Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարելի է առաջարկել Նիկոլ Փաշինյանին իր հետ Գյումրուց Երեւան քայլած մեկին դարձնել իր օդաչուն եւ ասել՝ թռչենք Մոսկվա». Արարատ Զուրաբյան

Օգոստոս 06,2018 21:36

Երեւանի ավագանու ընտրություններում «Հայոց համազգային շարժում» կուսակցության ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը իր հաղթելու «շանսերը», հավանականությունը բարձր է գնահատում:

Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ քարոզարշավի շրջանակներո՞ւմ եք ասում, որ ձեր շանսերը բարձր են, թե՞ հստակ հաշվարկներ ունեք՝ նա պատասխանեց. «Չէ, հստակ համոզված եմ, որ բանականությունը կհաղթանակի եւ կարծում եմ Երեւանի բնակչությունն է ընտրելու եւ պետք է հաշվի առնի մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ անցած ճանապարհը, փորձը, քաղաքային տնտեսության իմացությունը եւ մնացած հանգամանքները: Համոզված եմ, որ մեր քաղաքացին ուզում է իր քաղաքի համար ընտրել քաղաքապետ եւ ոչ թե ասենք թե մարդ, որը քաղաքային տնտեսությանը քաղաքապետ դառնալուց հետո նոր պետք է ծանոթանա»:

Նա ասաց, որ նկատի ունի մյուս թեկնածուների անփորձությունը: Արարատ Զուրաբյանը Կենտրոն համայնքի ղեկավար է եղել եւ իր խոսքով՝ շատ լավ պատկերացնում է, թե ինչ խնդիրներ ունի Երեւանը. «Ես ոչ միայն Կենտրոն համայնքի ղեկավար եմ եղել, ես ընդհանրապես տեղական ինքնակառավարման հիմնադիրներից մեկն եմ Հայաստանում, ինքս առաջինը ներկայացրել եմ Հայաստանը «Տեղական ինքնակառավարման կոնգրեսում»՝ Ստրասբուրգում դեռեւս 96-97 թվականներին եւ քաջածանոթ եմ տեղական ինքնակառավարմանը, մասնավորապես Երեւանի խնդիրներին: Խնդիրներ, որոնք մակերեսային երեւույթների փոխարեն պետք է լուծվեն: Երեւանն ունի բազմաթիվ պրոբլեմներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում եւ որոնց միայն ի հայտ բերելը առանձին թեկնածուների մոտ շատ լուրջ եւ տեւական ժամանակ կպահանջի»:

Արարատ Զուրաբյանն ասաց, որ Երեւանում հսկայական անելիք կա, որն ինքը շատ լավ պատկերացնում է:

Մեր հարցին՝ երբ ասում եք, որ «Կենտրոն» համայնքի ղեկավար եմ եղել, քաղաքային տնտեսություն վարելու փորձ ունեմ, հիշեցնում եք Տարոն Մարգարյանի քարոզարշավը, որն ասում էր՝ «Ավան» համայնքի ղեկավար եմ եղել, կառավարման փորձ ունեմ, շատ լավ պատկերացնում եմ Երեւանի խնդիրները, ինքը եղա՞վ լավ քաղաքապետ եւ կարո՞ղ ենք համեմատություն անել՝ Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Համոզված եղեք, որ եթե Տարոն Մարգարյանը չունենար այդ փորձը, նա շատ ավելի վատ քաղաքապետ կլիներ, հավատացած եղեք: Ես ձեզ երաշխավորում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով չունի այդ փորձը, իր համար շատ բարդ է լինելու, որովհետեւ նույնիսկ ամենահանճարեղ մարդը, ինչ մասնագիտության տեր էլ նա լինի, ենթադրենք, վիրաբույժ դառնալու համար որոշակի ճանապարհ պետք է անցնի: Այստեղ խիստ մասնագիտական խնդիրներ կան, նաեւ անհրաժեշտ է լուրջ քաղաքական փորձ, անցած ճանապարհ, դրանք բոլորն էլ կարեւոր են: Ես համոզված եմ, որ մեր երեւանցին կգնահատի  բոլոր թեկնածուների հնարավորություններն ու ունակությունները եւ իր ճիշտ ընտրությունը կկատարի»:

Մեր հարցին՝ նրանք, ովքեր ձեր հիմնական մրցակից Հայկ Մարությանի առավելություններն են նշում, ընդգծում են, որ Մարությանը…Դեռ հարցը չավարտած՝ Արարատ Զուրաբյանը միանգամից արձագանքեց. «Ես չեմ համարում Հայկ Մարությանին հիմնական մրցակից: Բոլորը սկսում են հավասար պայմաններում, յուրաքանչյուր մրցակից մրցակից է եւ վաղօրոք խոսել, թե ով է հիմնական մրցակից, կարծում եմ, ճիշտ չէ»:

Հարցին՝ Դուք մատնանշում եք ձեր կառավարման փորձը, այն, որ տիրապետում եք գործին, գիտեք ինչ խնդիրներ ունի Երեւանը, քաղաքական դաշտում երկար տարիների փորձ ունեք, բայց մյուս կողմից այս հեղափոխությունը հասարակությանը չբերե՞ց այն տրամադրությունը, որ թող գա նորը, ասենք, Հայկ Մարությանը, որը կրեատիվ լուծումներ կտա Երեւանի խնդիրներին՝ Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Մենք բոլորս ապրել ենք Հայաստանի Հանրապետությունում, մի կյանք ենք ապրել: Ես Երեւանի «Կենտրոնի» թաղապետ եղած ժամանակ 2 անգամ հայտնվել եմ բանտում, դրանից հետո Մարտի 1-ի ժամանակ հայտնվել եմ բանտում, մշտապես պայքարել եմ: Եթե Երեւանի բոլոր ժամանակների քաղաքապետերին, թաղապետերին հարցնեք՝ ձեզ կպատասխանեն, որ երեւի թե Երեւան քաղաքում չի եղել որեւէ մեկ այլ անձ, որն ավելի ընդդիմադիր կեցվածք ունենա, եւ մշտապես վեր հանի այն ամենը, ինչ եղել է այդ ժամանակահատվածներում: Ես հարգում եմ բոլոր նրանց, ովքեր իրականացրել են այս հեղափոխությունը, ես էլ իմ ուժերիս ներածին չափով փորձել եմ աջակցել եւ աջակցել եմ այդ հեղափոխությանը, բայց ես կարծում եմ մի բան՝ հեղափոխությունը իրականացվել է արդեն իսկ: Հիմա կյանքը շարունակվում է: Եկեք մի բան գիտակցենք՝ մենք բոլորս իրար հետ պետք է կառուցենք մեր քաղաքը, մեր երկիրը եւ ասել, որ գիտեք ինչ, թող  գան երիտասարդներ, որոնք դա կանեն, էդ նույն տարբերակով կարելի է առաջարկել Նիկոլ Փաշինյանին իր հետ Գյումրուց Երեւան քայլած մարդկանցից մեկին դարձնել իր օդանավի օդաչուն եւ ասել՝ թռչենք Մոսկվա: Ես չեմ կարծում, որ նա դրան համաձայնվի: Կարծում եմ, Երեւանն էլ այդպիսի  բարդ օրգանիզմ է եւ չարժի, որ որեւէ մեկը այդպիսի էքսպերիմենտներ անի Երեւանի գլխին»:

Արարատ Զուրաբյանը հավելեց՝ «Ես գալիս եմ օգնելու Նիկոլ Փաշինյանին եւ ոչ թե խոչընդոտելու նրա ծրագրերին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Փորձում եք մյուս հավակնորդներին նսեմացնել, Ձեր վականիշը՝ բարձրացնել: Եթե քսան տարի առաջ թաղապետ եք եղել, չի նշանակում, որ ավելի լավ քաղաքապետ կարող եք լինել: Բոլոր թեկնածուներն էլ երևանցիների կողմից սիրված, անբասիր անցյալով, ազնիվ մարդիկ են: Զարուհի Փոստանջյանը արդեն երկար տարիներ և՛ պատգամավոր եղած ժամանակ,և՛ դրանից հետո, չի եղել մի դեպք, մի անարդարություն, որ չաձագանքի: Նրա ամբողջ գործունեությունը նվիրում է: Հայկ Մարությանը պարկեշտ, ազնիվ, ակտիվ քաղքացի է , հանրության կաղմից սիրված, հատկապես իր բարեգործական ակցիաների շնորհիվ: Նույնքան դրական կարող եմ բնութագրել Նաիրա Զոհրաբյանին և Արտակ Զեյնալյանին: Շատ լավ թիմ է խոստանում Անահիտ Թախանյանը: Ւսկ Փաշինյանին շրջապատող երիտասարդներին քամահրանքով մի վերաբերվեք, պետք լինի մեջները օդաչու էլ կգտնվի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031