Ռուսաստանի Դաշնային Մաքսային Ծառայության պաշտոնական լրատվամիջոց հանդիսացող «Տամոժնյա» ամսագիրը որոշում է 2015 թվականի հունվարյան համարում հարցազրույց տպագրել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի հետ` Հայաստանի ԵՏՄ մուտք գործելու կապակցությամբ:
Ամսագրի խմբագրությունը 2014-ի դեկտեմբերի 1-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն ուղարկված պաշտոնական նամակում ներկայացնում է դեսպանին ուղղված երկու հարց: Մի քանի օր անց մամուլի ծառայությունից ամսագրի լրագրողը ստանում է ոչ պաշտոնական պատասխան այն բովանդակությամբ, որ ներկայացված հարցերը չափազանց հետաքրքիր և ակտուալ են, ավելին՝ դրանց թիվը կարելի է ընդլայնել, ինչից հետո մամուլի ծառայությունը կորոշակիացնի և կհայտնի հարցազրույցի անցկացման ժամկետը: Ամսագրի խմբագրի կողմից ստորագրված երկրորդ պաշտոնական նամակը՝ լրացված հարցերով, լրագրողը դեսպանության մամուլի ծառայություն է ուղարկում 2014-ի դեկտեմբերի 4–ին: Այդ օրվանից անցել է երեք տարի և ութ ամիս, սակայն «Տամոժնյա» ամսագրի լրագրողը այդպես էլ դեսպանության մամուլի ծառայությունից չի ստացել պատասխան իր հարցմանը, հետևաբար դեսպան Օլեգ Եսայանի հետ հարցազրույց չի հրապարակվել տպագիր այդ օրգանում: Օրինակներից այս մեկը ներկայացվում է բացառապես այն պատճառով, որպեսզի պարզ դառնա՝ խնդիրը, որը ծագել է դեսպանության մամուլի ծառայություն և մեր միջև՝ նոր չէ, անհատական բնույթ չի կրում և, հանդիսանում է աշխատաոճ:
Չեմ կարող ասել, թե ինչ ի նկատի ունի հարգարժան մամուլի ծառայությունը տեղեկատվության տրամադրման «հաշվետու ժամանակահատված» ասելով (ես խնդրել էի ներկայացնել 2018 թվականի միջոցառումների ցանկը մինչև հունիս ամիսը ներառյալ), սակայն, կցանկանայի հիշեցնել, որ ըստ օրենքով սահմանված կարգի, հարցում ստացած գերատեսչությունը պարտավոր է տեղեկատվությունը տրամադրել հինգօրյա ժամկետում՝ բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության, որի համար սահմանված է 30 օր և այդ պարագայում անհրաժեշտ է հայտնել տեղեկություն տրամադրելու վերջնական ժամկետի մասին: Իսկ որպես վերջնաժամկետ դեսպանության մամուլի ծառայությունը մեզ ուղարկված ոչ պաշտոնական նամակում նշել է «հետագայում» ձևակերպումը: Ի դեպ, մենք, այդպես էլ, դեռ պատասխան չենք ստացել դեսպանության մամուլի ծառայությունից:
Նկատի ունենալով մեկ զարմանալի իրողություն ևս, երբ յոթ տարի շարունակ հնարավոր չի լինում վերացնել գերատեսչության կայքի տեխնիկական թերությունը՝ այն «ժամանակի պահանջներից ելնելով» տեղեկատվությամբ հագեցնելու համար, ինչը ես համարում եմ լուրջ բացթողում (մամուլի ծառայության պատասխան հրապարակման մեջ նշված է, որ «Իրադարձություններ» ասված բաժինը կայքի գործարկումից ի վեր տեխնիկական խնդիրների պատճառով չի ակտիվացվել), կամա թե ակամա հանգում ենք եզրակացության, որ ստեղծված իրավիճակը, ինչը, ըստ իս, գերատեսչության միջին օղակներում առկա ակնհայտ կադրային քաղցի հետևանք է, շտկել հնարավոր չէ միայն դեսպանների փոփոխությամբ, քանզի մոտ մեկ ու կես տարի առաջ էր, երբ փոխվեց Ռուսաստանում ՀՀ դեսպանը, սակայն, օրինակ, նույն մամուլի ծառայությունը կամ նույն մշակույթի բաժինը աշխատում են այնպես, ինչպես աշխատում էին տարիներ շարունակ: Միով բանիվ, իմ կարծիքով, ոչ թե ժամացույցն է պետք փոխել, այլ ժամացույցի մեխանիզմը:
Ինչ վերաբերվում է իմ կողմից միջոցառումների լուսաբանմանը: 2010 թվականին Յուրի Նավոյանի ջանքերով և իմ համեստ մասնակցությամբ Մոսկվայում իրականացվեց իր տեսակի մեջ յուրօրինակ մի հեռուստանախագիծ՝ «Ռուսահայերի ձայնը», որը եթեր էր հեռարձակվում Երկիր Մեդիա հեռուստաընկերությամբ: Իր չորս տարվա գոյության ընթացքում հաղորդաշարը պատրաստեց մոտ 55 թողարկում, որոնցում լրագրող Նաիրա Բաղդասարյանիս կողմից լուսաբանվել են անխտիր բոլոր մոսկովյան միջոցառումները, որոնք տեղի էին ունենում համայնքում, այդ թվում նաև ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվածները: Այդ հաղորդաշարի շրջանակներում ես պատիվ եմ ունեցել նաև բացառիկ հարցազրույց անցկացնել ՌԴ դեսպան Օլեգ Եսայանի հետ՝ անդրադառնալով այն բոլոր խնդիրներին, որոնք առկա են ռուսահայ համայնքի կյանքում: Հաղորդաշարի շրջանակներում մենք ներկայացնում էինք նաև քաղաքական-վերլուծական բնույթի հարցազրույցներ՝ ռուսաստանյան հեղինակավոր վերլուծաբանների մասնակցությամբ, ներկա էինք լինում Ռուսաստանի ԱԳՆ ամենշաբաթյա մամուլի բրիֆինգներին և ուղղում մեզ հետաքրքրող հարցերը:
Հետագայում, ինքս Ռուսաստանում գրանցել եմ հայկական ուղղվածության առցանց լրատվամիջոց և մենք պարբերաբար անդրադարձել և անդրադառնում ենք համայնքային կյանքի անցուդարձին, այդ թվում նաև դեսպանության միջոցառումներին, եթե, իհարկե, հրավիրված ենք լինում դրանց լուսաբանմանը: Բայց պատահում է նաև այնպես, որ առանց հիմնավոր բացատրության, ուղղակի չենք հրավիրվում որոշ առիթների, ինչպես, օրինակ, ՀՀ անկախության օրվան նվիրված պաշտոնական ընդունելությանը, որտեղ մեզ այդպես էլ չհավատարմագրեցին, կամ ՌԴ-ում Հայաստանի մշակույթի օրերի պաշտոնական բացմանը, և կամ Մարշալ Բաղրամյանի կիսանդրու տեղադրման պաշտոնական արարողությանը, որը լուսաբանելու համար մենք ստիպված եղանք հրավեր և հավատարմագրում խնդրել Մոսկվայի Հաղթանակի Թանգարանի մամլո ծառայությունից:
Ի դեպ, մեր լրատվամիջոցի կողմից է նկարահանվել նաև «Հայկական Հետքը Մոսկվայում» վավերագրական ֆիլմաշարը և մի քանի տարի առաջ, երբ այդ ֆիլմաշարի շրջանակներում, մենք պատրաստվում էինք նկարահանել Լազարյանների հայտնի առանձնատունը Մոսկվայում, որտեղ այսօր տեղակայված է ՀՀ դեսպանատունը, մեզնից պահանջվեց երեք ամիս ժամանակ, դեսպանատուն ուղարկված երեք անպատասխան մնացած պաշտոնական նամակ և երեք անձնական զանգ երեք համապատասխան մարդկանց՝ այդ շենքը, ի վերջո, ներսից նկարելու համար: Մինչ այդ, մենք ընդամենը մեկական, շատ արագ պատասխան ստացած պաշտոնական նամակի հիման վրա նկարահանումներ էինք անցկացրել Ռուսաստանի մշակույթի նախարարությունում, Սանկտ-Պետերբուրգի սպորտի վարչության շենքում, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Աֆրիկայի ինստիտուտում, Կարմիր հրապարակում գտնվող Վասիլի Երանելու թանգարան-տաճարում և այդպես շարունակ:
Ավարտելով միտքս, արդարության համար նշեմ, որ դեսպան Վարդան Տողանյանի նախաձեռնությամբ այսօր թանգարանի է վերածվել Լազարյանների առանձնատան այն հատվածը, որտեղ տարիներ առաջ մենք ոչ մի կերպ ներթափանցել չէինք կարողանում, իսկ հիմա հետաքրքրվողները անխոչընդոտ կարող են մուտք ունենալ թանգարան և ծանոթանալ լեգենդար տոհմի թողած լեգենդար մշակութային ժառանգության հետ:
Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ