Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարիք չկա այդպես ջղաձգվելու, տղա է, էլի, թող նստի հիմի». Լեւոն Բարսեղյանը՝ Քոչարյանի մասին

Օգոստոս 06,2018 12:55

«Ռոբերտ Քոչարյանին շատ կոնկրետ մեղադրանք է ներկայացվել, ես ուղղակի վստահ եմ, որ նման նախկին պաշտոնյայի նման մեղադրանք ներկայացնելու համար լուրջ նախապատրաստական աշխատանք է եղել: Չէր կարող հենց այնպես էմոցիաների հիման վրա նման մեղադրանք ներկայացնել՝ շատ լավ հասկանալով, թե ինչպիսի դիմադրություն է լինելու, ՀՀԿ-ն իր ամբողջ զինանոցը հանելու է ոտքի, ՀՅԴ-ն, Արցախից աղմուկ էր լինելու, ինչ-որ մի տիկին սկսելու էր բոշայություն անվանել այս ամբողջը: Անպայման սրանք հաշվի առնվել են ու պատշաճ մեղադրանքը ներկայացվել»,- Aravot.am-ի հետ զրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն գնահատականին, որ քաղաքական հետապնդում են իրականացնում իր նկատմամբ՝ այսպես հակադարձեց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ «Ինչպես ասում էր Էդիկ Շարմազանովը, Հայաստանում կա անկախ դատական համակարգ եւ այդ անկախ դատական համակարգը, իրավապահ համակարգն իր պարտականություններն է կատարում: Մի՛ նեղվեք, հարգելիներս, ձեր դրած դատական համակարգն է եւ հեղափոխությունով ընդամենը ավելի ամրապնդվել ու անկախացել է այդ դատական համակարգը: Կարիք չկա այդպես ջղաձգվելու, տղա է, էլի, թող նստի հիմի: Էն մյուսները մարդ չէին հա՞ երեւի, որ գնում նստում էին՝ այն տարբերությամբ, որ ակնհայտորեն կեղծ մեղադրանքներով էին նստում: Իսկ այստեղ մեղադրանքների կեղծության մասին հանրությունը կարծիք չունի, թե դրանք կեղծ են: Շատերը համոզված են, որ երկրի թիվ մեկ պաշտոնյան պիտի լինի պատասխանատու՝ բանակը ցուցարարների վրա բերելու համար կամ խաղաղ ցուցարարներին մարտի 1-ի առավոտյան այդպես վայրենի ձեւով ծեծելու համար: Ինչի՞ ես ծեծել այդ մարդկանց, հանգիստ քնած էին: Տեղյա՞կ չէիր, բա հել ու ասա՝ տեղյակ չէի, ոստիկանությունը կամ այսինչ մարմինը, կամ անհայտ անձինք են ծեծել Ազատության պողոտայում քնածներին: Ինչ ուզում են, թող ասեն, բայց ինձ թվում է, Հայաստանում անհամեմատ անկախ դատական համակարգ է հիմա, քան Ռոբերտի ու Սերժ Սարգսյանի ժամանակ: Իրենց ստեղծած դատական համակարգն է, իրենց նշանակած դատավորներն են, իրենց նշանակած դատախազն է: ՀՔԾ պետն է փոխվել ընդամենը այս ամբողջ շղթայի մեջ»:

Լեւոն Բարսեղյանն էլ իր հարցադրումներն ունի՝ նախկին իշխանություններին. «Օրինակ, թող պատասխանեն, թե ինչու պիտի Ռոբերտ Քոչարյանը հարցաքննված չլիներ դեպքերից հետո այդ շաբաթվա ընթացքում: Ինչո՞ւ պիտի չլիներ, կապ չի՞ ունեցել այդ ամբողջի հետ: Այսինքն, դուք փեշերդ փռում էիք վրան, հիմա հրավիրել են հարցաքննության, մեղադրանք են ներկայացրել, ի՞նչ մի ողբերգական բան կա: Չեն խոշտանգում իրեն այնտեղ, հացը, ջուրը, զուգարանը ժամանակին տալիս են, գրքեր են տալիս, որ կարդա: Թող կարդա, էլի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031