Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռազմիկ Պետրոսյանը պարզաբանում է, թե ինչու է տեղադրել Ադրբեջանի ազգային հերոսի հուշաքարը

Օգոստոս 06,2018 19:56

Պարզաբանումներ է ներկայացնում Արցախյան շարժման եւ պատերազմի ակտիվ մասնակից, «Կռունկ» կոմիտեի և Արցախի ազգային խորհրդի նախագահության անդամ, ինքնապաշտպանական ջոկատների շտաբի պետ և ՀՀ առաջին գումարման ԳԽ պատգամավոր Ռազմիկ Պետրոսյանը:

-Պարոն Պետրոսյան, վերջերս սոցիալական ցանցերում հայտնվեց մի տեսանյութ, որում երևում է մի ադրբեջանական գերեզմանաքար կամ ինչպես մի քանի օգտատերեր են ասում, հուշաքար, որի վրա գրված է «Ռազմիկ Պետրոսյանից և ընկերներից»: Ֆեյսբուքյան Ձեր էջում արված գրառմամբ խոստովանել եք, որ շիրմաքարը տեղադրել եք Դուք և մի շարք բացատրություններ տվել՝ հավելելով, որ առաջիկայում կբացահայտեք ողջ ճշմարտությունը: Հանրությունը սպասում է Ձեր բացահայտումներին, ինչպիսի մանրամասներ կարող եք պատմել:

-Նախ ասեմ, որ այդպիսի հուշատախտակ տեղադրվել է դեռևս 1993 կամ 1994 թ-ին, որի հետ ես կապ չունեմ, ընդամենը իմանալուց հետո մետաղ հավաքողներին խնդրել էի չքանդել ու հստակ ասում եմ՝ դա գերեզմանաքար է և թող չփորձեն շեղել մարդկանց: Սկսեմ նրանից, թե ինչպես որոշվեց այդ վայրում գերեզմանաքար դնել: 1998թ.-ից մինչև վերջերս արտասահմանյան տարբեր լրատվամիջոցներ բազմիցս նկարահանել են Ակնայում պահպանվող Բագիրովի գերեզմանը, մի շարք հարցազրույցներ են արվել իմ և Վիտալի Բալասանյանի հետ, ու շատ հաջող ներկայացնում էին միջազգային տարբեր հարթակներում՝ որպես հայկական կողմի հանդուրժողականության դրսևորում:

-Այսինքն ուզում եք ասել, որ անցած 20 տարիներին այս թեմայով Ձեզ նկարահանել են ու մի շարք հարցազրույցներ եք տվել և որևէ արձագանք չի՞ եղել, ոչ ոք չի՞ ասել, այդ ինչ եք անում:

– Այս տարիներին միշտ հակառակն են ասել, ասել են, որ դա փայլուն օրինակ է մեր ու մեր թշնամիների տարբերության մասին, մեր մարդասիրության, նրանց հայատյացության մասին: Մեր թշնամին ոչնչացնում էր ու է այն ամենը, ինչ հայկական է և այդ ֆոնին մեր արածը շատ լավ ընկալվում էր միջազգային հանրության կողմից: Սա էլ քարոզչության մի ձև էր: Եվ այսօր մարգինալ խամաճիկների կողմից նման ռեակցիան, մանավանդ, ովքեր ցանկանում են էժանագին դիվիդենտներ քաղեն, անհասկանալի է: Այո, հասկանում եմ մեր հասարակության առողջ մտածող մի մասի վրդովմունքը, բայց ուզում եմ ասել, որ մեր երկրում կան կառույցներ, որոնք զբաղվում են նման հարցերով և նրանք պիտի ուղղորդեն: Ինչպես ասացի, վրդովմունք հայտնողներին հասկանում եմ, բայց սոցիալական ցանցերում գերեզմանաքարի և դրա ջարդման տեսանյութ տեղադրողները, մեղմ ասած, մտածելուց զուրկ են, առավել ևս, որ շիրմաքար տեղադրողը հայտնի է:

https://www.facebook.com/anna.volkova.9041083/videos/262854477838159/

-Չէ որ գերեզմանաքարը նոր է տեղադրվել, այն էլ ոչ իր հին տեղում: Նաև շատերին անհասկանալի է, թե ինչու գերեզմանաքարին գրեցիք Ձեր անունը և Բագիրովի ազդականչը:

-Հին գերեզմանաքարը մի քանի տարի առաջ են ջարդել: Պարզել եմ, որ տրակտոր է աշխատել տեղանքում: Հին գերեզմանաքարը տեղադրված էր նաստիլի կտորի վրա, որը այդ ժամանակ մի քանի տասը մետր տեղահանվել է, մենք էլ որոշեցինք տեղադրել նույն նաստիլի կտորի վրա: Ծրագիրն այնպես էր, որ տեղադրելուց հետո պիտի ֆիլմ նկարահանվի, և այդ ֆիլմում խոսք պիտի ասեն Բագիրովին ճանաչողները, իսկ ֆիլմը պիտի ցուցադրվեր եվրոպական փառատոնում՝ որպես հայերի հանդուրժողականության մի ապացույց ևս, այնուհետև դրսից, այդ թվում ադրբեջանցի լրագրողներ գան նկարահանեն, համոզվեն և վերջ: Անունը գրել ենք, որպեսզի համոզվեն, որ հայ է տեղադրել, իսկ ազդականչը գրած է, որպեսզի համոզվեն, որ դա հենց այդ Բագիրովի գերեզմանաքարն է:

-Ձեր ասածներից պարզ չէ, թե ովքեր պիտի ֆիլմ նկարահանեին և կոնկրետ դա ինչ ծրագիր է:

-Օրերից մի օր, 2017 թ. վերջ կամ 2018թ. սկիզբ, ինձ է մոտենում Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը և ասում, որ մամուլից տեղեկացել է իմ, մեր որոշ ֆուտբոլիստների ու Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի՝ Բագիրովի հետ դեռ սովետական ժամանակներից ունեցած ընկերության մասին: Նաև հետաքրքրվում էր պատերազմի ժամանակ գերիների փոխանակման գործընթացով: Ես պատմեցի այն, ինչի մասին օրեր առաջ գրել եմ իմ ֆեյսբուքյան էջում: Նա ուշադիր լսեց ու հարցրեց՝ բա քանդվելուց հետո ինչու չեք նորոգում, չէ որ քսան տարվա քարոզչությունը չի կարելի այսպես բաց թողել, ֆիլմ պիտի հանենք և աշխարհին ներկայացվի: Ասացի չէ, Հայկ: Առաջինը ադրբեջանցիները շատ վատ են իրենց պահում, երկրորդը՝ լավ չի հասկանա մեր ժողովուրդը, երրորդը՝ չեմ ուզում: Նշեմ, որ նման թեմայով խոսակցություն մեր մեջ մի քանի անգամ է եղել:

-Իսկ հետո ինչ տեղի ունեցավ, ինչ փոխվեց, որ այնուամենայնիվ որոշել եք հակառակվել Ձեր կարծիքին:

-Մի օր ինձ զանգեց ԼՂՀ ԱԱԾ–ի տնօրեն Արշավիր Ղարամյանը և ասաց՝ Ռազմիկ, կարաս թեկուզ ժամանակավոր տեղադրես, ֆիլմը հանվի, ներկայացվի, սկսեցի մտածել: Ես ամբողջ կյանքս նվիրել եմ իմ ազգին, ֆուտբոլ խաղալուց մինչև հիմա, և եթե այս հասակում ևս կարող եմ օգտակար լինել մեր ազգին և պետությանը, ինչու չանեմ ու որոշեցի իմ անձնական միջոցներով պատվիրել գերեզմանաքարը և տեղադրել: Հետո, ինչպես պլանավորված էր նկարեցին և հուլիսի 25 գնացին ներկայացնելու: Իսկ հետո էլ եղավ այն, ինչ եղավ: Հիմա, եթե ֆեյսբուքյան մի քանի հիմար օգտատերեր չխանգարեն, կարելի է անգամ ջարդելուց դիվիդենտներ քաղել՝ ասելով այսքան տարի հանդուրժել ենք, հիմա ազերիների այս քանի տարվա վայրենի պահվածքի պատճառով, հայերի մոտ տեղի է ունենում գաղափարների ռադիկալիզացիա: Այ մի քանի մատների վրա հաշված անուղեղներ, Ձեզ եմ դիմում, փոխարեն մտածեք և կոնկրետ գործով զբաղվեք, ընկել եք փայլուն ճանապարհ անցած մարդկանց կենսագրության հետ եք կռվում, այն էլ ֆեյսբուքում:

-Պարոն Պետրոսյան, իսկ ինչու այս ամենի մասին հենց սկզբից չեք գրել:

-Ուզում էի հասկանալ, թե ինչ է կատարվում, ում պատվերն է նկարել և տեղադրել սոցիալական ցանցերում, նաև սպասում էի այն մարդկանց և կառույցների արձագանքին, որոնք տեղյակ էին և ինձ համոզել են, որ տեղադրեմ, սպասում էի ԱԱԾ-ի խոսքին, որը հարցաքննել է ինձ: Բայց արձագանքները չբավարարեցին կամ չեղան: Հետադարձ հայացքով նայում եմ այս ամենին և բազմաթիվ ենթադրություններ եմ անում: Օրինակ՝ պետությունը ի դեմս ԱԱԾ-ի, համոզեց արտաքին քարոզչության պատրվակով տեղադրեմ, որպեսզի կարողանա բռնի դրսից ֆինանսավորող կազմակերպությունների թելերը, կամ հասկանային կոնկրետ Հայկ Խանումյանի շահը այս գործում որն է՞: Հայկ Խանումյանը համոզեց դնեմ, որպեսզի արտաքին քարոզչություն անի՞, թե՞ ֆինանսական միջոց ստանա, թե՞ ապագայում իշխանության վրա ստվեր քցի, ես չգիտեմ: Ես գիտեմ մի բան. իմ նկատմամբ այսպիսի վերաբերմունքը մեղմ ասած, բարոյական չէ: Իսկ, եթե այդ քայլով մեր պետությունը շահել է, ես այս հարցում բոլոր խաղացողներին ներում եմ՝ հանուն Հայրենիքի, եթե տուժել է՝ չեմ ներում, իսկ ձեր արածի համար մի օր անպայման պատասխան եք տալու Աստծո առաջ: Եթե իմ այս պարզաբանումներից հետո մնացել է գոնե մեկ հայ, (խոսքս չի վերաբերվում այս հարցում անուղեղ, սրիկա, հիմար մարդկանց, ովքեր փորձում էին դիվիդենտ շահել,որոնց կարելի է երկու ձեռքի մատների վրա հաշվել) ով դատապարտում է իմ արարքը, ես ներողություն եմ խնդրում, որ ցավ եմ պատճառել ձեզ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031