Երբեմնի իշխանական հզոր կուսակցությունից՝ ՀՀԿ-ից, արտահոսքն այս օրերին շարունակվում է լայն թափով ընթանալ: Պաշտոնական տվյալներով` ապրիլի 23-ին ՀՀ վարչապետի պաշտոնից ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀԿ-ից հեռացել է 4 հազար 500 հոգի: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, թե այդ արտահոսքը սովորական երեւույթ է, նախորդ տարի էլ ՀՀԿ-ից 15 հազար մարդ է հեռացվել: Միաժամանակ, ՀՀԿ ներկայացուցիչը պնդել է, թե այս օրերին տեղի ունեցողն առաջիկա արտահերթ ընտրություններում դժվարություններ չի ստեղծի: «Չեմ կարծում՝ դժվարություններ լինեն։
Դա սովորական, աշխատանքային գործընթաց է»,- ասել է նա: Նկատենք, թեեւ Ռուբեն Թադեւոսյանը ներկայացրել է իրենց տրամադրության տակ եղած պաշտոնական թվերը, սակայն իրական պատկերը միանգամայն այլ է. ՀՀԿ-ից այս ընթացքում հեռացածների թիվը գերազանցում է տասնյակ հազարը, պարզապես ոչ բոլորն են հարկ համարում հատուկ դիմում ներկայացնել կուսակցության գրասենյակներ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում