Սույն թվականի օգոստոսի 1-ին Երևանի ավագանու անդամներ Դավիթ Խաժակյանի և Անի Սամսոնյանի կողմից «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղին փոխանցվել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության բլանկով 01.08.2018թ-ի ամսաթվով անստորագիր գրություն, որի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.
Երևան քաղաքի աղբահանության կազմակերպումը մշտապես կատարվել և կատարվում է Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի պահանջներին համապատասխան, իսկ առկա թերությունները հստակորեն արձանագրվում են և մշտապես միջոցներ են ձեռնարկվում աղբահանության աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու և արձանագրված խնդիրները բացառելու համար:
Ներկայումս մեր ընկերության կողմից մշակվել են Երևան քաղաքի աղբահանության խնդիրների կարգավորման կարճաժամկետ և երկարաժամկետ պլաններ, որոնց համաձայն իրականացվում և իրականացվելու են հետևյալ քայլերը.
Կարճաժամկետ.
Աղբավայրերի հետ կապված խնդիրների, ընկերության տրանսպորտային միջոցների և աղբամանների վնասման հետևանքով խիստ անհրաժեշտություն է առաջացել նոր տրանսպորտային միջոցների և աղբամանների ներգրավման համար, որի հետ կապված ներկայումս հետևյալ միջոցներն են ձեռնարկվում.
· վարձակալության հիմունքներով ժամանակավոր տրանսպորտային միջոցների ներգրավվում,
· հնարավորինս կարճ ժամկետներում աղբամանների նոր խմբաքանակի ավելացում,
· ղեկավարության և անձնակազմի արտաժամյա աշխատանք՝ ապահովելով խնդիրների մոնիտորինգը և ըստ առաջնահերթության լուծումը:
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր չէ մշտապես ապահովել ամբողջ քաղաքում աղբի իսպառ բացակայությունը, ինչը նախատեսված է նաև պայմանագրով:
Երկարաժամկետ.
Չնայած այն հանգամանքին, որ Ընկերությունը ահռելի վնասներ է կրում և խիստ անհրաժեշտություն կա վերանայել պայմանագրի պայմանները, Ընկերության բաժնետերերը նախատեսում են ստեղծված իրավիճակը արմատապես փոխելու համար կատարել լրացուցիչ ներդրումներ հետևյալ ուղղություններով.
· Նոր աղբամանների ձեռքբերում,
· Նոր աղբատար մեքենաների ձեռքբերում,
· Առկա տրանսպորտային պարկի ամբողջական վերանորոգում:
Նշված միջոցները, ինչպես նաև ստորև նշված խնդիրների հարթումը կերաշխավորի Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական վիճակի այն բարձր մակարդակը, որը ցանկանում ենք տեսնել բոլորս:
Հարկ ենք համարում նշել, որ ներկայումս առկա թերությունները և խնդիրները ունեն թե սուբյեկտիվ, թե օբյեկտիվ պատճառներ, մասնավորապես.
· Աղբավայրերը գտնվում են ոչ պատշաճ վիճակում և չեն ապահովվում աղբահանության իրականացման համար բավարար պայմաններ,
· Աղբավայրերի ճանապարհների վիճակը չի համապատասխանում որևէ ստանդարտների և մշտապես վնաս է հասցնում ընկերության տրանսպորտային միջոցներին, որոնք նախատեսված չեն նման ճանապարհներով անցնելու համար:
· Աղբամաններ է նետվում դրանց համար չնախատեսված տեսակի աղբ, ներառյալ՝ շինարարական, ինչը ևս վնասում է ընկերության տրանսպորտային միջոցները:
· Մշտապես վնասվում են ընկերությանը պատկանող աղբամանները, ինչը լուրջ վնաս է հասցնում ընկերության թե գործառնական, թե ֆինանսական վիճակին: Ընկերությունը կրել է շուրջ 700.000 ԱՄՆ դոլարի վնասներ այրված աղբարկղերի պատճառով:
· Քաղաքում բազմաթիվ են դեպքերը, երբ աղբը նետվում է աղբամաններից դուրս և դրա համար չնախատեսված վայրում: Կից ներկայացվում են նկարներ ներկայացված խնդրի վերաբերյալ:
· Ընկերության աղբարկղերի դիմաց ավտոմեքենաների կայանումը խոչընդոտում է ընկերության գործունեությանը: Այս խնդիրը պետք է քննարկվի համապատասխան պետական մարմինների հետ խնդրին մշտական լուծում տալու համար:
· Բակերում առկա արգելափակոցների պատճառով Ընկերության աղբատար մեքենաները ծախսում են երկար ժամանակ, նշված արգելափակոցները խոչընդոտում են պատշաճ աղբահանությանը:
· Ընկերությունը երկար ժամանակ է ծախսում նաև սուպերմարկետների, խանութների և այլ ձեռնարկությունների կողմից գեներացված աղբի հեռացման համար:
· Քաղաքում առկա աղբամուղերի փակման և աղբամաններով փոխարինման հարցը ևս շատ կարևոր է:
· Քաղաքապետարանի կողմից տեղադրված փոքր աղբամանները պարբերաբար խանգարում են ընկերության գործունեությանը: Ամբողջ աշխարհում քաղաքապետարանի աղբարկղերը նախատեսված են ծխախոտի, շշերի, թղթի համար: Կից ներկայացվում են նկարներ վերոգրյալի վերաբերյալ:
· Պայմանագրով սահմանված են աղբահանության իրականացման ժամային և այլ սահմանափակումներ, որոնք օրեցoր ավելացող աղբի պայմաններում հնարավորություն չեն տալիս օպերատիվ իրականացնել աղբահանություն:
Վերը նշված և մի շարք այլ խնդիրներով մեր ընկերությունը բազմաթիվ անգամ դիմել է Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով աջակցել վերը նշված խնդիրների հարթմանը, այդ թվում՝ աղբամանների կիրառման նկատմամբ խիստ վերահսկողության, աղբավայրի հարցի լուծման և պայմանագրի վերանայման միջոցով: Մինչ այսօր մեր ընկերությունն արդյունավետ աշխատել է Երևանի քաղաքապետարանի հետ առկա խնդիրների լուծման շուրջ:
Չնայած վերը նշված խոչընդոտներին՝ «Սանիթեք» ընկերությունը՝ ի դեմս իր բաժնետերերի և ամբողջ անձնակազմի փորձում է անել հնարավոր ամեն բան լավագույնս մատուցելու իր ծառայությունները Երևան քաղաքի բնակիչներին և ապահովելու քաղաքի մաքրությունն ու բարեկեցությունը:
Միևնույն ժամանակ վստահ ենք, որ մինչ օրս «Սանիթեք» ընկերության կողմից թույլ չեն տրվել պայմանագրային այնպիսի խախտումներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ պայմանագրի լուծման համար:
Հարգանքով՝
«Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղ