Ermenihaber.am. Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը հրապարակել է տարբեր էթնիկ և կրոնական խմբերի դեմ թուրքական մամուլում ատելության դրսևորումների վերլուծությանը նվիրված իր հերթական զեկույցը։
Ըստ այդմ՝ 2018թ․ հունվար – ապրիլ ամիսներին թուրքական մամուլում 76 տարբեր խմբերի նկատմամբ ատելություն ու թշնամանք պարունակող 3076 հայտարարություն է արձանագրվել։
Նշված ժամանակահատվածում հրապարակվել է էթնիկ և կրոնական խմբերին թիրախավորող 2265 հոդված և լուր։
Թուրքական լրատվամիջոցների թիրախում ամենից հաճախ հայտնվել են հայերը, հույները, հրեաները։
Նշված չորս ամիսների ընթացքում թուրքական մամուլում հայերը հիմնականում
– Թիրախավորվել են հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ հրապարակումներում,
– Պիտակավորվել են որպես բռնությունների հակված էթնիկ խումբ,
– Մեղադրվել են Թուրքիայի համար «թշնամի» հռչակված խմբերին կամ անհատներին թիկունքից աջակցություն ցուցաբերելու մեջ,
– Հայկական ԱՍԱԼԱ-ն հիշատակվել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK – ՔԲԿ) հետ համատեղ՝ որպես ահաբեկչության աղբյուր։