիսկերը: «Մեր առաջնային նպատակն այն է, որ ծրագրի մրցույթին մասնակցեն ոչ թե մեկ կամ երկու, այլ ավելի շատ կազմակերպություններ: Մրցույթը կայացավ չորս կազմակերպությունների միջեւ, հաղթեց «Լոռե հոլդինգը», որն արդեն աշխատում է ծրագրի կազմակերպման ուղղությամբ»,-հայտնեց Սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը: Նրա բնորոշմամբ՝ նախկինում մտահոգիչ էր այն հանգամանքը, որ նույն կազմակերպությունն էր մրցույթը շահում՝ առանց մրցակցության:
«Այժմ ծրագրի տարբերությունը նաեւ այն է, որ մեզ օգնել են մասնավոր կազմակերպությունները: Դա թույլ է տվել բյուջեի խնայողություն անել: 50 միլիոն դրամի խնայողություն ենք իրականացրել՝ ծրագրի հաջորդ տարվա բյուջեի համար: Դա ոչ թե չարաշահում է, այլ խնայողություն: Իսկ այս տարի ծրագիրն իրականացվում է արդեն իսկ գոյություն ունեցող բյուջեից: Թե որքան ենք այժմ խնայել, առաջիկա հաշվարկներից պարզ կդառնա»,-նշեց փոխնախարարը:
Ծրագրի պատասխանատու Հայկ Ենգիբարյանն էլ ընդգծեց, որ ծրագրի հիմքում հայրենապահպանությունն է. «Այն միտված է նաեւ հայրենադարձությանը: Պատանիները կայցելեն ՀՀ-ի ժամանցային, կրթական եւ պատմամշակութային վայրեր՝ Խոր Վիրապ, Օշական, Էջմիածին, Գառնի-Գեղարդ, Դիլիջանի միջազգային դպրոց, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան»:
Հայկ Ենգիբարյանի փոխանցմամբ՝ ծրագրի մի քանի օրերը կլինեն ճամբարային՝ ընդգրկելով ազգային երգուպարի դասընթացներ:
https://www.facebook.com/aravot.am/videos/2121740131177824/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ