Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով հերթական դատական նիստն էր: Եղիշե Խաչատրյանին 2016թ.-ին Նուբարաշենի խճուղում դիտավորությամբ հարվածներ հասցնելով կյանքից զրկելու համար մեղադրվում են երիտասարդներ Յուրի Հակոբյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Արտաշես Չիչոյանը, Արթուր Զաքարյանը:
Այսօր որպես վկա ցուցմունք տվեց միջադեպի վայրի մոտ գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի աշխատակիցներից մեկը՝ Ավետիս Բոյախչյանը: Նա դատարանին հայտնեց, որ մեղադրյալներից «դեմքով» ճանաչում է միայն Արտաշես Չիչոյանին եւ Արարատ Նիկողոսյանին, քանի որ վերջիններս իրենց կենտրոն մեքենա են բերել՝ նորոգելու: Նրանց հետ անձնական ծանոթություն վկան չունի:
«Ձայներ լսեցի, դուրս եկա տեսնեմ՝ ի՞նչ է եղել: Գոռում էին՝ հելե՜ք, օգնեք, բաժանեք…ասում էին՝ դուրսը կռիվ է, վիճաբանում են…Երբ դուրս եկա, ամեն ինչ արդեն հանդարտվել էր: Տեսել եմ միայն մահացածի ավտոն՝ «Ֆորդը»,-դեպքը ներկայացրեց վկան:
Ավետիս Բոյախչյանի խոսքով՝ ինքը դեպքի վայրին շատ չի մոտեցել. «Խուսափում եմ այդպիսի բաներից…հետ գնացի տեխսպասարկման կենտրոն, գործս ավարտեցի ու գնացի տուն: Գիտեմ, որ շտապօգնություն էր կանչվել: Նաեւ լացի ձայներ ու բղավոցներ եմ լսել»:
Այս գործով եւս մի քանի վկա պետք է հարցաքննվի:
Հիշեցնենք՝ երիտասարդներն իրենց մեղավոր չեն ճանաչում, իսկ մահացած Եղիշե Խաչատրյանի մայր Էմմա Աբրահամյանը պնդում է՝ որդին արգելակել է եւ այդ կերպ խուսափել տղաներից մեկի մեքենային բախվելուց, սակայն վիճաբանության ժամանակ երիտասարդները ծեծելով սպանել են Եղիշե Խաչատրյանին:
https://www.facebook.com/aravot.am/videos/2119940374691133/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ