Հռոմում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն ավարտվեց Հայաստանի երեք ոսկե մեդալներով:
Վերջինը մրցագորգ մտավ 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը, որը ամբողջ վեց րոպե հանդես էր գալիս գրոհողի դերում: Մեր գերծանր քաշայինի ակտիվությունը տվեց իր պտուղը: Վստահ հաղթելով իրենից անհամեմատ բարձր հասակ ունեցող ուկրաինացի Յուրի Իձինսկուն՝ Հովհաննեսն արժանիորեն նվաճեց Հին Աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը՝ երրորդ ոսկե մեդալը պարգեւելով Հայաստանին:
Մարզիչներ Ավետիք Վարդանյանի, Արշակ Հայրապետյանի եւ Արմեն Մալխասյանի ղեկավարությամբ ազատ ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականը Իտալիայում ընդհանուր առմամբ նվաճեց երեք ոսկե եւ երկու արծաթե մեդալ եւ ութ մասնակցով զբաղեցրեց թիմային երրորդ տեղը:
Հայաստանի Երիտասարդական հավաքականը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կկատարի օգոստոսի 6-ին, 23:50-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ