Մի քանի կայքերում հրապարակվել է պնդում, թե ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անհարմար մրցակից է «Քաղաքացիական պայմանագրի» կողմից առաջադրված Հայկ Մարությանին, ինչի պատճառով էլ ոմանք որոշել են սև փիառի միջոցով նրա հաշվին ինքնահաստատվել: Նաեւ հրապարակումներ կան, թե այս ընթացքում ակտիվ հակաքարոզչություն է իրականացվում Նաիրա Զոհրաբյանի դեմ, եւ նրան սևացնելու գործում մեծ ջանք են թափում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ներկա կառավարության անդամները:
«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այս պնդումներին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց մանրամասնել՝ միայն ասաց. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իմ դեմ որեւէ հակաքարոզչություն չի իրականացնում: Այս պահին այսքանը: Մնացածին, եթե հարկ լինի՝ կանդրադառնամ ավելի ուշ»: