«Հայկական կողմի բանակցային դիրքերը լավ վիճակում են: Նիկոլ Փաշինյանը ճիշտ հայտարարություն արեց, երբ ասաց, որ Արցախն անմիջապես պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջը: Դա ճիշտ մոտեցում է. ստացվում է, որ բանակցային ձեւաչափում առաջին անգամ ոչ թե պաշտպանվողի դերում ենք հանդես գալիս, այլ նախաձեռնողի»,-Aravot.am-ի հետ զրույցում Արցախյան հակամարտության շուրջ բանակցությունների ներկայիս շրջափուլի մասին նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա բնորոշմամբ՝ բանակցային սեղանին տարիներ շարունակ դրված «Մադրիդյան սկզբունքները»՝ հակամարտության լուծման փոխզիջումային փաստաթուղթը, իրենց ժամանակն արդեն ապրել են. «Հիմա այլ ձեւաչափեր եւ մոտեցումներ են պետք՝ անկախ նրանից, որ ՀՀ իշխանությունները նախկինում ճանաչել են «Մադրիդյան սկզբունքները»: Արցախի վերադարձը բանակցային սեղանին հենց այդ քայլերից մեկը կարող է լինել: Հիմա նոր առաջարկների կարիք կա»:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել իրականացնել նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ շփման գծում դիտորդների թվի ավելացում, միջադեպերի հետաքննական մեխանիզմների ներդրում, ուժի կիրառության բացառում, առաջ շարժվելն իմաստ չունի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ