Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրան-ԱՄՆ թնջուկը նոր փուլ է մտնում. պատժամիջոցների սաստկացում

Օգոստոս 06,2018 23:28

Ամերիկայի Միացյալ Նահանգները վաղը հայտարարելու են Իրանի Իսլամական Հանրապետության դեմ նոր պատժամիջոցների մասին։ Այս պատժամիջոցները կկիրառվեն երկու փուլով․ վաղվանից կսահմանափակվեն Իրանի հնարավորությունները արտարժույթի գնման, Իրանի ազգային դրամանիշի՝ ռիալի արտասահմանում փոխանակելու, ոսկով և այլ թանկարժեք մետաղներով առևտրի, մետաղների արտահանման, բարձր տեխնոլոգիաների ներմուծման, նավագնացության ապահովագրման և մեքենաշինության ոլորտներում։ Իրանի նախագահ Ռոհանին այսօր երեկոյան ուղերձով դիմել է իր ժողովրդին։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը այս տարվա մայիս ամսին հետ վերցրեց իր երկրի ստորագրությունն Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման համապարփակ պլանից (Joint Comprehensive Plan of Action-Совместный всеобъемлющий план действий), որը 2015 թվականի ամռան ստորագրել էին ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Եվրոմիությունը և Իրանը։ ԱՄՆ-ն Իրանից և գործընկեր պետություններից պահանջեց վերանայել այդ համաձայնագրի կետերը և պատրաստել գործողությունների նոր ծրագիր, այլապես 90-180 օրվա ընթացքում կվերականգնի՝ ապա նաև կսաստկացնի Իրանի դեմ պատժամիջոցները։ ԱՄՆ-ը պահանջում էր Իրանի հրթիռային արդյունաբերության և տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ նոր համաձայնագրում սահմանափակման կետ ավելանա, որը Թեհրանը մերժեց և թնջուկն ավելի խորացավ։

Անցնող իննսուն օրերի ընթացքում Եվրոպական մի շարք երկրներ, Ռուսաստանն ու Չինաստանը փորձեցին հաշտության եզրեր գտնել Թեհրանի և Վաշինգտոնի միջև, Իրանում մասամբ փրկել նաև իրենց երկրների բիզնես շահերը, Իրանի հետ համագործակցող յուրայիններին և գործարարներին զերծ պահել ամերիկյան պատժամիջոցներից, բայց կողմերը մնացին անդրդվելի։ ԱՄՆ-ն մերժեց Եվրոպացիների խնդրանքը, իսկ Իրանի բարձրաստիճան այրերը մերժեցին նոր բանակցությունների առաջարկը․ Իսլամական հեղափոխության պահապան կորպուսի հրամանատարը կոշտությամբ պատասխանեց ԱՄՆ նախագահի պահանջներին և բանակցության առաջարկին։ Այժմ Վաշինգտոնը պատրաստվում է վաղվանից պատժամիջոցների հուժկու ալիք սկսել Թեհրանի դեմ, իսկ նոյեմբերից նվազագույնի հասցնել նաև Իրանի նավթի արտահանման և բանկային գործարքների հնարավորությունները։

Պատժամիջոցների սաստկացումը խափանել է Իրանի տնտեսական կյանքի նորմալ ընթացքը, երկրի ազգային արժույթն արժեզրկվել է բազում անգամներ, մի խումբ գործարանների, ձեռներեցների և տասնյակ հազարավոր բանվորների անգործություն է սպասվում։ Արտարժույթի շուկայում պակասել է արտասահմանյան դրամանիշները․ կառավարությունն ու կենտրոնական բանկն այժմ մեկ ԱՄՆ դոլարի համար նշանակել են 42,000 ռիալ փոխանակման գին, իսկ փոխանակման կետերը, որպես արտարժույթի երկրորդական շուկա ազատ են իրենք կարգավորեն դոլարի գինը․ այդ գինն այժմ ազատ շուկայում տատանվում է 110,000 ռիալի սահմաններում։ Հիշեցնենք, որ քառասուն տարի առաջ, երբ հաղթեց Իրանի հեղափոխությունը, ԱՄՆ մեկ դոլարն արժեր 69 ռիալ։ 42,000 ռիալանոց արտարժույթը նախատեսված է արտասահմանից միայն դեղորայք, մթերք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ներմուծելու համար։

Նախագահ Ռոհանին այժմ կանգնած է մեծ մարտահրավերների առջև․ երկրում ծայր են առել սոցիալական պահանջներով ցույցեր, իսկ արմատականներն առիթը հարմար նկատելով քննադատում են գործող կառավարության և ջանում են անգամ իմպիչմենտ հայտնել նախագահին։ Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում դեռ կողմերի միջև որևէ ուղղակի բանակցություն տեղի չի ունեցել․ Վաշինգտոնի կողմից առանց նախապայմանների բանակցության առաջարկ է  ներկայացվել Թեհրանին, բայց վերջինս դեռևս հավանություն չի տալիս և բանակցության համար նախապայմաններ է առաջ քաշում, որը քաղաքագետների կարծիքով անիրագործելի են։

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031