Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը՝ «ներսի» ու «դրսի» թատրոնների մասին

Օգոստոս 06,2018 13:30

– Պարոն Ղազանչյան, միակ, եթե չասենք՝ եզակի ռեժիսորն եք, որը մեծ պահանջարկ է վայելում արտասահմանում: Վերջերս էլ Մակեդոնիայում, ուր ձեր առաջին այցը չէր, իրականացրել եք Արիստոֆանեսի «Լիսիստրատե» կատակերգությունը: Կարելի՞ է ենթադրել, որ այս դեպքում մեծ դերակատարում ունի միության նախագահի Ձեր կարգավիճակը:

– Ձեր բնորոշմամբ՝ իմ կարգավիճակը եթե չլիներ, հավատացնում եմ՝ ավելի լայն կլիներ գործունեությանս արտասահմանյան աշխարհագրությունը: Իսկ առաջին արտագնա ներկայացումը 1990-ականների վերջերին բեմադրել եմ Ռուսաստանում՝ Կոստրոմա քաղաքի Օստրովսկու անվան թատրոնում, հետո Վրաստանում, Բուլղարիայում, Ուկրաինայում… Ի դեպ, առաջին անգամ Մակեդոնիայի «Ստոբի» ամֆիթատրոնում իրականացրել եմ «Ամպեր» ներկայացումը, 2005-ին էլ Կարինե Խոդիկյանի «Երկրորդ կտակը»: Փաստորեն 13 տարի անց էի հրավիրվել Մակեդոնիա: Եթե այսպես հետեւողական եք դրսի աշխատանքիս, ապա նկատած կլինեք, որ այնտեղ մեկնում եմ հիմնականում ամռանն ու ձմռանը, երբ հայաստանյան թատերական կյանքը համեմատաբար պասիվ շրջան է ապրում:

– Մեզանում հայտնի իրողություններ փոխվելուն պես, ավանդաբար անցկացվող որոշ փառատոներ հայտնվեցին «խաղից դուրս» վիճակում…

– Համամիտ եմ, օրինակ՝ շեքսպիրյան միջազգային փառատոնը երեք տարի առաջ դադարեց գործել: Այդ մասին նախարարությունն ինձ չէր տեղեկացրել: Նամակիս ի պատասխան նախարարությունից եկավ գրություն, որ փառատոնի դադարեցման պատճառը մեկն է՝ բյուջեն չի հաստատել Ազգային ժողովը: Այլեւս չշարունակեցի նամակներ գրել, քանի որ հայտնի է, որ բյուջեն ներկայացվում է խորհրդարան ներքեւից: 2016թ. իսկապես շեքսպիրյան հրաշալի փառատոն անցկացրինք (տնօրեն՝ Կարո Բալյան) Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ: Հույս ունեինք, որ 2017-ին էլ բարերարը կշարունակի աջակցությունը, սակայն այն տեղի չունեցավ: Ենթադրում եմ, որ դա կապված էր նախընտրական շրջանի հետ: Հիմա էլ շարունակում եմ հավատալ, այսինքն՝ հավատս չեմ կորցնում, հույս ունեմ, որ կոնկրետ շեքսպիրյան փառատոնը կընդգրկվի պետական ծրագրում: Երկու խոսքով պարզաբանեմ. քանի որ Շեքսպիրը վաղուց ոսկետառ գրված է հայ թատրոնի պատմության մեջ: Այս տարի չկայացավ մնջախաղի փառատոնը: Այս դեպքում էլ համոզված եմ, որ սա ժամանակավոր դադար էր, եւ հաջորդ տարի այն անպայման կկայանա:

– Ոչ միայն ի պաշտոնե, վստահ ենք, որ Դուք հետաքրքրված եք ոչ միայն միության կողմից անցկացվող, այլեւ հայաստանյան այլ փառատոների ճակատագրերով եւս:

– Այո: Օրինակ՝ «Թատերական Լոռին», եթե չեմ սխալվում, հիմնադրվել է մի քանի տասնյակ տարի առաջ մեր միության նախաձեռնությամբ: Հիմա արդեն այն ավելի անկախ մարզային փառատոն է, որին աջակցում է մշակույթի նախարարությունը: Ընդ որում՝ կոնկրետ այս փառատոնի համար պետք է շնորհակալ լինել Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանին, որը մինչ մարզպետ դառնալը Ալավերդու քաղաքապետն էր, իսկ փառատոնի մայրաքաղաքը հենց Ալավերդին է: Ունենք մարզային փառատոներ Սյունիքում, Վայոց ձորում, թատերական օրեր Գորիսում… Օրինակ՝ ավանդական է դարձել Աբովյանում անցկացվող փառատոնը, որի կայացմանը իսկապես խթանում են տեղի իշխանությունները: Այս դեպքում էլ եթե չլիներ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի կամեցողությունը, փառատոնը միանշանակ չէր լինի ավանդական: Կամ Կապանի փառատոնը. այստեղ թատերական կյանքի աշխուժացման գործում մեծ ավանդ ունի նախկին քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Շատ կուզենայի, որ վերջապես բացվեր Գավառի թատրոնի վարագույրը եւ բացվեր փառատոնով եւ այլն, եւ այլն:

– Վերջին շրջանում հաճախակի է SOS հնչեցվում, թե Սփյուռքում հայկական թատրոնները հայտնվել են փակման շեմին: Կային ժամանակներ, որ ասվում էր՝ Սփյուռքի մշակույթը պետք է սնվի Հայաստանից, հաճախակի էինք լսում ԱՄՆ-ի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի (ղեկավար՝ Ժան Նշանյան) կամ Ֆրանսիայում Նարեկ Դուրյանի թատերախմբի մասին…

– Ըստ էության, ձեր նշած երկուսը վաղուց Երեւանում են: Ակտիվ են լիբանանյան թատերախմբերը: Երկար ժամանակ, օրինակ, Բեյրութի Վահրամ Փափազյան թատերախումբը ղեկավարում էր Երվանդ Ղազանչյանը… Տասնամյակների հիանալի պատմություն ունի Լիբանանի Համազգային թատերախումբը, որ ղեկավարում էր լուսահոգի Վարուժան Խտշյանը… Դե հիմա, հասկանալի պատճառով, Սիրիայում, կարճ ասած, ոչինչ չկա, իսկ, օրինակ, Բուենոս Այրեսի Ժորժ Սարգսեան թատերախումբը արդյունավետ գործունեություն է ծավալում: Ակտիվ է Մոսկվայի Սլավա Ստեփանյանի ղեկավարությամբ եւ հայկական եկեղեցուն կից գործող թատերախմբերի աշխատանքը, խնդրում եմ ուշադրություն դարձնել, հիշատակում եմ այն խմբերը, որտեղ տիրում է պրոֆեսիոնալ մտածողություն:

– Վերադառնանք հայաստանյան մշակութային դաշտ. չեն դադարում դժգոհությունները թատրոնների խաղացանկում հայ ժամանակակից հեղինակների գործերի սակավության մասին: Կամ եթե բեմադրում էլ են, դրանք լինում են, ինչպես ասվում է, ոչ հարիր պիեսներ:

– Համաձայն չեմ: Թատրոնների խաղացանկում ընդգրկված են Կարինե Խոդիկյանի, Պերճ Զեյթունցյանի, Սամվել Խալաթյանի, Գուրգեն Խանջյանի գործերը: Նկատենք, որ այս փաստը փոքր երկրի համար մեծ բան է: Իմիջիայլոց, թատերագիտությունը պետք է ծնվի թատրոնում, ինչպես դա եղել է անտիկ ժամանակներում, Շեքսպիրի եւ Մոլիերի ժամանակներում, այդպես եղել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի ստեղծման օրվանից: Հենց այստեղ են կայացել Չեխովն ու Գորկին: Այսինքն՝ թատրոնը կայացրե՞ց իրենց, դրամատուրգներն էլ փաստորեն կայացրին թատրոնը…

– Ինչո՞ւ այդպես չէ մեզ մոտ: 

– Պատճառներից հիմնականը տեղծագործությունների որակն է: Ինձ էլ են շատ պիեսներ ներկայացնում, գրում են մարդիկ, որոնք չգիտեն՝ ինչ է թատրոնը: Միությունը նախաձեռնել է աշնանը անցկացնել մեր Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի վերջին 2-3 տարիների շրջանավարտ ռեժիսորների աշխատանքների ցուցադրություն: Դրանցում հաստատ կան հայ հեղինակների ստեղծագործություններ նույնպես: Բեմադրությունները կներկայացվեն միության դահլիճում, իսկ երիտասարդների կողմից ուսանողական տարիներին արված ոչ ավարտուն ստացված գործերը գուցե ամբողջական տեսք ստանան… Աշնանն էլ առաջին անգամ Երեւան կժամանի Չարլի Չապլինի դստեր՝ Վիկտորիա Թիերե Չապլին թատերախումբը՝ համր «Ղողանջ եւ պատրանք» ներկայացմամբ: Գլխավոր դերում մեծանուն կատակերգուի թոռնուհին է՝ Աուրելիա Թիերե Չապլինը: Նշեմ, որ կայանալիք երկու ներկայացումները թատերարվեստի մեր գործիչները հնարավորություն կունենան դիտելու միության հովանավորությամբ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

04.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարծեմ թե, եվրոպայում թատրոն ասելով, առաջին հերթին հասկացվում է օպերան: Մեզ մոտ, կարծես թե, օպերան և բալետը դուրս են մնում թատրոն հասկացողությունից … Հիանալի է, որ մեզանում զարգացած է հայ ազգային դրամատուրգիան … Բայց, մի պահ փորձեք պատկերացնել, ի՞նչ կլիներ, եթե Հայաստանում գործեր մեկ թատրոն, այն էլ, տարված լինելով եվրոպական դասականներով, չցանկանար հայ հեղինակների գործերը բեմադրեր: Ա՛յ, այսպիսին է, այսօր, հայկական օպերայի վիճակը … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

  2. Մկրտիչ says:

    Երիտասարդ դրամատուրգների տեր կանգնեք, ապագայի մասին մտածեք, ձեր նշած դրամատուրգներն ավաղ չստեղծեցին հզոր գործեր…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031