Այսօր տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիները կրկին բողոքի ցույց էին անում՝ կրկին պահանջելով Կույրերի միավորման միջոցներն ի շահ միավորման անդամների ծառայեցնել: Նրանք նաեւ պահանջում էին Կույրերի միավորման ղեկավարության հրաժարականը: Կույրերի միության նախագահն անցյալ շաբաթ արդեն իսկ հրաժարական էր ներկայացրել, այն բանից հետո, երբ միության անդամները բողոքի ցույց արեցին՝ դժգոհելով, որ միության ղեկավարությունը միությանը պատկանող տասնյակ շենք-շինություններ վարձակալությամբ է տալիս, սակայն այդ գումարները չեն գնում միության զարգացմանը: Տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիները միայն միության ղեկավարի հեռացումով չեն բավարարվում: Նրանք այսօր ողջ կազմի հեռացումն են պահանջում:
Միավորման անդամ Արիստակես Մարգարյանն ասաց, որ իրենք հետ չեն կանգնելու իրենց պահանջից, մինչեւ վերջ են գնալու. «Հայաստանի կույրերի միավորման անդամների 1000-ական դրամ նպաստները տարիներով չեն վճարվում, այսինքն՝ այդ գումարները նրանք յուրացրել են»:
Միավորման անդամների խոսքով, միավորման ղեկավարները նոր տեխնոլոգիաներն անտեսում են եւ չեն համակերպվում այն մտքին, որ տեխնոլոգիական հեղաշրջումներ են եղել եւ մի շարք հարցերում աշխատում ու առաջնորդվում են հնագույն մեթոդներով:
Բողոքի ցույցի մասնակիցները քայլերթով գնացին Կույրերի միավորում, որտեղ նրանց դիմավորեց տնօրենի պաշտոնակատարը: Ցուցարարները պահանջեցին նոր ընտրություններ՝ արտահերթ համագումարի միջոցով:
Նախագահի պաշտոնակատար Ֆրոնտ Դանիելյանն ասաց, որ իրենք առաջնորդվում են կանոնադրության պահանջներով. «Ընթացակարգ կա, 600 մարդ ստորագրում է, որ արտահերթ համագումար է պահանջում»: Միության անդամները գնացին դահլիճ՝ ասելով, որ դուրս չեն գալու՝ մինչեւ որ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում չկայացվի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ