Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Քոչարյանը եկավ Հայաստան, ջահել, համեստ հագուստով երիտասարդ էր, հետո սկսեց հարստություն դիզել, իսկ կենտրոնի բնակիչները մնացին անտուն». Սեդրակ Բաղդասարյան

Օգոստոս 06,2018 14:11

«Եթե 1999-ին կանխվեր Ռոբերտ Քոչարյանի՝ Սահմանադրությունը ոտնահարելու, խախտելու փաստը, չէր լինի ո՛չ Երևանի բնակիչների տեղահանումը, ո՛չ 2008-ի դեպքերը»,- «Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:

Նա հիշեց այն, որ Ռոբերտ Քոչարյանը, դառնալով ՀՀ վարչապետ, մեկ-մեկուկես տարի հետ դարձավ նախագահ, մինչդեռ ՀՀ սահմանադրությունը թույլ չի տալիս անձին լինել նախագահ, եթե չունենա  ՀՀ 10 տարվա գրանցում. «Սա Ռոբերտ Քոչարյանի կողմից Սահմանադրության խախտման առաջին փորձն էր, ինչը նրա դուրն եկավ, և դա կրեց շարունակական բնույթ: Դրանից հետո տեղի ունեցավ քաղաքացիների սեփականության օտարման գործընթացը, հետո 2008-ի հայտնի դեպքերը»:

Սեդրակ Բաղդասարյանի համար ցավալի է այն, որ ՀՀ երկրորդ նախագահն իր պաշտոնավարման ժամանակ բազմիցս եղել է ողբերգական դեպքերի կիզակետում. «Էլ չեմ խոսում հոկտեմբերի 27-ի մասին: Այսպիսի ատելություն սեփական ժողովրդի նկատմամբ. Հյուսիսային պողոտայի բնակիչներին, երբ հանում էին իրենց տներից, տեղի ունեցան մահեր, իրավապահները պիտի սրան էլ անդրադառնան: 2000-ին Ռոբերտ Քոչարյանն այցելել էր քաղաքապետ Ալբերտ Բազեյանին, այդ ժամանակ նա հայտարարեց՝ փողի վրա նստած, փո՞ղ ես ուզում: Այդ ժամանակ որոշվել էր, որ կենտրոնի բնակիչների սեփականությունը պիտի օտարվեր: Նախագահը ցանկություն է հայտնում, տեսնում է, որ քաղաքի կենտրոնում մարդիկ են ապրում, երևի ինքն էլ է ուզում ապրել կամ ունենալ բիզնես: Այդ ինչպե՞ս եղավ, որ Հյուսիսային պողոտա 3 հասցեում Ստեֆանո Ռիչիի տարածքը դարձավ Քոչարյանինը, այն դեպքում, երբ որոշում կայացվեց Կենտրոնի բնակիչներին օտարել»:

Սեդրակ Բաղդասարյանը պատմեց, որ «Օտարում» ֆիլն ուղարկել է հեռուստաընկերություններին, բայց չեն ցուցադրում: Այնուհետև պատմեց, որ այդ ֆիլմում երևում է, թե ինչպիսի վայրագությամբ ու ծեծելով էին մարդկանց հանում իրենց տներից: Նա պատմեց, որ Բուզանդի փողոցի վրա էլ մի դեպք է գրանցվել, երբ կնոջն իր բարուրի երեխայի հետ տնից հանել են:

Սեդրակ Բաղդասարյանը հավաստիացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ անգամներ է խախտել սահմանադրությունը, ինչի պատճառով վնաս է կրել ՀՀ-ն. «Դեռևս 2006-ին ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչեց կառավարության որոշումները հակասահմանադրական: Բոլոր այդ որոշումները վավերացրել է անձամբ Ռոբերտ Քոչարյանը: 2009-ին եվրոպական դատարանն իր հերթին նույնպես ճանաչեց քաղաքացիների իրավունքների ոտնահարումը, դրանով Քոչարյանը մեծ վնաս հասցրեց ՀՀ միջազգային վարկանիշին: Եվրոպական դատարանի վճիռների հիման վրա սկսած 2009-ից ՀՀ-ն բյուջեից պարտավորված է եղել վճարումներ կատարել: Այդ գումարները հասնում են մոտ 700 հազար եվրոյի, որոնք դեռ շարունակելու են աճել: Սա հետևանքն է այն հակասահմանադրական, հանցավոր գործունեության, որն իրականացրել է երկրի նախագահը՝ ոտնահարելով սեփականության իրավունքը, մեծ վնաս հասցնելով ՀՀ վարկանիշին այն առումով, որ օտարերկրյա քաղաքացիները ցանկություն չհայտնեցին գալ ու ներդրումներ անել»:

Սեդրակ Բաղդասարյանը հիշեց, երբ Քոչարյանը եկավ Հայաստան, ջահել համեստ հագուստով երիտասարդ էր, բայց նա 2000-ից ձեռնամուխ եղավ միայն իր հարստության ավելացմանը: Սեդրակ Բաղդասարյանը հարցնում է՝ ո՞նց եղավ, որ կենտրոնի բնակիչները մնացին անտուն, իսկ մի քանի տարվա ընթացքում Քոչարյանը մի քանի հազար անգամ դիզեց իր հարստությունը:

Այս առիթով նա հայտնեց, որ առաջարկ է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ստեղծվի պետական կարիքներից տուժած քաղաքացիների հիմնադրամ և ապօրինի հարստացած Քոչարյանի ու նրան սպասարկող անձանց գույքն աճուրդով վաճառվի, ուղարկվի հիմնադրամ, որից տուժած քաղաքացիներին կտրվի արդարացի փոխհատուցում, մնացած գումարը կգնա բյուջե:

Ամփոփելով՝ Սեդրակ Բաղդասարյանը հայտարարեց. «Ռոբերտ Քոչարյանը պատասխանատվություն պիտի կրի ոչ միայն մարտի 1-ի դեպքերի համար, այլ Երևանի կենտրոնի հազարավոր բնակիչների նկատմամբ կայացրած հանցագործության և սահմանադրական կարգի տապալման համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031