Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի սոխակը. Լուսինե Աղաջանյան

Օգոստոս 06,2018 13:00

Արցախի բերդաքաղաք Շուշիի մայր տաճարում՝ տասնամյակների գերությունից ազատագրված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում մատուցվող պատարագի ժամանակ, տարիներ առաջ աստվածային մի ձայն էր հնչում խորանի խորքից: «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը փորձում էր հասկանալ՝ մա՞րդ է արդյոք երգում, թե՞ ինչ-որ ձայնագրություն է միացված: Արցախցի ընկերը, տեսնելով Նարեկի զարմացական հայացքը, ասաց. «Տեսնո՞ւմ ես այն աղջնակին, որ ղեկավարում է երգչախումբը, այդ նա է երգում՝ Լուսինե Աղաջանյանը»: Նարեկը, զմայլված լսելով Լուսինեի հրեշտակային ձայնը, պատարագի ավարտին նրան առաջարկում է երգչախումբ ստեղծել և հոգևոր երաժշտություն դասավանդել «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոն հաճախող երեխաներին: Լուսինեն համաձայնում է, և XX դարի սկզբին զարգացած մշակութային կյանքով ապրող, «Կովկասի կոնսերվատորիա» համարվող Շուշիում կրկին հնչում է հոգևոր երգը հայ մանուկների շուրթերից:

Տարիներ անց ամուսնանալով և տեղափոխվելով Երևան՝ Լուսինե Աղաջանյանն իր առաքելությունը շարունակում է նաև մայրաքաղաքում՝ երեխաների հետ աշխատելու, նրանց հոգևոր, ժողովրդական երգին հաղորդակից դարձնելու իր բացառիկ շնորհը կիրառելով «Նարեկացի» արվեստի միության նորաստեղծ «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խմբում՝ որպես գեղարվեստական ղեկավար:

«Լուսամփոփի պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով» խորագիրը կրող վոկալ երաժշտության երեկոն այսպիսի ուշագրավ նախաբանով սկսեց միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը: «Նարեկացի» արվեստի միության բեմից հնչեց Լուսինե Աղաջանյանի աստվածատուր ձայնը՝ համերգային երեկոն մեկնարկելով Ջակոմո Կաչինիի «Ավե Մարիա»-ի անզուգական կատարմամբ:

Չարենցի հերոսուհու նման մեղմ, թափանցիկ, հոգեթով այս աղջիկն իսկական հայտնություն էր հանդիսատեսի համար: Նա երգում էր մեծ ձայնածավալով, ուներ կատարողական բարձր տեխնիկա:
Լուսինե Աղաջանյանը տասներեք տարեկանից երգել է ծննդավայրի՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում: Գերազանցությամբ ավարտել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը, այնուհետ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժինը։

Երեկոյի ընթացքում ներկայացվեց համերգային բացառիկ ծրագիր՝ ընդգրկմամբ Ջակոմո Կաչինիի «Ավե Մարիա», Բարսեղ Կանաչյանի «Օրորոցային», Դանիել Ղազարյանի «Սար դարդեր», Ֆրանց Շուբերտի «Սիլվիա», Francesco Paolo Tosti-ի «Վարդը», Vincenzo Di Chiara-ի «Իսպանուհի», Ռուսական ժողովրդական երգ՝ «Սև ունքեր, սև աչքեր», Պյոտր Բուլախովի «Չեմ ուզում», Ֆեդերիկո Լոնգասի «Ծաղիկ» ստեղծագործությունների, Լուսինե Աղաջանյանի (մեցցո-սոպրանո), Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային երգիչների ծրագրի մեներգիչ Տիգրան Հակոբյանի (տենոր), միջազգային մրցույթների դափնեկիր Նավասարդ Հակոբյանի (բարիտոն) կատարմամբ, նվագակցող` Նատալյա Կապրիելովնա:

Վարդինե Իսահակյան

«Առավոտ» օրաթերթ, 

04.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031