Լրահոս
Օրվա լրահոսը

Կամո Արեյանը հանձնարարել է խստագույն հսկողություն սահմանել «Սանիթեք»  ընկերության աշխատանքի նկատմամբ՝ բացառելով մայրաքաղաքում աղբի կուտակումները

Օգոստոս 06,2018 17:27

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի  քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, զեկուցվել է, որ չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված նախորդ շաբաթ կազմվել է 7 վարչական արձանագրություն: Պատասխանատուներին հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ շարունակել խիստ հսկողությունը մասնավորապես շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ՝ օրինախախտներին ենթարկելով վարչական պատասխանատվության: Բացի այդ, հանձնարարվել է շարունակել շինարարական ընկերություններին և շինաղբ տեղափոխող ավտոմեքենաների վարորդներին իրազեկել մայրաքաղաքում գործող շինարարական աղբի համար նախատեսված աղբավայրի մասին՝ նրանց ուղղորդելով Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասին հարող նախկին բազալտի հանքավայրի տարածքում ստեղծված և բացառապես շինարարական աղբը թափելու համար նախատեսված աղբավայր:

Վերջին շրջանում  «Սանիթեք» ընկերության աշխատանքը գնահատելով խիստ անբավարար, իսկ աղբահանության գործընթացի կարգավորումը անհետաձգելի, Կամո Արեյանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստագույն հսկողություն սահմանել «Սանիթեք»  ընկերության աշխատանքի նկատմամբ՝ բացառելով մայրաքաղաքում աղբի կուտակումները:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 25 վարչական արձանագրություն: Ոչ բավարար գնահատելով այս ուղղությամբ տարվող աշխատանքների կազմակերպումը` Կամո Արեյանը պատասխանատուներին հանձնարարել է Երևան քաղաքի ոստիկանության հետ համատեղ հետևողական աշխատանք տանել բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ՝ խստագույն հսկողություն սահմանելով հատկապես Հանրապետության և Ազատության հրապարակների, ինչպես նաև Հյուսիսային պողոտայի  նկատմամբ:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքները: Այս մասով Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ շարունակվում է Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարությունը, իսկ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի մրցութային փաթեթի նախապատրաստման աշխատանքներն էլ ամփոփման փուլում են ու առաջիկայում կներկայացվեն Ասիական զարգացման բանկի քննարկմանը: Նոր աղբավայրի կառուցման ծրագրի վերաբերյալ էլ զեկուցվել է, որ  մրցութային փաթեթն ամբողջացվել և ուղարկվել է ՎԶԵԲ-ի հաստատմանը: Բոլոր ուղղություններով հանձնարարվել է շարունակել հսկողությունն ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ:

Զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի 2018 թվականի շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի և տանիքների նորոգման, ինչպես նաև բակային տարածքների, փողոցների ասֆալտապատման և մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքները: Հանձնարարվել է շարունակել դրանց նկատմամբ խիստ հսկողությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով պատշաճ որակի ապահովմանն ու սահմանված ժամկետների պահպանմանը:

Խորհրդակցությանը զեկուցվել է, որ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում շարունակվում են տարածքի բարեկարգումն ու կանաչապատումը: Ընթացքի մեջ են նաև «Զվարթնոց» օդանավակայանից Երևան մտնող ճանապարհահատվածը պատշաճ տեսքի բերելու աշխատանքները, իսկ Մաշտոցի պողոտայի թունելային մուտքի վերանորոգումը հիմնականում ավարտված է, մեկ-երկու օրվա ընթացքում էլ կիրականացվեն թունելի ներկման և լուսատուների փոփոխման աշխատանքները:

Անդրադառնալով կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների՝ «Վեոլյա ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Երևան գազ» ընկերությունների աշխատանքների կազմակերպմանը, Կամո Արեյանը հանձնարարել է շարունակել համակարգերի անխափան շահագործումն ապահովելու ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքն ու նաև արագ վերականգնել այն հատվածները, որտեղ վթարների վերականգնումներով պայմանավորված իրականացվել են քանդման աշխատանքներ:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման, այգիների մաքրման և ծաղկային տարածքների ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Հանձնարարվել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ իրականացնել ծառերի չորացած և մայթերին կախված ճյուղերի մասնակի սանիտարական էտ:

Խորհրդակցության շրջանակում աշխատակազմի հանրակրթության վարչության պետն էլ զեկուցել է, որ շարունակվում է մարզաառողջարանային ճամբարներում երևանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հանգստի կազմակերպումը: Ըստ այդմ, ծրագրի արդեն երրորդ   հերթափոխի շրջանակում ճամբար է մեկնել 426 երեխա: Կամո Արեյանը  հանձնարարել է շարունակական հսկողության տակ պահել երեխաների հանգստի կազմակերպումը, վարչական շրջանների ղեկավարներին էլ առաջարկել է պարբերաբար այցելել երեխաներին՝ տեղում ծանոթանալու հանգստի պայմաններին և նրանց առօրյային:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031