Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆլեշ, «Էլիտ կապիտալ», Ավանգարդ, «Արպ անիվ», «Մոսեսկո» ՍՊԸ-ներ. որ ընկերություններին է հասնում ՊՆ-ի գնումների առյուծի բաժինը

Օգոստոս 07,2018 14:48

«Պն-ի գնումները հստակ կենտրոնացված են, ՊՆ-ն այն մարմինն է, որի դեմ ամենահաճախն են բողոքարկում և 50 տոկոս դեպքերում բողոք ներկայացնողներն իրավացի են. ՊՆ-ն նրանց շահերը որոշակիորեն ոտնահարել է»,- «Հոդված 3» մամուլի ակումբում «ՊՆ-ի և ոստիկանության գնումների ուսումնասիրության» ներկայացում-քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի խորհրդական, «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի» նախագահ Արտակ Մանուկյանը:

Նա փաստեց, որ ՊՆ-ի և ոստիկանության բյուջետային ծախսերի դինամիկան ցույց է տալիս, որ պաշտպանության ծախսերն աճում են. կազմում են ընդհանուր բյուջեի 20 տոկոսը:

Արտակ Մանուկյանի փոխանցմամբ՝ ՊՆ-ի գնումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դեղորայքի մրցույթներում կենտրոնացվածություն չկա. «Հացաթխման առումով մեծ ամպլիտուդա կա գնագոյացման: Առաջարկում ենք ռազմավարական դատավարության սկզբունքներ ներդնել»:

Արտակ Մանուկյանը մտահոգություն հայտնեց, որ գնումների վիճակագրությունը հեռու է որակյալ լինելուց, մինչդեռ հարկատուների հաշվին է ձևավորվում այդ տեղեկատվությունը, ուստի պարտավոր ենք պահանջել այս առումով ճիշտ մոտեցումներ:

Պետական գնումների համակարգում հետաքրքիր զարգացումներ են արձանագրվել հեղափոխությունից հետո: Արտակ Մանուկյանն օրինակ բերեց. «Ալեքս հոլդինգը նույն շաքարավազը 320 դրամ սակագնով մատակարարման պայմանագիր էր հաղթել, որով ենթադրվում էր, որ մինչև տարեվերջ կարող է մատակարարել, բայց փոփոխություններ տեղի ունեցան և այդ ընկերությունն ինքնակամ սակագինը դարձրեց 285 դրամ: Նույնը ձեթը, նաև այլ ապրանքներ: Սրանք այն ռիսկային ուղղություններն են եղել, որոնցով տարիներ շարունակ շուկայական արդարացի գնագոյացումներն անտեսվել են հանուն անհատների գերշահույթի»:

Արտակ Մանուկյանը թվարկեց նաև մի քանի ընկերություններ, որոնց բաժին է ընկնում ՊՆ-ի գնումների մեծ չափաբաժինը. «ՊՆ-ի հետ առավել խոշոր պայմանագրեր են կնքել օրինակ՝ Ֆլեշ, «Էլիտ կապիտալ», Ավանգարդ ՍՊԸ, «Արպ անիվ» ՍՊԸ-ն «Մոսեսկո» ՍՊԸ-ն և այլ ընկերություններ: ՊՆ-ի գնումների ավելի քան 40 տոկոսը նրանց մեջ է բաշխվում, այսինքն՝ մնացած ընկերությունները հաղթում են, բայց մրցույթի արդյունքում գեներացնում են շատ փոքր տորթի կտորներ: Այս ընկերություններն ուսումնասիրելիս արձանագրել ենք, որ դրանք չունեն ինչպես կայք, այնպես էլ թերհայտարարագրման ռիսկեր կան: Այս ընկերությունները հաղթում են 2015-ից ի վեր: Նրանք կարծես թիրախավորված են միայն ՊՆ-ի մատակարարումներով: Կասկածներ կան, որ գործ ունենք միջնորդավորված գնումների կամ ոչ պատշաճ ընթացակարգերի հետ: 2018-ին էլ առաջին եռամսյակի տվյալներով գրեթե նույն միտումները կան, ակնհայտ է, որ այստեղ կա բարձր կենտրոնացվածություն»:

Արտակ Մանուկյանը նաև նշեց, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքում տեղադրված 79 ընկերություն ունեն լրջագույն խնդիրներ:

Արտակ Մանուկյանի տեղեկացմամբ՝ բոլոր տվյալները ներկայացրել են ՊԵԿ և սպասում են արձագանքի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031