Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հողերի հանձնման խոսակցությունները հատկապես ակտիվացան Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո». Հայկ Մարտիրոսյան

Օգոստոս 06,2018 17:03

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի կարծիքով՝ տարածքների հանձնման հետ կապված քննարկումներն ակտիվացել են հատկապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո:

«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Հայկ Մարտիրոսյանն այս առիթով շեշտեց. «Ես դեմ եմ «տարածքների վերադարձ» արտահայտությանը: Չկա տարածքների վերադարձ, կա հանձնում, դրանք հայկական տարածքներ են: Եթե խոսքը յոթ ազատագրված շրջանների մասին է, դրանք չեն կարող վերադարձվել, այլ միայն հանձնվել, ինչն էլ չպետք է տեղի ունենա»:

Ըստ քաղաքագետի՝ այժմ նկատվում է լուրջ ակտիվություն Արցախի հարցի քննարկումներում. «Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ հիմա, երբ ՀՀ-ում իշխանություն է փոխվել, տեղի է ունեցել հեղափոխություն, այժմ ի՞նչ գործընթացներ են ընթանում: Իրականում սա պետք է կապել հակահեղափոխության գործողությունների հետ: Սա մեծ պատկերի մի մասն է և ունի հստակ ուղղորդման գիծ: Խոսակցությունները հատկապես ակտիվացան Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո: Ինձ վրա եղավ հարձակում բավականին ծիծաղելի մակարդակում, ինչը նույնպես դիտարկում եմ ինձ հայտնի ծիրում, ինձ հայտնի են դրա պատվիրատուները, և դա ես չեմ դիտարկում զուտ անձնական դաշտում, այլ նույն դաշտում»:

Հայկ Մարտիրոսյանը պատմական էքսկուրս կատարեց՝ շեշտելով, որ նշվելիք տեսության գաղափարական հայրը Արա Պապյանն է: Նա, հղում կատարելով Վիլսոնի իրավարար վճռին, նշեց, որ դրա կատարումը պարտադիր է միջազգային հանրության համար, այդ վճռով որոշվում էր ՀՀ տարածքը: Այնուհետև մանրամասնեց. «Այդ վճիռը բեկանման ենթակա չէ: Ազգերի լիգայի խորհրդի հատուկ հանձնաժողովը որոշել է ՀՀ-ի, Վրաստանի, Ադրբեջանի սահմանները, որոնցով ՀՀ սահմանները հասնում են մինչև Քուր գետ և ներառում ներկայիս Արցախի Հանրապետությունը և ազատագրված յոթ շրջաններն ու ավելին: Ունենք երկու կարևորագույն միջազգային փաստաթուղթ, որոնց համաձայն՝ այսօրվա Արցախի Հանրապետությունը ՀՀ-ի մաս է: Ունենք նաև Գերագույն Խորհրդի որոշումը, որով Արցախի տարածքը միացվել է ՀՀ-ին: Դրանից հետո Արցախն իբրև թե հռչակել է անկախություն և իբրև թե դարձել անկախ երկիր: Բայց գործ ունենք Արցախի մի կարգավիճակի հետ, որտեղ ՀՀ-ն անգամ չի ճանաչում անկախությունը»:

Հայկ Մարտիրոսյանն այս առիթով որոշ դիտարկումներ արեց. «Արցախն անկախություն է ստանում ՀՀ-ից, բայց Արցախում ցանկանում են ձևացնել, իբր թե անկախ պետություն են, բայց ՀՀ-ի բյուջեից են սնվում, Հայաստանի զինված ուժերն են պաշտպանում Արցախը, և որևէ մեկին չենք խաբում բացի ինքներս մեզնից: Սա վնասակար է, քանի որ հայտնվել ենք փակուղում: Արցախի անկախության այս տեսությունը Լևոն Տեր-Պետրոսյանի մտքի արգասիքն է, որով իրականում առաջին նախագահն և իր թիմը փորձում էին ազատվել չակերտավոր արցախյան բեռից, քանի որ դիտարկում էին բեռ իրենց համար, քանի որ իրենք սուպերպացիֆիստական ուղղություն են ներկայացնում: Համենայն դեպս, իրենց այդպես են ներկայացնում՝ համաձայն որի՝ խնդիրները պետք է միշտ լուծել զիջումներ անելով: Եվ այստեղից հայ հասարակության մեջ ստեղծվել է մի միտում, որով մենք սկսել ենք մտածել, որ Արցախի անկախությունը կարևոր է, և պարտված թշնամու կողմից Արցախի անկախության ճանաչումը դարձնում ենք սակարկման առարկա: Հայցում ենք իրենից ճանաչում, որի դիմաց պատասխանատու ենք հանձնել թշնամուն մեր ազատագրած պատմական հողերը՝ այդ յոթ շրջանները: Այս քաղաքականությունը շարունակեցին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը»:

Հայկ Մարտիրոսյանի տպավորությամբ ՝ հեղափոխությունից հետո նոր իշխանությունները փորձում են եղած տխուր իրավիճակում լուծում գտնել. «Սատարում եմ ներկա իշխանության արցախյան քաղաքականությանը, որովհետև այն գիծը, որն ընտրվել է Արցախը դարձնել բանակցային կողմ, լավագույնը չէ: Լավագույնը ընդհանրապես այս բանակցային փաթեթի՝ մադրիդյան սկզբունքների փոփոխությունն է, որը փրկություն է: Դա միակ տարբերակն է, որով հայ ժողովուրդը կկարողանա պահպանել վերահսկողություն իր յոթ շրջանների նկատմամբ, որոնք ՀՀ մաս են»:

Կրկին անդրադառնալով այն տեսությանը, որն առաջ է տանում Արա Պապյանը, Հայկ Մարտիրոսյանը նշեց. «Համաձայն այս տեսության՝ Արցախը և ազատագրված տարածքները ՀՀ-ի մասն են և ըստ միջազգային փաստաթղթերի, որոնց մասին Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը չգիտեին կամ նախընտրեցին լռել և ընտրել այլ տարբերակ, հայտնվել են փակուղում: Ինձ համար Արցախի Հանրապետություն գոյություն չունի, ինձ համար գոյություն ունի ՀՀ-ի մաս Արցախի մարզ, որը դե ֆակտո, անգամ իրավաբանորեն ՀՀ-ի մարզ է: Ովքեր խոսում են Արցախի անկախության մասին, կամ տեղյակ չեն միջազգային հարաբերություններին կամ անգիտակցաբար կամ գիտակցաբար փորձում են թուլացնել ՀՀ դիրքերը կամ ելնում են այն ցանկությունից, որ այն, ինչ հորինել է Լևոն Տեր-Պետրոսյանը, օրենք է, և դրան պետք է հետևել»:

Հայկ Մարտիրոսյանը հայտարարեց՝ իր համար գոյություն ունի Արցախ և Արցախի մարզ. «Արցախի իշխանություններն են, որոնք ցանկանում են Արցախի անկախությունը, քանի որ պաշտոն ունեն, իրենց անկախ են երևակայում: Սա մի իրավիճակ է, որը ձեռնտու է այնտեղի ներկա իշխող վերնախավին»:

Ըստ քաղաքագետի, եթե Արցախն ուզում է իրապես անկախ լինել Հայաստանից, Արցախում իրապես գտնում են, որ անկախ պետություն պիտի լինեն և սրտանց հավատում են այդ անկախությանը, ապա միայն այդ պարագայում թող արցախցիներն իրենք պաշտպանեն Արցախը: Հայկ Մարտիրոսյանը մանրամասնեց. «Եթե անկախ պետություն է, ինչո՞ւ պիտի Հայաստանի զինվորները գնան ու զոհվեն ուրիշ, անգամ մարդու բերանն էլ չի պտտվում ասել, ժողովրդի անկախության և ազատության համար: Այստեղ կա երկու հերքում, որը մեկ դրական է տալիս, այսինքն՝ Արցախն անկախ չէ, արցախահայերը հայեր են, թող իրենք գնան պաշտպանեն, թող ՀՀ-ից որևէ մեկը չգնա պաշտպանի, դա նշանակում է, որ այդ արտահայտությունը սխալ է, դա նշանակում է, որ ոչ, մենք պիտի պաշտպանենք, դա մեր հողն է, դա Հայաստան է, բայց նաև պիտի Արցախում որևէ մեկը չսկսի մտածել, որ դա անկախ տարածք է և աստիճանաբար պետք է սկսել հրաժարվել ամբողջ բանակցային փաթեթից և Արցախի ազատության և անկախության մոտեցումից, քանի որ վտանգավոր է հայկական հարցի, Հայաստանի և Արցախի անկախության համար: Դրանով մենք պարտավորվում ենք Արցախի անկախության դիմաց հանձնել Ադրբեջանի յոթ ազատագրված շրջանները»:

Ըստ Հայկ Մարտիրոսյանի՝ մենք որևէ իրավական նորմով չենք կարող պահպանել այդ տարածքները, եթե դրանք չենք ճանաչում՝ ՀՀ-ի տարածք:

Հիշեցնելով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ իրենց հասցեին արված «ոչմիթիզհողական» արտահայտությունը՝ քաղաքագետն ասաց. «Ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը պատիվ արեց մեզ անվանելու դավաճաններ, որոնք կոչվում են ոչմիթիզհողականներ, այո, ես ոչմիթիզհողական եմ, և Արցախն ինձ համար Հայաստան է անվերապահ ու նաև ազատագրված շրջանները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Մինչեվ երբ էնք ձեվացնելու թե մենք չէնք հասկանում տվյալ իրավիճակն:
    Ընդամենն 2 հարց ունենք լուծելու:

    ԼՏՊ հորինել է Արցախի անկախության մասին:Աշխարհում գոյություն չունի մի ազգ որ ունենա 2 պետություն 2 դրոշակ կամ 2 սահմանադրութուն:Որպիսի ՀՀ Հանրապետական կուսակցությունն երկար կյանք ունենար ( որն մենք ապրեցինք 3 նախագահների ժամանակ) իսկ Վազգեն Սարգսյանն ստեղծեց ԵԿՄ-ը որպիսի օգտագործի ցուցարարների դեմ 1996 թ. ինչպե նաեւ Մարտի 1-ը:

    Արցախի առանձին հանրապետություն իրավաբանորեն հնարավոր չէ:Կարող է լինել Արցախի ինքավար մարզ ՀՀ մեջ:

    ՀՀ ճանաչում է Արցախն որպես Հայաստանի մարզ եւ որով հայ ժողովուրդը կկարողանա պահպանել վերահսկողություն իր յոթ շրջանների նկատմամբ եվ ազատագրված հողերն մտնում են ՀՀ տարածքի մեջ:

    Վերջապես պետք է որոշենք

    1.Եթե Արցախն անկախ է մեր զինվորներին ետ էնք քաշում եվ հանում էնք ՀՀ-ի բյուջեից որ սնվում է մինչ այսօր:
    Ձ.Արցախն դառնում է ՀՀ մի մարզ ազատագրված յոթ շրջանների հետ միասին ինչպես 1923թ. հուլիսի 7-ին մարզի տարածքի մի մասում կազմավորվեց Լեռ-նային Ղարաբաղի Ինքնավարությունը (որը հետագայում վերանվանվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) Ադրբեջանի կազմում:

    Այլ ընտրանք չունենք:
    Լավ կլիներ որ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարի ռեֆերենդում Արցախի տարածաշրջանի կամ տեղական նշանակության հարցերի վերաբերյալ հանրաքվեի մասնակիցների քվեարկություն։

    Հանրաքվեի արդյունքում կարող է նաև նոր օրենք ընդունվել։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031