Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանա լճում ջրիմուռների ծաղկումը վկայում է Հայաստանի պետական անվտանգությանը սպառնացող վտանգների մասին

Օգոստոս 06,2018 14:00

րկրի վրա հնագույն բակտերային կյանքի հետքերը թվագրված են 3,49 միլիարդ տարի առաջ, և առաջին այդպիսի ֆոտոսինթեզող միկրոջրիմուռները հանդիսանում էին միաբջիջ կապտականաչ ցիանոբակտերիաները, որոնք մորֆոլոգիական կառուցվածքով դասական ջրիմուռներ չեն, քանզի չունեն կորիզ (բջջի կառուցվածք, որը ներառում է ԴՆԹ-ն) և խլորոպլաստներ: Նրանք զգալի կրճատեցին CO2 քանակությունը մթնոլորտում՝ ավելացնելով O2: Թթվածնի մակարդակը հասել էր առավելագույնը 35%-ի, իսկ ապագայում կրճատվել էր մինչև 14%, իսկ ապագայում Կեմբրիան ժամանակահատվածում հասել էր ներկայիս 21%-ին, որը թույլ տվեց բարձրագույն կյանքի ձևերի էվոլյուցիոն արագ զարգացմանը: Էուկառիոտիկ կանաչ ջրիմուռներն առաջացել են ցիանոբակտերիաներից, երբ 2.5-1.0 միլիարդ տարի առաջ O2 մակարդակը մթնոլորտում աճեց մինչև 0.2%-1%: Այդ երկու խմբի միկրոջրիմուռները ներկայումս կազմում են երկրագնդի ընդհանուր կենսազանգվածի 1/3-ը և արտադրում են մթնոլորտային թթվածնի 50%-ը: Մակրոջրիմուռները էվոլյուցիոն, արտաքին տեսքով և կենսաքիմիական կազմով նմանություն ունեն բարձրագույն բույսերի հետ:

Ջրիմուռների ծաղկումը սեզոնային երևույթ է, քանզի պահանջում է ջրի բարձր ջերմաստիճան, և կենսազանգվածի ավելացմանը նպաստում են ջրի որոշ աղտոտիչներ: Սևանում առկա է միկրոջրիմուռ` ցիանոբակտերիայի և մակրոջրիմուռների ծաղկում: Սևանա լիճը Կովկասի ամենամեծ և Եվրասիայի լեռնային խոշորագույն լճերից է: Բոլոր մյուս՝ հարևան Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի մեծ լճերը աղի են: Հետևաբար Սևանա լիճը քաղցրահամ ջրի միակ ռազմավարական պոտենցիալ աղբյուրն է ամբողջ տարածաշրջանում։ Հայաստանում այն ապահովում է խմելու և ոռոգման ջրի 80%-ը: Սևանա լիճը համապատասխանում է Ռամսարի ցուցանիշներին, քանզի նրա ավազանը աջակցում է առնվազն 48 տեսակի ողնաշարավոր և 48 տեսակի բույսերի բազմացմանը: Բոլորիս հիշողության մեջ է, որ հետխորհրդային մութ տարիներին Սևանի սիգը սննդային անվտանգության լուծում հանդիսացավ:

Ցիանոբակտերիաների առաջին ծաղկումը (Անաբենա) գրանցվել է 1964 թ.: Կապտականաչները կարող են արտադրել տոքսիններ՝ պատասխանատու դառնալով ջրի հետ կապված թունավորման ավելացման դեպքերի ինչպես վայրի բնության, այնպես էլ մարդկանց, և լուրջ դժվարություններ ստեղծել ջրի մատակարարների համար: 1998 թ. ԱՄՆ Բնապահպանական գործակալությունը ցիանոբակտերիաները և դրանց տոքսինները ներառել էր աղտոտիչների ցանկում (CCL 3)՝ որպես առաջատարներ։ Նեյրոտոքսինները վնասում են նյարդային համակարգը, հեպատոտոքսինները` լյարդը, ու դերմատոքսինները գրգռում են մաշկը և լորձաթաղանթները: Ցիանոբակտերիաները կարող են հանդիսանալ ալերգիկ ռեակցիաների, գաստրոէնտիտի և նույնիսկ ավելի ծանր հիվանդությունների պատճառ, առաջացնում են շնչառության մկանների կաթված և խթանոմ են ուռուցքի զարգացումը: Հետազոտողները ապացուցեցին, որ ԱՄՆ 81 տարբեր լճերի 20%-ն ունեցել է թունավոր ծաղկման որոշակի հատկանիշներ: ԱՄՆ-ում հաշվարկված էին նյարդային և լյարդի տոքսինների թունավորման տարեկան 900.000 հիվանդություններ և 900-ից ավելի մահացություններ: Բրազիլիայում 75 երիկամի դիալիզի հիվանդներից 26-ը մահացել էր 1 օրվա ընթացքում, երբ դիալիզի համար նախատեսված ջուրը մատակարարվել էր ծաղկած ջրամբարից: Կապտականաչի թունավորման արդյունքում գրանցվել են նաև մահացություն և լյարդի վնասում կովերի, խոզերի, ոչխարների, շների ու թռչունների մոտ: Մարդկանց, անասունների, թռչնաբուծական և ձկնաբուծական տնտեսությունների, անողնաշարավորների վրա, խեցգետինների և ջրային ֆաունայի թունավորումը կարող է տեղի ունենալ ինչպես ծաղկման տոքսինների ազդեցություն կրող ջրի հետ շփման և խմելու միջոցով, այնպես էլ այդպիսի ջրով աճեցված սննդամթերքի կիրառմամբ։ Այդ դեպքերում ռիսկեի չափումը դժվար է, բայց համարվում է, որ դրանք զգալի են: 2001 թ.-ին թունավոր ցիանոբակտերիայի լուրջ ծաղկում էր գրանցվել ԱՄՆ-ի Դիամոնդ լճում, և երկու լողափերը փակվեցին: Այլ դեպքում Դուգլասի շրջանի Առողջապահության և սոցիալական ծառայության դեպարտամենտի աշխատակազմը մշակել էր լճի և հանրային հաղորդակցության մոնիթորինգի ծրագիր և ռազմավարություն: Հասարակությունը զգուշացվել էր սպառնալիքի մասին: Նախնական գնահատականով՝ ԱՄՆ-ի կապտականաչի ուղղակի տարեկան վնասները հանրային առողջության ոլորտում գնահատված են $20 մլն կամ ոլորտի ծախսերի շուրջ 42%-ը, առևտրային ձկնորսության ոլորտում` միջինը $18 մլն, զբոսաշրջության ոլորտում` $7 մլն և մոնիթորինգի համար` $2 մլն: Ամբողջությամբ ԱՄՆ-ի էուտրոֆիցացիայի և քաղցրահամ ջրերի կապտականաչ ծաղկման վնասները գնահատվում են $2.2-4.6 միլիարդ տարեկան:

Ջրիմուռներից ախտահանումը քլորի, ջերմության, մեխանիկական մեթոդներով արդյունավետ չէ, քանզի այդ դեպքերում ջուրը, որը ազատ է բջիջներից, չի մաքրվում և մնում է տոքսիններով աղտոտված: Քիմիական մեթոդներից ամենատարածվածը պղնձի սուլֆատի կիրառումն է։ Բայց այն թունավոր է բենտոտիկ օրգանիզմների համար: Այլ բոլոր օգտագործվող քիմիական նյութերի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա նույնպես լավ փաստագրված է: Փոշիացված և գրանուլար ակտիվացված ածխածինը, նանոֆիլտրացիան, հակառակ օսմոսը, օզոնացումը ու կենսաբանական մեթոդները կարող են արդյունավետ մաքրել տոքսիններից, բայց նրանց օգտագործումը ունի շատ բարձր ինքնարժեք կամ մեծածավալ կիրառելի չի:

Համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության 2017թ. տեղեկագրի՝ Սևանա լճից վերցված փորձանմուշներում (17 դիտակետից՝ 48 փորձանմուշ) սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները (ՍԹԿ) գերազանցել են թթվածնի հնգօրյա կենսաքիմիական պահանջարկը (ԹԿՊ5` 1.2-1.4 անգամ) ու թթվածնի քիմիական պահանջարկը` 1.2-2.0 անգամ, որոնք վկայում են օրգանական նյութերի բարձր պարունակության մասին, ինչպես նաև գերազանցվել էր պղնձի` 1.3-7.3 անգամ, քրոմի` 2.0-3.8, վանադիումի` 5.0-5.9, մագնեզիումի` 1.2 անգամ և սելենի` 5.7-7.0 անգամ:

Սևանում գրանցվում է նաև մակրոջրիմուռների լայն տարածումը: Դրանք չեն արտադրում տոքսիկ նյութեր, բայց միկրոջրիմուռների հետ համատեղ ֆոտոսինթեզի արդյունքում ավելացնում են օրգանական նյութերի՝ առանց այդ էլ նորմը գերազանցող քանակությունը ջրում՝ ստեղծելով ջրիմուռների հետագա ծաղկման ավելացման և լճի ջրի որակի նվազեցման և ճահճացման պայմաններ:

Եզրակացություն

Ուշադրությամբ հետևեցի հեռուստատեսային հաղորդումներին Սևանա լճում ջրիմուռների խնդրի վերաբերյալ: Սևանի ազգային պարկի մեկնաբանությունները ջրիմուռների ծաղկման ազդեցության մասին ուղղակի ոչ պրոֆեսիոնալ էին: Այդքան տարիների ընթացքում առաջին անգամ ՀՀ առողջապահության նախարարությունը բնակչությանը ցիանոբակտերիաների ազդեցության մասին զգուշացրեց, այն էլ՝ ոչ ամբողջական կերպով։ Ամառային ժամանակահատվածում լճի տոքսիկ նյութերի մոնիթորինգ է պահանջվում: Ջրիմուռների լայնածավալ ծաղկումը վկայում է, որ ջրի աղտոտվածության աստիճանը գերազանցել է բնության կողմից (այլ ոչ թե կառավարության) իրական սահմանված նորմերը: Ջրիմուռների ծաղկումից խուսափելու երկարաժամկետ մոտեցումը ջրերի աղտոտումը կանխելն է, այդ թվում՝ նաև պարարտանյութերով, կենդանական թափոններով և այլ աղտոտիչներով: Ակնհայտ է, որ անհրաժեշտ է կատարել այդ աղտոտիչների աղբյուրների վերլուծություն: Սևանում ջրիմուռների ծաղկման ծավալի աճը միայն հետևանք է աղտոտման, որը նախազգուշացում է Հայաստանի պետական անվտանգությանը սպառնացող տնտեսական, սննդի, գյուղատնտեսական, առողջապահական և այլ վտանգների աճի մասին։ Միևնույն ժամանակ այդ ծաղկումը բացահայտեց Սևանի ծրագրերի անարդյունավետությունը, ինչպես նաև ՀՀ բնապահպանության, էկոնոմիկայի, գյուղատնտեսության (սննդի անվտանգություն) և արտակարգ իրավիճակների (ծաղկումը արտակարգ իրավիճակ է) նախարարությունների երկարատև անգործությունը: Հետևաբար Սևանի համար նոր ռազմավարության ստեղծման համար անհրաժեշտ են ոչ միայն մասնակի մեկնաբանություններ, այլև լուրջ քննարկումներ և փորձագիտական եզրակացություններ և գործողության ծրագիր: Այդ խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է ՀՀ կառավարության լուրջ ներդրումը աղտոտման կանխարգելման գործում, ինչը պահանջում է Սևանի պահպանությանն ուղղված ծրագրերի վերանայում և լճի ջրի մակարդակի բարձրացման արդյունավետության վերլուծություն, ինչպես նաև լճում ցանցային ձկնաբուծության նպատակահարմարությունը, ու հաշվի առնելով մարտահրավերի չափը` լճի էկոհամակարգի վերականգնման համար անհապաղ պահանջվում է միջազգային հանրության աջակցությունը։

ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման և ներդրումների ենթահանձնաժողովի նախագահ,

ԵՄ տարբեր ծրագրերի և ԱՊՀ երկրների խորհրդի փորձագետ,

ամերիկյան քիմիական ընկերության ու ամերիկյան արդյունաբերական քիմիայի ընկերության անդամ,

ակադեմիկոս

ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

04.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031