Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը Հայաստանի թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական զարգացումների վրա բավական լուրջ ազդեցություն ունի, թեեւ դրանք երբեմն այլ անունների տակ են քողարկվում: «Հենարան» մամուլի ակումբում այսօր կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Ըստ բանախոսի, «մարտի 1», իհարկե, եղել է, բոլորը տեսել են, նաեւ`Ռոբերտ Քոչարյանն էր այս իմաստուն իշխանության կողմից բավական ճիշտ ընտրված ֆիգուր եւ այլն: Առհասարակ, այս գործի քրեական գնահատականների հետ ինքը համամիտ է, բայց խնդիրը համարում է գործընթացը մարսելը:
Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը, ըստ նրա, նաեւ Հայաստանում ընդդիմադիր բեւեռ ձեւավորելու գործընթաց կարող է դառնալ: Նկատում է`օրինակ, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերից ոչ մեկը չի ասում, որ ընդդիմադիր է իշխող ուժին, բոլորն ինչ-որ ձեւ մաս են իշխանության:
Ասում է նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանի նման գործիչը չէր կարող չպատկերացնել հետագա զարգացումները, երբ նրան որպես վկա էին կանչում, մանավանդ Միքայել Հարությունյանին առաջադրված մեղադրանքն էլ կար: «Նա երբ վերադառնում էր, նշանակում է, որ երաշխիքներ կային`կամ ներսից, կամ դրսից: Նաեւ, նկատի ունենալով հայաստանյան իրավական դաշտի «գաղտնապահության» մակարդակը, հաստատ ուներ որոշ տեղեկություններ: Նման քայլը կատալիզատորի դեր է խաղում`ընդդիմադիր բեւեռ ձեւավորելու համար`մեսիջներ ուղարկելով տարբեր ուղղություններով: Երբ Քոչարյանը հայտարարում էր` ես պայքարելու էի, դա նշանակում էր, որ ինքը վերադարձել է քաղաքական դաշտ»,- ասաց քաղաքագետը` ուշադրություն հրավիրելով, որ միանգամից եւ ՀՀԿ-ն, եւ ՀՅԴ-ն արձագանքեցին, արձագանքներ՝ ոչ պաշտոնական, եղան նաեւ Արցախից, տեսանք նաեւ հուժկու մեսիջ ՌԴ-ից`ԱԳ նախարար Լավրովի կողմից:
ԱՄՆ պետդեպի հայտարարությունն էլ, բանախոսը չի կարծում, թե իշխանությանը շատ ոգեւորեց. «Բավական զուսպ եւ դիվանագիտական լեզվով նույն բանն էր ասվում»:
Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում Լավրովի այն հայտարարության վրա, որ ՀՀ իշխանությունները խախտում են պայմանավորվածությունները: «Ո՞ւմ հետ են դրանք եղել: Նաեւ հրապարակավ են տարբեր հայտարարություններ արվել»,- հարցնում է Վիգեն Հակոբյանը`հայտարարելով, որ ՌԴ-ն կամաց-կամաց բացում է խաղաքարտերը:
Այլ մանրամասները`տեսանյութում
Ինչ մնում է իրավական գործընթացներին, քաղաքագետը վկայակոչում է իշխանությունների այն հայտարարությունները, որ Բաղրամյան 26-ից չեն զանգում դատավորներին, եւ նկատում, որ միաժամանակ, իշխանական կողմից պատգամավորները երաշխավորություններ են տանում դատարաններ, ՀՔԾ պետն է հայտարարություն անում եւ այլն եւ դատավորները դա ընկալում են իբրեւ ուղերձ:
Իսկ թե ինչո՞ւ մյուս օդիոզ դեմքերին դեռ չի հասնում իշխանության ձեռքը`Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան եւ այլք, քաղեխնոլոգը կրկին մեջբերեց Լավրովին`պայմանավորվածությունների մասով: Համենայնդեպս, Վիգեն Հակոբյանի համար այս հարթությունում դեռ շատ հարցեր կան:
Եթե ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի մասով հեռանկարներն ուրվագծվում են, ապա ԲՀԿ-ն, ըստ բանախոսի, դեռ դադար է պահում, բայց որոշ դեսպանատներից եթե ավելի հստակ ազդակներ լինեն, ԲՀԿ-ն էլ կկողմնորոշվի:
Անդրադառնալով օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին էլ, քաղտեխնոլոգն ասաց, որ հանրահավաքներն աշխարհում նոր քաղաքական ձեւաչափ են`«անսովոր, էքստրավագանտ, միտինգավոր եւ լայֆոտ լիդերների դարաշրջան է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ