Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը քիչ առաջ հրապարակեց նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատավճիռը: Ըստ այդմ, Իշխան Բարսեղյանը մեղավոր ճանաչվեց 2016թ. քաղաքացի Նորիկ Հակոբյանի օգտին դատավճիռ կայացնելու համար նրանից միջնորդի միջոցով հազար ԱՄՆ դոլարի չափով կաշառք պահանջելու եւ ստանալու համար եւ դատապարտվեց 7 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ նա երկար տարիներ աշխատում էր Շենգավիթի նստավայրում որպես դատավոր. նրա լիազորությունները դադարեցվել էին քրեական գործի հարուցման հետեւանքով:
Իսկ մյուս մեղադրյալ՝ փաստաբան Էլզա Զաքարյանը, որն ինքնակամ ներկայացել էր իրավապահ մարմիններին եւ խոստովանական ցուցմունք տվել կաշառքի միջնորդության մասին, եւս մեղավոր ճանաչվեց, սակայն նրա պատիժն ազատազրկման տեսքով չէ. նա կվճարի տուգանք՝ 120 000 դրամի չափով:
Իշխան Բարսեղյանի շահերի պաշտպան Կարեն Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ դատարանի վճիռը բողոքարկելու են վերաքննիչ ատյանում:
Ոստիկանների ուղեկցությամբ հեռանալիս Իշխան Բարսեղյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ դատավճիռը հրապարակելիս դատավոր Վաչե Մարգարյանի ձայնը դողում էր ու մեկընդմեջ խզվում:
https://www.facebook.com/aravot.am/videos/2120112051340632/ ;
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հարգելի Լուիզա Սուքիասյան, շնորհակալություն տեղեկատվության համար ։ Շարունակեք լուսաբանել հանրությանը այդ բացահայտված կաշառակեր “վայ” փաստաբանների աշխատաոճը։ Մի այդպիսի փաստաբանի օրինակ
էլ ես ունեմ ,որը պիտի պատժվի։ Դեռ սպասում եմ ․․․