Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ շարունակվում է Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Արթուր Պապինյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին, ժամը 21.30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքին հարակից անտառ տանող ճանապարհին ձեռքերը ոլորելու, մազերից քաշելու եղանակով բռնություն է գործադրել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 36-ամյա Ս. Վ.-ի նկատմամբ եւ վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:
Ա. Պապինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով («Բռնաբարությունը»): Նա 3 ամիս գտնվել է կալանքի տակ, հետո նրա խափանման միջոցը փոխվել է, գրավով ազատ է արձակվել:
Ս. Վ.-ն բնակվում է Մոսկվայում, նախաքննության ավարտից հետո նա մեկնել է Ռուսաստան, Բերդ քաղաքում կայացող դատական նիստերին չի մասնակցում:
Արթուր Պապինյանը օգոստոսի 2-ին Բերդի դատարանի շենքում մեզ հայտնեց, որ վերջերս ինքը համացանցով խաղացել է ռուսական «Պաչիկ» խաղը, որի ժամանակ շիշ է պտտվում, խաղի մասնակիցները կապված շշի դիրքից, իրար համբուրում են : Ա. Պապինյանը խաղի ժամանակ նույն խմբում պատահաբար ընդգրկվել է Ս. Վ.-ի հետ, հետո նրան համացանցում հարցրել, թե արդյոք նա հիշում է իրեն: Ռուս կինն ասել է, որ իրենք խաղի նույն խմբում են: Ա. Պապինյանը նրան հիշեցրել է իրենց վերաբերող, բռնաբարության գործը քննող քննիչի ազգանունը: Դրանից հետո ռուս կինը անհետացել է խաղից:
Ա. Պապինյանն ասաց, որ քրեական այդ գործով իրեն անմեղ է համարում, համաձայն չի լինի իր պայմանական ազատազրկմանը: Նախաքննության ընթացքում նա ինքնախոստովանական ցուցմունք է գրել, հետագայում հրաժարվել դրանից:
Քրեական գործում առկա է նաեւ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:
Այդ գործով դատավարության օգոստոսի 2-ի նիստում քրեական գործով մեղադրող, Տավուշի մարզի դատախազության դատախազ Ներսես Չիլինգարյանը մեղադրական ճառի ավարտին դատարանին միջնորդել է Ա. Պապինյանին մեղավոր ճանաչել բռնաբարության հոդվածով եւ նրան դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման, այդ ժամկետից հանել Ա. Պապինյանի կալանքի մեջ գտնվելու 3 ամիսը եւ նրան դատապարտել 3 տարի, 9 ամիս ժամկետով ազատազրկման:
Դատական հաջորդ նիստում`օգոստոսի 9-ին, պաշտպանական ճառով հանդես կգա Ա. Պապինյանի պաշտպան, փաստաբան Սարգիս Խաչատրյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ