Մեկնարկել է «Երևանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկի վերազինման ծրագիրը, որը կտևի շուրջ մեկ ու կես ամիս։ Վերազինման աշխատանքները, որոնք նպատակ ունեն բարձրացնելու էներգաբլոկի աշխատանքի արդյունավետությունն ու հուսալիությունը, կիրականացնի ամերիկյան հայտնի «General Electric» ընկերությունը։ Ծրագրի արժեքը 18,8 մլն. եվրո է։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել գազատուրբինի, այդ թվում՝ օդի կոմպրեսորի վերակառուցում՝ MXL-2 դասի։ Արդյունքում ակնկալվում է, որ շուրջ 7 ՄՎտ-ով կավելանա կայանի հզորությունը՝ 220-ից հասնելով 227 ՄՎտ-ի, վառելիքի տեսակարար ծախսը 258,1 գրպվ/կՎտժ-ից կնվազի մինչև 252,8 գրպվ/կՎտժ-ի, էներգաբլոկի ՕԳԳ-ն կբարձրանա 1 տոկոսով, էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը կավելանա 59,5 մլն. կՎտժ-ով:
Տեխնիկական վերազինումից հետո կայանի կապիտալ նորոգման իրականացման ժամկետի պարբերականությունը կերկարաձգվի 2 տարով՝ 4-ից դառնալով 6 տարի, որը կնպաստի էներգաբլոկի շարունակական աշխատանքի ժամանակահատվածի ավելացմանը:
Հիշեցնենք, որ Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը կառուցվել է Ճապոնիայի կառավարության տրամադրած ODA վարկով, գործարկվել է և ներառվել առևտրային շահագործման մեջ 2010թ. ապրիլի 21-ին: Էներգաբլոկի դրվածքային էլեկտրական հզորությունը կազմում է 243 ՄՎտ, ջերմային հզորությունը` շուրջ 434 ԳՋոուլ/ժ:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին