Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է ԵԿՄ-ն Ռոբերտ Քոչարյանին նախագահ «նշանակել»

Օգոստոս 06,2018 14:30

Հովհաննես Հարությունյանը` քսանամյա վաղեմության եւ ներկայիս իրադարձությունների մասին

ԵԿՄ Արաբկիրի տարածքային կառույցի նախկին նախագահ, «Արաբկիր» ջոկատի հրամանատար, «Մարտի 1»-ի գործով դատապարտված Հովհաննես Հարությունյանն ընդունում է տարբեր առիթներով Երկրապահ կամավորականների միությանն ուղղված մեղադրանքը, որ բոլոր ընտրություններում երկրապահները եղել են իշխանության կողքին:

«Այո՛, 1998 թվականի ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի չէր կարող հաղթել Կարեն Դեմիրճյանին: Այո՛, ԵԿՄ-ն խառնվել է, այո՛, կեղծիքներ են արվել, անասելի կեղծիքներ, եղել են բազմահազարանոց լցոնումներ, որոնց համար գոնե մենք՝ «Արաբկիր» ջոկատի տղաները, որակել ենք մեր արարքը իբրեւ սրիկայություն, ասել ենք, որ լավ բան չենք արել»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Հովհաննես Հարությունյանը:

Մեր զրուցակիցը մանրամասնեց նաեւ, թե ինչո՞ւ են գնացել այդ քայլին. «Վարչապետ Արմեն Սարգսյանը գնացել էր, Վազգեն Սարգսյանն էլ մեզ բացատրում էր, որ այլ ելք չունենք: Նախ՝ ասեմ, որ Արմեն Սարգսյանին հրավիրել էին այն պատճառով, որ նա վարկաբեկված անձ չէր, Հայաստանում չուներ, այսպես ասած, հենարան եւ չէր կարող ինչ-ինչ բաներով զբաղվել: Ես Վազգեն Սարգսյանին ասել եմ, եւ ոչ միայն ես եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանին Հայաստան բերելը սխալ է: Մտածում էինք, որ նախ՝ այդպիսով Արցախում ենք մեր դիրքերն ենք թուլացնում: Նաեւ Վազգենին ասել եմ, որ եթե որեւիցե ղարաբաղցի եկավ Հայաստան` իշխանության, նրա հետեւից շատերն են գալու: Եվ դա միայն ես չէի ասում, ասել է նաեւ ղարաբաղցի Սարո Սարդարյանը: Սարոն մեր ջոկատից էր: Սպանեցին… Իսկ Վազգենը Սարոյին շատ էր հավանում եւ շատ էր ընդունում: Սարոն միշտ ասում էր` եթե թույլ տվեցիք որեւէ ղարաբաղցի մտնի Հայաստան, դուք լինելու եք Ղարաբաղը դատարկելու պատճառը»:

Հովհաննես Հարությունյանը հիշում է` Վազգեն Սարգսյանն իրեն հակադարձել է նրանով, որ Ղարաբաղից բողոքներ կան, որ իբր Հայաստանում իրենց չեն ընդունում, «լավ չեն նայում» իրենց եւ այլն: Վազգեն Սարգսյանն էլ ասել է, որ Ռոբերտ Քոչարյանին ՀՀ վարչապետ բերելով` նաեւ այդ ամենին վերջ կդնենք. «Կասենք՝ վարչապետը ձեր ղարաբաղցին է, բողոք ունեք` իրեն արեք»:
Իսկ Ղարաբաղից հնչող դժգոհությունների մասին էլ մեր զրուցակիցը հիշում է, որ 1989-ին Հադրութի շրջանի Կարմրաքար գյուղում մի հավաքի ժամանակ Ղարաբաղի ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանն այսպիսի արտահայտություն է արել. «Տղերք, հայաստանցիք մեզի յեշում են խորթ եղբոր պես, թա եղունգ ունենք, կիլոխներս քորենք»: Հովհաննես Հարությունյանը բարկացել է: Իսկ Արթուր Մկրտչյանն այսպես է պարզաբանել իր միտքը. «Դե ասում եմ, որ հույսները չդնեն միայն Հայաստանից եկողների վրա, որ ավելի համախումբ լինեն»:

«Բերեցինք Ռոբերտին, բոլորս համախմբված գնացել ենք ընտրությունների ու նրան նշանակեցինք ՀՀ նախագահ: Հայաստանը մեկ անգամ է ունեցել ընտրված նախագահ` 1991-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ու քանի այս համակարգն է, որ նախագահին նշանակում են, այլեւս ընտրված նախագահ չենք ունենա: Ռոբերտ Քոչարյանին մենք ընտրել ենք կեղծիքներով, նա էլ Հայաստանը դիտարկել է որպես խոպան. դա ապացուցում է իր այսօրվա միլիարդատեր վիճակը: Տասը տարի կառավարել է, էս երկիրը տակից-վրա քանդել է, իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին, նույնն արել է նա: Երկրորդ անգամ էլ են նշանակել Ռոբերտ Քոչարյանին: Իսկ Սերժն ընդհանրապես չի ընտրվել, Ռոբին կարող է ժողովրդի մի փոքր մաս ընտրել է, բայց Սերժին դա էլ չի եղել»,- ասում է Հովհաննես Հարությունյանը:

«Առավոտի» դիտարկմանը, որ ինքը խոսում է Ռոբերտ Քոչարյանի կողմից իրականացված թալանի մասին, բայց վերջինիս տնտեսական հանցագործությունների մեղադրանք չի առաջադրվել, մեր զրուցակիցը հակադարձեց, որ անգամ չի էլ կասկածում` դա էլ կառաջադրվի:

Նկատեցինք նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանի ընտրությունները կեղծելու մասով բավական պատասխանատու հայտարարություններ է անում, եւ հետաքրքրվեցինք` չի՞ կարծում, որ ճշմարտության կծիկը պետք է հասնի այդ օրերի իրադարձություններ: «Եթե մենք մեկ անգամ հետ չգնանք, չընդունենք մեր արած բոլոր սխալները, դրանցից հետեւություններ չանենք, առաջ չենք գնալու: Մինչեւ հանցագործը չպատժվի, մինչեւ երկրի բնակիչը չհասկանա, որ ամենալավ հոպարն ու քեռին օրենքն է, որ դու պետք է դիմես հոպար օրենքին, մենք առաջ չենք գնա: Այլապես մենք կրկին ու կրկին դատապարտված ենք լինելու: Գնանք հետ, ուղղենք մեր սխալները. ով ինչ թալանել է` թող բերի հանձնի իր ժողովրդին, դրա համար նրան չեն պատժի, կասեն` կեցցես: Բավական է, էլի, մարդն իրեն մեղադրելու փոխարեն՝ մեղավորներ է ման գալիս: Էդ որ թալանում էին, կոտորում-ջարդում-բռնաբարում էին, հիմա ասում ենք՝ ինչի էիք էդպես անում, ասում են` ինչի՞ ես գոռում: Վերջին հաշվով` ո՞վ պիտի պատասխան տա»:

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին ՌԴ ԱԳ նախարարի դիտարկումներին Հայաստանից հնչող արձագանքները Հովհաննես Հարությունյանին շատ են դուր եկել. «Ասացին, որ նա չի տիրապետում Հայաստանի իրավիճակին, ինչպես չէր տիրապետում Սերժիկը: Ասեցին, որ սա նոր իրավիճակ է եւ նոր Հայաստան է, եւ ռուսը պետք է հասկանա, որ քիթը չպետք է մտցնի այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա»:

Բոլոր հայտարարություններին, որ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում խոստացել էր` նախկին իշխանություններին քաղաքական հետապնդումների չի ենթարկելու, Հովհաննես Հարությունյանը հակադարձում է. «Նրանք քաղաքականությունը խախտել են եւ ամեն ինչ արել են, որ պահեն իրենց իշխանությունը, արդյունքն էլ եղել է Մարտի 1-ը: Ուստի այլ բան չէր մնում անել, քան նրան կալանավորելը: Ռուսը կբողոքի, ամերիկացին կամ չգիտեմ ով՝ կբողոքի, թող գնան իրենց տներում իրենց կարգերի եւ բարքերի համար բողոքեն: Որեւէ մեկն իրավունք չունի մեր տան գործերին խառնվելու: Եկել է մի մարդ, ով ուզում է մաքրել երկիրը: Միշտ էլ ավելն անցանկալի հյուր է եղել աղբի համար»:

Նաեւ հավելում է. «Մեղավոր չի` Աստված իր հետ, կհամբուրենք` կդնենք գլխներիս: Դու, որ հանիրավի նստեցնում էիր շատերին, չէի՞ր մտածում, հիմա էլ դու նստի մի քիչ` ոչ հանիրավի»:

Իսկ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առիթով Ղարաբաղից հնչած քննադատություններին էլ արձագանքում է` ինքը երբեք չի բաժանել` ղարաբաղցի-հայաստանցի:

Հիշեցնում է Վազգեն Սարգսյանի խոսքերը. «Վախեցեք նրանից, որ մի օր Ղարաբաղից կգան 200 հազար հոգի` սոված, զինված»: Ասում է. «Այո, մենք միշտ դրանից վախեցել ենք եւ երբեք չենք ասել՝ ղարաբաղցի-հայաստանցի: Էդ իրենք են ասում»:

Զարմանում-զայրանում է՝ ինչո՞ւ Ղարաբաղից որեւէ մեկը չի ասում, որ, այո, հանցագործություն է կատարվել, պետք է կատարողները պատժվեն, որ ճիշտ է անում Նիկոլ Փաշինյանը, որ ցանկանում է Արցախին վերադարձնել բանակցությունների սեղան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ օրաթերթ»,

04.08.2018

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարեն says:

    94 թ. ից սկսած սոյն հույժ ազգասիրական կառույցը,
    «երկրապահ» հրոսակախումբը, սեփական երկրի ու ժողովրդի գլխին պատուհաս ու մահակ դարձավ : ամեն տեսակի ու կալիբրի թափթփուկ շաղախվելով «գողականաոստիկանաչարչիական» կառույցում սկսեցին «առնետների քեֆը»,
    ընտրություն կեղծել, թալանել կեղեքել ու ժողովրդին ահաբեկել :
    դեռ հարց է իրենց տված օգուտն էր շատ թե՞ վնասը
    իրենց հիմնադրած ֆեոդալական հակաազգային կարգերի հետեւանքները Հայաստանը մինչեւ հիմա զգում է դեռ

  2. Ruben says:

    Այո՛, 1998 թվականի ընտրությունների ժամանակ եթե Վազգեն Սարգսյանն իր «զորքով»՝ ԵԿՄ-ով եւ «Ազգային» «ժողովրդավարական» միության նախագահ Վազգեն Մանուկյանը իր 12.2%- ով կանգնած չլինեին Ռոբերտ Քոչարյանի թիկունքին՝ կհաղթեր Կարեն Դեմիրճյանը:
    1989-ին Հադրութի շրջանում հավաքի ժամանակ Ղարաբաղի ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանի արտահայտությունը՝. «Տղերք, հայաստանցիք մեզի յեշում են խորթ եղբոր պես, թա եղունգ ունենք, կիլոխներս քորենք»՝ տեղին էր եւ ուղղված էր Ղարաբաղ №2 կոմիտեին՝ ՀՀշ-ին: Բոլորը գիտեին, որ Խաչիկ Ստամբոլցյանի «Գթության» ֆոնդը Հայաստան մտնող հումանիտար օգնությունը վաճառում էր սպեկուլյանտներին (ՀՀշ-ի շտաբի մոտի Չեխովի դպրոցը ՀՀշ-ն վերածել էր պահեստի…):
    Արարատցի հայրենասեր մի գործարար Ղարաբաղի ինքնապաշտպանական ջոկատների համար Միջին Ասիայից բեռնարկղով զենք ու զինամթերք էր բերել եւ անշահախնդրորեն տվեց Վազեն Սարգսյանին: Գործարարին Արարատի շրջանի միլիցիան ձերբակալեց, իսկ զենքը Ղարաբաղ չհասավ:
    Հիշում եմ առաջին ջոկատը Կիրանցում (1989), վերջին հանդիպումը Գեւորգի հետ Քաշաթաղի Ղոչազում (տարեվերջ, 1992):
    Ոչ ես կամ, ոչ էլ իմ «զրահապատ ձին»:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031